2016-09-06 10:16:00

Տեսնել մեծութիւնը՝ պարզութեան մեջ. Մայր Թերեզայի սրբադասման տօնը՝ Սպիտակի տանը։


Մայր Թերեզայի սրբադասումը մեծ տօն է նրա հիմնած միաբանութեան քոյրերի համար: Ամբողջ աշխարհում Գթութեան քոյրերը (Missionaries of Charity) իրենց միաբանական տներում տօնում են այս մեծ պատմական իրադարձութիւնը: Վերջապէս, նրանց աղօթքներն իրենց երանելի պտուղը տուեցին.Սրբազան Քահանայապետն իրենց մայրիկին սուրբ հռչակեց՝ արտայայտելով ողջ Ընդհանրական Եկեղեցու գնահատանքը ոչ միայն Մայր Թերեզայի, այլեւ նրա քոյրերի կատարած գործին:

Սեպտեմբերի 4-ին բոլոր քոյրերը հեռուստակայաններից հետևել են երկար սպասուած սրբադասման արարողութեանը, որից յետոյ բոլոր միաբանական տներում գոհաբանական Սբ. Պատարագ է մատուցուել: Հայաստանում ծառայող Գթութեան քոյրերի Սպիտակի տանը Սբ. Պատարագը և տօնական միջոցառումն այսօր էր, որը Մայր Թերեզայի տօնն է՝ նրա մահուան օրը:

Սբ. Պատարագը, քոյրերի խնդրանքով, մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասեանը՝ համապատարագութեամբ Հ. Եղիա ծ.վ. Քիլաղպեանի՝ Մխիթարեան միաբանութեան մեծաւոր հօր, ով այս օրերին Հայաստանում է, ինչպէս նաև՝ Տ. Նարեկ քհն. Թադևոսեանի ու իմ: Սբ. Պատարագին ներկայ էին նաև Հ. Անտոն ծ.վ. Թոթոնջյանը, Անարատ Յղութեան հայ քոյրերը, Հայկական Կարիտասի աշխատակիցները, բարեգործներ Իտալիայից և, իհարկէ, Մայր Թերեզայի քոյրերը՝ իրենց խնամակալութեան տակ գտնուող և Սպիտակի տանն ապրող երեխաների հետ միասին:

 

Սբ. Պատարագը մատուցուեց հայկական ծէսով, Աւետարանն ընթերցուեց անգլերէն, Սրբազան Հայրը քարոզը տուեց հայերէն, անգլերէն և իտալերէն լեզուներով.

 

«Սիրելի եղբայրներ՛ր,  և քոյրե՛ր, Սրբուհի Թերեզան  առաջինն էր 20-րդ դարասկզբում, որը Սուրբ հռչակուեց անմիջապէս: Այս Սրբուհու կյանգի մէջ կան երկու կէտեր, որոնք յիշեցի: Առաջինը փափագն է այս Սրբուհու, որ ուզում էր դառնալ լոյսը բոլոր այն մարդկանց և անձերի, որոնք դժուարութեան մէջ են և զրկուած են լոյսից:

Եւ նա ասում էր, եթէ ես մի օր Սրբուհի դառնամ, շատ հաւանական է, որ յաճախ բացակայ լինեմ երկնքից, որովհետև միշտ պէտք է վազեմ լոյս տալու նրանց,  որոնք այդ լոյսից զրկուած են:

Սա իր առաքելութեան կէտերից մէկն էր: Իսկ երկրորդը, որը նշեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, այն է, որ Սրբուհի Թերեզան  հակառակ իր կարճ հասակին, իր մեծ հոգով կարողացել է գրաւել ամբողջ աշխարհը: 

Սիրելի հաւատացեալներ, ուզում եմ ասել, որ Մայր Թերեզան շատ պարզ ու խոնարհ էր: Նա ունէր քաջութիւնը` մարդկանց աչքի մէջ նայելու և իրենց ասելու, թէ որքան ոճրագործ է աշխարհը: Նա կարողացաւ աշխարհի մեծամեծների դէմ գնալով և նրանց  աչքերի մէջ նայելով` ասել ճշմարտութիւնը և կանչել նրանց խղճի քննութեան: Ահաւասիկ սա է քրիստոնեայի առաքելութիւնը:

Մայր Թերեզան հրաշքներ չգործեց անմիջական կեանքում, այլ միակ հրաշքը, որ գործեց առաւելագոյնը աղքատներին օգնելն էր: Պարզ օրինակ, պարզ կեանք և սակայն այդ պարզութեան, այդ խոնարհութեան մէջ Աստուած փառաւորեց իրեն: Այսօրեայ խորհրդածութեան կորիզն այս է՝ անել այն պարտականութիւնը, որին մեզանից ամեն մէկը կանչուած է` արդարութեան, խաղաղութեան, բարոյականութեան , բարձրագոյն զգացմունքների և միևնոյն ժամանակ ամենախոնարհ և պարզ կեանքի վկայութեան: Դրա մէջ  է մեծութիւնը, դրա մէջ է գեղեցկութիւնը, դրա մէջ է վկայութիւնը Քրիստոսի, որ մեզ տուեց բոլոր շնորհները, բոլոր առիթները, որպէսզի մենք էլ կարողանանք սրբանալ: Իմ մաղթանքն է, որ մենք կարողանանք առաջանալ Քրիստոսի լոյսով, որ Նա իր հովանի ձեռքը մեզ վրայ պահելով կարողանայ  առաջ տանել  դէպի Աստուած: Ամեն»:

 

Սբ. Պատարագի աւարտին Ռաֆայէլ Սրբազանը Մայր Թերեզայի մասունքով օրհնեց ներկաներին: Ապա քոյրերը բոլորին հրաւիրեցին ներկայ գտնուելու իրենց երեխաների պատրաստած գեղեցիկ թատերական միջոցառմանը:

 

Ամեն օր հնարաւոր չէ ականատես լինել նման տեսարանի. հաշմանդամութիւն ունեցող երեխաները փորձում էին ներկայացնել մի դրուագ՝ Մայր Թերեզայի անձնական գրառումներից, մի պատմութիւն Կալկաթայում հիւանդների, ծերերի, երեխաների հետ Մայր Թերեզայի աշխատանքից: Երեխաների մի մասը հիւանդների դերում էին, մէկը՝ Անահիտ անունով մի ամաչկոտ ու համեստ աղջիկ, ներկայացնում էր Մայր Թերեզային և խնամում միւսներին, մի քանիսն էլ օգնում էին նրան՝ այսպիսով ցոյց տալով սիրոյ ծառայութեան գեղեցիկ մի օրինակ, գթութեան գործեր, որոնց մասին խորհրդածելը, յատկապէս այս Ողորմութեան յոբելենական տարուայ ընթացքում, առաւել քան օգտակար է և պտղաբեր բոլորիս համար:

 

Մտասոյզ սևեռուել էի այդ երեխաների, երիտասարդների երջանիկ դէմքերին, երբ կատարում էին իրենց դերախաղերը. յուզուած էին, բայց շատ ուրախ, որ կարողանում են իրենց լաւագոյնը ներկայացնել հանդիսատեսին, ներկայացնել այն, ինչ իրենք հասկացել են Մայր Թերեզայի մասին, ինչ գիտեն Աստծոյ մասին և գթութեան մասին, աշխարհի մասին, իրենք իրենց մասին, այն, ինչ տեսել ու սովորել են Մայր Թերեզայի քոյրերից, ովքեր փոխարինել են իրենց ծնողներին՝ գրեթէ օրօրոցից: Կան այնպիսիք, ովքեր արդեն բոլորել են 30 տարեկանը, մեք-երկուսն աւելի տարեց են, նրանք գրեթէ ողջ կեանքն անցկացրել են Սպիտակի այդ տանը՝ քոյրերի ընտանիքում, այստեղ են սովորել շփուել մարդկանց հետ, սիրել, նաև հակառակուել, ունենալ սեփական կարծիքը, պնդել այն, այստեղ սովորել են նաև ներել ծնողներին, հարազատներին, ովքեր լքել են իրենց և գերադասում են հարմարաւէտ կեանք ապրել՝ առանց իրենց խնամքի նեղութիւնը կրելու, և, ամենակարևորը, այդ տանը երեխաները սովորել են շնորհակալութիւն յայտնել Աստծուն՝ ամեն ինչի համար, որ իրենք ունեն՝ չնայած այնքան շատ բաների, որոնք երբեք չեն ունեցել՝ ի տարբերութիւն շատ տարեկիցների: Նրանք ունեն ամենակարևորը՝ Տիրոջ անսահման գթութիւնը, որը նրանց հանդէպ անմնացորդ նուիրումով ցուցաբերում են Մայր Թերեզայի քոյրերը և բարերարները՝ աշխարհի տարբեր անկիւններից, երբեմն նաև՝ Հայաստանից:

