2016-07-18 10:18:00

Հայ կաթողիկէ երիտասարդների առաջին խումբը մեկնեց Լեհաստան


Սա հայ երիտասարդների ամենամեծաթիւ մասնակցութիւնն է համաշխարհային խոշորագոյն հոգևոր միջոցառմանը:

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, 2016թ. յուլիսի 17-ին հայ կաթողիկէ երիտասարդների 350 հոգանոց խմբի մի մասը Հայաստանից մեկնեց Թբիլիսի, իսկ այնտեղից՝ Վարշավա, որտեղից էլ կհասնեն Պլոցկ քաղաքը: Պլոցկում և այլ քաղաքներում ԵՀՕ-2016-ի մասնակիցների համար յուլիսի 20-25-ը կազմակերպուելու է «Թեմական օրեր» միջոցառումների շարքը: Հայ երիտասարդների միւս խմբերը Լեհաստան կմեկնեն յուլիսի 20-21-ը: Նրանց ուղեկցում են հայկական խմբի ուխտագնացութեան կազմակերպիչները և Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Լիբանանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները: Հայ կաթողիկէ երիտասարդների խմբին, ինչպէս գիտէք, միացել են նաև Հայաստանի լեհական համայնքի երիտասարդները և Հայ Աւետարանական Եկեղեցու խումբը: Սա 1996թ.-ից յետոյ Կաթողիկէ Եկեղեցու Երիտասարդաց համաշխարհային օրեր միջոցառումներին հայ երիտասարդների ամենամեծաթիւ մասնակցութիւնն է:

 Կազմակերպիչները մեծ դժուարութեամբ կարողացան հայթայթել նման մեծաթիւ ուխտագնացութեան համար անհրաժեշտ ահռելի գումարը, որը նրանց խնդրանքով նուիրեցին Կաթողիկէ Եկեղեցու տարբեր բարեսիրական հիմնադրամներ, մի զգալի մասն էլ հաւաքեցին լեհ հոգևորականներն ու կամաւորական երիտասարդները:

Հայ երիտասարդները ևս ունեցան որոշակի ներդրում: Իւրաքանչիւր մասնակցի համար ապահովւում են ճանապարհածախսի և կեցութեան, սննդի հետ կապուած բոլոր պայմաններն ու միջոցները:

Պլոցկում նրանք հիւրընկալուելու են լեհ ընտանիքներում, ծանօթանալու են լեհական մշակոյթին, հոգևոր արժէքներին, շփուելու են լեհ երիտասարդների հետ, ներկայացնելու են նաև հայկական մշակոյթը: Յուլիսի 25-ին հայ ուխտաւորները աշխարհի տարբեր անկիւններից ժամանած հազարաւոր այլ տարեկիցների հետ միասին կմեկնեն Կրակով, որտեղ յուլիսի 26-29-ը տեղի կունենան բուն ԵՀՕ միջոցառումները:

Կրակովում պայմաններն աւելի դժուար կլինեն, գիշերելու են դպրոցների, սպորտային համալիրների և այլ հաստատութիւնների դահլիճներում, քնապարկերով, սնուելու են սննդի ընդհանուր կէտերում և այլն: Բայց դժուարութիւնները և որոշ զոհողութիւնները արժեն՝ ի նկատի ունենալով մեծ հոգևոր փորձառութիւնն ու միմեանց հետ շփուելու, Քահանայապետի հետ միասին աղօթելու բացառիկ հնարաւորութիւնը, որը շատերի կեանքում եզակի իրադարձութիւն կլինի:

Այս տարի առաջին անգամ ԵՀՕ պատմութեան մէջ քրիստոնէական դասերը հայ երիտասարդների համար կլինեն հայերէնով՝ հայ եպիսկոպոսների դասաւանդմամբ:

 

Ստորև կարող Պլոցկի և Կրակովի ծրագրերը:

 

