Հայր Թոմաս Ռոսիկան անդրադառնում է սրբեր` Յովհաննէս Պօղոս 2-րդին և Ֆաուստինա Կովալսկին
Սբ. Յովհաննէս Պօղոս 2-րդ` ԵՀՕ–ի ճարտարապետն ու հիմնադիրը
Սուրբ Յովհաննէս 23-րդի և սուրբ Յովհաննէս Պօղոս 2-րդի սրբադասման Սբ. Պատարագի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետը վերջինիս մասին այսպէս խօսեց. «Իր` Աստծոյ ժողովրդին կատարած ծառայութեամբ, Յովհաննէս Պօղոս 2-րդն ընտանիքի Պապ էր: Մենք հիմա ընտանիքների հետ միասին ճամփորդում ենք դէպի ընտանիքի թեմային նուիրուած Սինոդը: Սա մի ճամփորդութիւն է, որը Յովհաննէս Պօղոս 2-րդը երկնքից առաջնորդում ու պահպանում է»: Քարոլ Վոյտիլան, վաղ հասակում իր ընտանիքում կրելով տառապանք ու կորուստ, մեծացաւ ու դարձաւ քահանայ, Կրակովի եպիսկոպոս, Հռոմի եպիսկոպոս, ժամանակների սուրբ և հերոս: Իր հովուական ծառայութեան ընթացքում նա աշխարհին ուսուցանեց ամուսնութեան ու ընտանեկան կեանքի արժանապատուութեան, գեղեցկութեան և սրբութեան մասին:
Սբ. Յովհաննէս Պօղոս 2-րդը միշտ կյիշուի աշխարհի ազգերի և կրօնների միջև խիզախ կամուրջներ կառուցելու իր ջանքերի շնորհիւ, և միշտ յատուկ տեղ կ՛ունենայ երիտասարդների սրտերում:
Սրբուհի Ֆաուստինա Կովալսկան`Կրակովում կայանալիք ԵՀՕ 2016-ի հովանաւոր սուրբը
Յովհաննէս Պօղոս 2-րդի հետաքրքրութիւնը Աստուածային Ողորմութեան հանդէպ գալիս է Կրակովում անցկացրած իր երիտասարդութեան տարիներից, երբ Կարոլ Վոյտիլան դարձաւ 2-րդ Համաշխարհային պատերազմի ընթացքում գրաւուած Լեհաստանում ահաւոր չարիքի ու տառապանքի ականատեսը: Նա ականատես է եղել մեծ թուով մարդկանց հաւաքին, որոնց ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ և ստրկական աշխատանքի: Իր հայրենի Վադովիցե քաղաքում նա շատ հրեայ ընկերներ ունէր, ովքեր հետագայում Հոլոքոստի զոհ դարձան: Այդ վախի և ահաբեկչութեան ժամանակ, Կրակովում Կարոլ Վոյտիլան որոշեց մասնակցել Կարդինալ Սապիեայի գաղտնի սեմինարներին: Նա զգաց`Աստծոյ ողորմութեան, միմեանց նկատմամբ ողորմած լինելու մարդկութեան կարիքը: Ճեմարանում նա հանդիպեց մէկ այլ ճեմարանականի` Andrew Deskur-ին (նա աւելի ուշ դարձաւ կարդինալ), ով ծանօթացրեց նրան աստուածային ողորմութեան ուղերձին, որն յայտնուել էր լեհ միստիկ միանձնուհի սբ. Մարիա Ֆաուստինա Կովալսկային, ով մահացել է 1938 թ., 33 տարեկանում:
Աստուածային ողորմութեան Պապը
1981թ., իր քահանայապետական ծառայութեան սկզբին, Յովհաննէս Պօղոս 2-րդը մի շրջաբերական նամակ գրեց` նուիրուած աստուածային ողորմութեանը, Dives in Misericordia վերնագրով (հարուստ` ողորմութեամբ), ցոյց տալով, որ Յիսուս Քրիստոսի առաքելութեան նպատակն է բացայայտել Հօր ողորմած սերը: 1993 թ., երբ Յովհաննէս Պօղոս 2-րդ պապը երանելիների շարքը դասեց Ֆաուստինա Կովալսկային, նա իր քարոզում յայտարարեց. «Նրա առաքելութիւնը շարունակւում է և տալիս զարմանալի պտուղներ: Իսկապէս սքանչելի է այն, թէ ինչպէս է նրա նուիրուածութիւնը Ողորմած Յիսուսին տարածւում մեր ժամանակակից աշխարհում` շահելով այդքան շատ մարդկային սրտեր»:
4 տարի անց`1997 թ. Սրբազան Քահանայապետն այցելեց Լեհաստան, Լագիեվնիկիում գտնուող Երանելի Ֆաուստինայի գերեզմանին, և քարոզեց ազդեցիկ խօսքերով.«Մարդ ոչ մի բանի կարիք այնքան չունի, ինչքան` աստուածային ողորմութեան… Այստեղից դուրս եկաւ ողորմութեան ուղերձը, որ Քրիստոս Ինքը որոշեց փոխանցել մեր սերնդին` Երանելի Ֆաուստինայի միջոցով»:
2000 թ.-ի յոբելենական տարուան, Յովհաննէս Պօղոս 2-րդ Պապը սրբացրեց Ֆաուստինային`դարձնելով նրան նոր հազարամեակի առաջին սրբադասուած սուրբը, և հաստատեց «Աստուածային Գթութեան շաբաթը», որպէս յատուկ անուն` Զատիկի երկրորդ շաբաթուայ համար` ողջ Ընդհանրական Եկեղեցում: Յովհաննէս Պօղոս 2-րդը քարոզի ժամանակ ասաց խօսքերը.«Յիսուս ցոյց է տալիս իր ձեռքն ու իր կողմը (առաքեալներին): Նա նշում է, որ Չարչարանքի վէրքերը, յատկապէս Նրա Սրտի վէրքերը, աղբիւր է, որից ողորմութեան մեծ ալիք է թափւում մարդկութեան վրայ»:
Մէկ տարի անց` 2001 թ., Աստուածային Ողորմութեան կիրակիի Սբ. Պատարագի քարոզի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետը ողորմութեան ուղերձ է յղել` նուիրուած Սբ. Ֆաուստինային. «Պատշաճ և յստակ պատասխանը, որն Աստուած ցանկանում էր առաջարկել մեր հարցերին և մեր ժամանակների սարսափելի ողբերգութիւնների հետևանքները կրող մարդկանց ակնկալիքներին…Աստուածային Ողորմութիւնն է: Սա Զատկի նուերն է, որը ստանում է Եկեղեցին Քրիստոսից և առաջարկում մարդկութեանը 3-րդ հազարամեակի արշալոյսին»:
2002թ. կրկին Լեհաստանի Լագիեվնիկի քաղաքում նոր աստուածային ողորմութեան տաճարի օծման արարողութեանը Սրբազան Քահանայապետն ամբողջ աշխարհը նուիրեց Աստուածային Ողորմութեանը` ասելով.«Ես այսպէս եմ անում այրուող ցանկութեամբ, որ Աստծոյ ողորմած սիրոյ ուղերձը, հռչակուած այստեղ Սբ. Ֆաուստինայի միջոցով, յայտնի լինի աշխարհի բոլոր ժողովուրդներին և նրանց սրտերը լցնի յույսով»:
Իր 2006թ. ապրիլի 23-ին “Երկնքի թագուհի” աղօթքի ժամանակ Հռոմի Սրբազան Բենեդիկտոս 16-րդը ասաց. «Աստծոյ ողորմած սիրոյ գաղտնիքը եղել է իմ նախորդի քահանայապետութեան կենտրոնում»: Հիմա նոյն Աստուածային Նախախնամութիւնը կամեցել է, որ այս տարի`Աստուածային Ողորմութեան կիրակի, երեք տարի անց այն օրուանից, երբ այս նոյն տօնին Յովհաննէս Պօղոս Բ-ը`Աստուածային Ողորմութեան մեծ առաքեալն ու դեսպանը, դասուեց երանելիների շարքը, հիմա հռչակուի սուրբ:
Ողորմութիւնը մեր տարբերանշանն է
Մենք պէտք է հարցնենք ինքներս մեզ. «Ի՞նչ նոր բան կա այս աստուածային ողորմութեան ուղերձի մէջ: Ինչու՞ էր Յովհաննէս Պօղոս 2-րդն այսքան շատ պնդում Աստծոյ սիրոյ մասին մեր ժամանակներում: Արդեօ՞ք սա նոյն նուիրուածութիւնը չէ, ինչ որ Յիսուսի Սուրբ Սրտինն է: Ողորմութիւնը կարևոր քրիստոնէական առաքինութիւն է, որը շատ է տարբերւում արդարութիւնից և հատուցումից: Ընդունելով վնասի իրական ցաւը և պատժի արդարացման պատճառը, ողորմութիւնն ունի վնասը մեղմացնելու մէկ այլ մօտեցում: Ողորմութիւնը ձգտում է արմատապէս փոխել յանցաւորի կարգավիճակն ու հոգին` դիմակայելու չարին, յաճախ ցոյց տալով սէր և դիմացինի