Մայր Թերեզան Հայաստան եկաւ 1988թ.երկրաշարժից յետոյ՝ աղէտից տուժածներին օգնելու համար: Նրա քոյրերը տներ հիմնեցին Սպիտակում և Երևանում: Սպիտակի տունը գտնուում է Իտալական կոչուող գիւղում, Սպիտակից դէպի Երևան տանող ճանապարհին: Այստեղ 6 քոյրեր խնամում են տարբեր հիւանդութիւններով տառապող և հաշմանդամութիւն ունեցող մօտ 40 երեխաների ու չափահասների, որոնք, մեծ մասամբ, լքուած են ծնողներից, մի քանիսն էլ ծնողազուրկ են: Քոյրերը հոգում են նրանց բոլոր կարիքները, գումար հայթայթում ու տանում անհրաժեշտ վիրահատութիւնների, բժշկական օգնութեան, կազմակերպում են նրանց թերապևտիկ, լոգոպեդական, հոգեբանական զարգացումը և, ամենակարևորը, հոգևոր կեանքը: Ամեն օր նրանք մասնակցում են Սբ. Պատարագի, որոնք մատուցում են հիմնականում այլ երկրներից եկող Յիսուսեան միաբան վարդապետները, երբեմն, նրանց բացակայութեան ժամանակ, նաև Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները: Կազմակերպւում են նաև այլ աղօթքներ, քրիստոնէական դասեր, երգեցողութեան ժամեր: Երեխաների մեծ մասը հասկանում, խօսում և աղօթում է ոչ միայն հայերէն, այլեւ՝ անգլերէն, որովհետև մանկուց լսել են քոյրերից և շփուել նրանց հետ:

Իրենց տանը ապրող երեխաներից ու մեծահասակներից բացի Մայր Թերեզայի քոյրերը օգնում են նաև հարևան գիւղի բնակիչներին՝ ֆինանսով, դեղորայքով, սննդով, այլ հարցերով, կազմակերպում նրանց համար քրիստոնէականի դասեր, մինչդեռ իրենք՝ քոյրերը, հաւատարիմ իրենց մօր՝ Մայր Թերեզայի կանոններին, ապրում են պարզագոյն և ամենաաղքատ կենցաղով՝ ջանալով լինել աղքատներից ամենաաղքատը: Նրանք, նոյնիսկ, հրաժարւում են նուէրներից, որոնք կարող են հեշտացնել իրենց կենցաղը, օրինակ՝ լուացքի մեքենայից: Քոյրերն անում են իրենց լաւագոյնը, որ ուրիշներն ապրեն սիրուած և Տիրոջ հանդէպ երախտագիտութեան ուրոյն զգացումով լի:

Այդպէս ապրեց Մայր Թերեզան և հիմա էլ նոյն ոքով բարեխօսում է բոլոր նրանց համար, ովքեր դիմում են իր օգնութեանը:

Մայր Թերեզա, բարեխօսեա՛ վասն մեր:

 

Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Քաղուած` armenianchurchco.com կայքէն։








All the contents on this site are copyrighted ©.