2016-07-26 10:48:00

Հայ երիտասարդներն արդէն միացել են հարիւր հազարաւոր կաթողիկէ տարեկիցներին՝Կրակովում


Հայ ուխտաւորների 350 հոգանոց խումբը (Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Լիբանանից, Հայաստանից ամենամեծ խումբը Գիւմրիինն է՝ մօտ 60 երիտասարդ) աւարտել է թեմական օրերը Պլոցկում և հարակից քաղաքներում և յուլիսի 25-ին արդեն ժամանել է Կրակով, որտեղ յուլիսի 26-31-ը տեղի են ունենալու գլխաւոր իրադարձութիւնները՝ բուն Երիտասարդաց համաշխարհային օրերը:

Ըստ կազմակերպչական յանձնախմբի տուեալների, 187 երկրներից 356.000 երիտասարդ գրանցուել է ԵՀՕ-2016-ին մասնակցելու համար: Կազմակերպիչները ակնկալում են, որ ինչպէս եղել է նախկին 30 ԵՀՕ-ների ժամանակ, բացի գրանցուածներից, ինքնաբուխ կերպով այցելուների և մասնակիցների թիւը շատ աւելին կլինի՝ մինչև 1,5 մլն: Սա աւանդական թիւ է արդեն: Երիտասարդների թիւը, հաւանաբար, ամենամեծը կլինի Brzegi-ի Ողորմութեան ճամբարում, որտեղ նրանք կհանդիպեն Սրբազան Քահանայապետին, ով Լեհաստան կժամանի յուլիսի 27-ին:

Հայ երիտասարդները այս անմոռանալի օրերը կացկացնեն նոյն պայմաններում, ինչպէս բոլոր միւս ուխտաւորները՝ կքնեն վրաններում, տարբեր կրթական, հասարակական հաստատութիւնների դահլիճներում, կսնուեն ընդհանուր սնման կետերում, կապրեն ուխտագնացութեան դժուարութիւնները, բոլոր հոգևոր և մշակութային միջոցառումներին կմասնակցեն միասին՝ հարիւր հազարաւոր հաւատաւոր երիտասարդների հետ՝ կիսելով ընդհանրական կամ կաթողիկէ աղօթական միութիւնը, նոյն Սբ. Հաղորդութիւնը, կոգեշնչուեն հոգևոր միասնութեամբ, կզգան Տիեզերական կամ Կաթողիկէ Եկեղեցու միասնութեան ուժը, կարևորութիւնը, մէկ Եկեղեցի, մէկ Աստծոյ ժողովուրդ լինելու փաստն ու հոգևոր ֆենոմենը, Տէր Յիսուսի Քրիստոսի պատուիրանի կենսագործումը, կհամախմբուեն Ընդհանրական Եկեղեցու հոգևոր Պետի՝ Քրիստոսի Եկեղեցւոյ Վէմի՝ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս  Սրբազան Քահանայապետի շուրջ, կլսեն նրա առաքելական, հայրական ոգևորիչ պատգամը, կքաղեն դասեր, որոնք կարող են ուղեցոյց հանդիսանալ ամբողջ կեանքի համար:

ԵՀՕ-2016-ի բոլոր հանգրուաններին և քահանայապետական յոյժ կարևոր պատգամներին կանդրադառնանք ամենայն մանրամասնութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.