Թեմական օրերը Պլոցկում

 

Օր 1՝ 20 յուլիսի, 2016թ., «Հանդիպում ջրհորի մօտ»մասնակիցների տեղաւորում և բացման արարողութիւն

տեղաւորում հիւրընկալող ընտանիքներում՝ մինչև 17:00,

բացման արարողութիւնները հիւրընկալող ընտանիքներում՝ 19:00 (ջերմեռանդութիւն, բանալիների յանձնումը քաղաքներին):

Օր 2՝ 21 յուլիսի, 2016թ., «Արմատները փնտռելիս»՝ մշակոյթի և պատմութեան օր

նախաճաշ՝ հիւրընկալող ընտանիքում,

այց տարածքի տեսարժան վայրեր

ճաշ՝ 15:00-17:00

երեկոյեան աղօթք՝ 18:00

երեկոյեան ծրագրեր՝ մասնակիցների տեղակայման տարբեր վայրերում,

վերադարձ հիւրընկալող տներ և ընթրիք՝ մինչև 22:00

 

Oր 3՝ 22 յուլիսի, 2016թ., «Խմելու ջուր տու՛ր», Ողորմութեան օրը

 

նախաճաշ՝ հիւրընկալող ընտանիքում,

այց տարածքի սրբավայրեր՝ մինչև 13:00

ճաշ՝ 13:00-14:00

ողորմութեան գործեր, ծառայութիւն հիւանդներին, տառատպեալներին, կարիքաւորներին

երեկոյեան աղօթք՝ 18:00

երեկոյեան ծրագրեր՝ մասնակիցների տեղակայման տարբեր վայրերում,

վերադարձ հիւրընկալող տներ և ընթրիք՝ մինչև 22:00

 

Օր 4՝ 23 յուլիսի, 2016թ., «Ջրհորի առատաբուխ ջրերը», վկայութեան և հաղորդութեան օրը

նախաճաշ՝ հիւրընկալող ընտանիքում,

ժամանում Պլոցկ՝ մինչև 10:00

Սբ. Պատարագ՝ 11:00

ճաշ՝ 13:00

երիտասարդական միջոցառումներ, սպորտային, մշակութային միջոցառումներ

ճաշ՝ 18:00

երեկոյեան աղօթք

վերադարձ հիւրընկալող տներ՝ մինչև 01:00

 

Օր 5՝ 24 յուլիսի, 2016թ., «Կինը թողեց սափորը և գնաց քաղաք», ընտանիքի և հանգստի օր

նախաճաշ, կիրակնօրեայ Սբ. Պատարագ, ճաշ ընտանիքներում՝ մինչև 15:00

միջոցառումներ՝ մասնակիցների տեղակայման տարբեր վայրերում, հրաւիրելով հիւրեր, հիւրընկալող ընտանիքներին,

վերադարձ հիւրընկալող տներ և ընթրիք՝ մինչև 22:00

 

Օր 6՝ 25 յուլիսի, 2016թ., «Այլևս չես լինի սոված կամ ծարաւ», օրուայ առաքելութիւն և մեկնում

 

նախաճաշ՝ հիւրընկալող ընտանիքում,

մեկնում դէպի Կրակով:

 

ԵՀՕ օրերը Կրակովում

26 յուլիսի, 2016թ.

բացման արարողութիւնը և Սբ. Պատարագը

27 յուլիսի, 2016թ.

Կրօնի դասեր, զանազան միջոցառումներ

28 յուլիսի, 2016թ.

Հանդիպում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ, Կրօնի դասեր

29 յուլիսի, 2016թ.

Ճանապարհ Խաչի, Կրօնի դասեր

30 յուլիսի, 2016թ.

Աղօթք՝ Սրբազան Քահանայապետի հետ միասին

31 յուլիսի, 2016թ.

Հրաժեշտի Սբ. Պատարագը

 








All the contents on this site are copyrighted ©.