իրական գեղեցկութիւնը: Եթէ որևէ պատիժ է կիրառւում, ապա դա միայն պէտք է լինի միայն փրկութեան համար, այլ ոչ թէ` վրէժի կամ հատուցման: Մեր օրերում սա շատ դժուարին գործ է և շատ բարդ ուղերձ, բայց այսօր սա միակ ճանապարհն է, եթէ մենք ցանկանում ենք առաջ շարժուել և լինել թթխմոր այսօրեայ աշխարհում, եթէ մենք իսկապէս ցանկանում ենք լինել աղն ու լոյսը մի մշակոյթի, որը կորցրել է Քրիստոսի լոյսի և Աւետարանի համը»:
Որտեղ ատելութիւնն ու վրէժի ծարաւն են տիրում, որտեղ պատերազմն անմեղներին տառապանք և մահ է բերում, վիրաւորանքը անթիւ անմեղ կեանքեր է ավերում, այնտեղ ողորմութեան շնորհն անհրաժեշտ է մարդկային մտքեր և սրտեր կարգաւորելու և բուժում ու խաղաղութիւն բերելու համար: Որտեղ որ մարդկային կեանքի և արժանապատուութեան հանդէպ պակաս կա, այնտեղ զգացւում է Աստծոյ ողորմած սիրոյ կարիքը, ում լոյսի ներքոյ մենք տեսնում ենք իւրաքանչիւր կենդանի էակի անարտայայտելի արժէքը: Ողորմութիւնն անհրաժեշտ է` վստահեցնելու համար, որ կգայ աշխարհում իւրաքանչիւր անարդարութեան վերջը: Ողորմութեան ուղերձն այն է, որ Աստուած սիրում է մեզ բոլորիս` առանց հաշուի առնելու մեր մեղքերի չափը: Աստծոյ ողորմութիւնը մեծ է մեր մեղքերից, որի համար էլ մենք կարող ենք վստահօրէն դիմել նրան, ստանալ նրա ողորմութիւնը և թողնենք, որ այն մեր միջոցով փոխանցուի միւսներին: Ըստ էութեան, ողորմութիւն նշանակում է հասկանալ թուլութիւնը, կարողանալ ներել:
Աստուածային ողորմութեան առաքեալը
Իր ողջ քահանայական և եպիսկոպոսական ծառայութեան, և յատկապէս իր ողջ պապական ծառայութեան ընթացքում Հռոմի Պապ Յովհաննէս Պօղոս 2-րդը քարոզել է Աստծոյ ողորմութիւնը, գրել դրա մասին և ամենաշատը ապրել ըստ այդմ: Նա առաջարկում էր ներել այն մարդուն, ով նպատակադրուել էր սպանել իրեն Սուրբ Պետրոսի հրապարակում: Պապը, ով ականատես է եղել քրիստոնեաների միջև բաժանումների սկանդալին և հրեայ ժողովրդի դէմ դաժանութիւնների, մեծանալով, իր ուժերի սահմանում արեց ամեն ինչ` բուժելու այն վէրքերը, որոնք առաջացել էին կաթողիկէ և քրիստոնէական այլ եկեղեցիների պատմական հակամարտութիւնների պատճառով, յատկապէս, հրեայ ժողովրդի վէրքերը:
Ես երբեք չեմ մոռանայ 2002 թ.յուլիսի 28-ին Տորոնտոյի Դաունսվյու այգում սբ. Յովհաննէս Պօղոս 2-րդի` ԵՀՕ-ի եզրափակիչ Սբ. Պատարագին հնչեցրած յուզիչ խօսքերը: Այս խօսքերը մեզ ստիպում են կենտրոնանալ այսօրեայ Եկեղեցում Ողորմութեան կարևորութեանն ու անհրաժեշտութեան վրայ.
«Եկեղեցու կեանքի դժուար պահերին, սրբութեանը հետամուտ լինելը դառնում է էլ աւելի անհրաժեշտ, և սրբութիւնը ոչ թէ տարիքի, այլ Սուրբ Հոգով ապրելու հարց է»:
«Մի‘ թողէք, որ յոյսը մեռնի: Ձեր կեանքը դրէք յանուն դրա: Մենք մեր թուլութիւնների և ձախողումների հանրագումարը չենք, այլ Տիրոջ` մեր հանդէպ Հօր սիրոյ հանրագումարն ենք և նրա Որդու պատկերը դառնալու մեր իրական կարողութեան հանրագումարը»:
Քաղուած http://armenianchurchco.com/ կայքէն Թարգմանեց Նարինե Գալոյանը
All the contents on this site are copyrighted ©. |