2016-09-09 12:23:00

Նորոգուած Խաղադաշտի բացում Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի տարածքում


Սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցաւ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի տարածքում գտնուող խաղադաշտի բացումը: Խաղադաշտը վերանորոգուել եւ արդիականացուել է Երուսաղէմի CARITAS բարեգործական կազմակերպութեան կողմից:

Բացման արարողութիւնը սկսուեց Սրբ. Թարգմանչաց Վարժարանի հանդիսութիւնների սրահում, որտեղ հանդիսավար Յարութ Բաղամեանի բացման խօսքից յետոյ, ներկաներին ողջունեց Վարժարանի տեսուչ Տ. Նորայր Վրդ. Գազազեանը, որից յետոյ բեմ հրաուիրուեց Երուսաղէմի CARITAS բարեգործական կազմակերպութեան տնօրէն Հ. Ռաէդ Աբուսահլիան:

Հ. Աբուսահլիայի խօսքից յետոյ «Բամբ Որոտան» եւ «Աւարայր» երգերի կատրմամբ հանդէս եկան Ժառանգաւոր սաները, որի աւարտին բեմ հրաւիրուեց Երուսաղէմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկեանի ներկայացուցիչ Տ. Սամուէլ Ծ. Վրդ. Աղոյեանը՝ ներկաներին փոխանցելու Պատրիարք Սրբազան Հօր խօսքը:
Ապա բեմ հրաւիրուեց Լատինաց նախկին Պատրիարք Միշէլ Արք. Սաբահը՝ բաժանելու ծրագրի մասնակիցների յուշանուէրները, որի աւարտին ներկաներին իր խօսքը փոխանցեց նաեւ Իսրայէլում Իտալիայի նորանշանակ Հիւպատոսը:

Այնուհետեւ բոլոր ներկաները հրաւիրուեցին խաղադաշտ, որտեղ տեղի ունեցաւ խաղադաշտի բացումը, որին յաջորդեց ֆուտբոլի խաղ: Աւարտին բոլոր ներկաները հրաւիրուեցին մատենադարանի դիմացի բակը՝ հիւրասիրութեան:

Խաղադաշտի նորոգութեան ծրագրին միացել էին աշխարհահռչակ իտալացի եւ այլ օտար մարզիկներ: Նրանք սատարել էին ծրագրին թէ ֆինանսապէս եւ թէ կոչ էին արել մեծահարուստներին՝ նուիրատւութիւն անելու: Խաղադաշը այժմ կրում է «Խաղաղութեան եւ Բարեկամութեան Խաղադաշտ» անունը:
Բացման արարողութեանը ներկայ էին նաեւ Սուրբ Երկրի Կուստոսը, Իսրայէլում Վատիկանի դէսպանը, Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը եւ այլք:








All the contents on this site are copyrighted ©.