2016-07-23 10:49:00

Լեհական հիւրընկալ քաղաքների բանալիները յանձնուել են հայ երիտասարդներին


Ջերմ հիւրընկալութիւնն և մեծահոգութիւն, որը վկայում է ջերմեռանդ հաւատքի մասին:

Լեհական «Թեմական օրերին» մասնակցող հայ երիտասարդների խմբի առօրեան յագեցած է հոգևոր և մշակութային գեղեցիկ իրադարձութիւններով: Plock, Sierps քաղաքներում տեղի են ունեցել համերգային ծրագրեր, որոնց ընթացքում խորհրդանշաբար այդ քաղաքների բանալիները յանձնուել են հայ երիտասարդներին՝ որպէս հիւրընկալութեան, ջերմ ընդունելութեան արտայայտութիւն: Սա միայն արտաքին ցուցադրութիւն չէ.լեհ հոգևորականները, քաղաքային իշխանութիւնները, կամաւորականները մեծ պատրաստակամութեամբ հնարաւորինս գեղեցիկ ու հետաքրքիր են դարձնում հայ և այլազգի ուխտաւորների այցը իրենց երկիր:

Przasnysz քաղաքում հիւրընկալուած հայ ուխտաւորները մասնակցել են միասնական ուխտագնացութեան դէպի Ռոստկովօ քաղաքը՝ Սբ. Ստանիսլավ Կոստկայի ծննդավայրը և ծանօթացել սրբի կենսագրութեանը: Ճանապարհին երգել են լեհական ու հայկական երգեր: Տեղում մասնակցել են Սբ. Պատարագի, որը մատուցուել է հայկական ծէսով՝ ձեռամբ Տ. Անտոն քհն. Անտոնյանի: Երեկոյեան խարոյկի շուրջ զրուցել են, կազմակերպել ազգային պարեր:

 








All the contents on this site are copyrighted ©.