2016-06-30 10:17:00

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի խօսքը՝ Սրբազան Քահանայապետին, Գիւմրիի մէջ


Յունիսի 25-ի Գիւմրիի Վարդանանց հրապարակի վրայ Ֆրանչիսկոս Պապին մատուցած Սբ. Պատարագի ժամանակ Սրբազան Քահանայապետին իր խօսքն ուղղեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը որուն մէջ ըսաւ.

Ձերդ Սրբութիւն,
Սուրբ Պատարագը մատուցելուց և Ձեր գորովով ու սիրով լի խօսքերը լսելուց յետոյ, ուղղուած մեր Հայ Ժողովրդին, որ անցեալ դարերի ընթացքում միլիոնաւոր նահատակներ է տուել Եկեղեցուն, և դեռ այսօր էլ շարունակում է տառապանքներ ու հալածանքներ կրել Քրիստոնէական հաւատքի և իր ազգային ինքնութեան համար, միայն մի բան կարող եմ ասել Ձեզ` մի սրտանց շնորհակալութիւն։

Բերկրանքը, որ ապրեցինք Ձեզ հետ, Սրբազնագոյն Հայր, այստեղ ներկայ մեր Հայ Կաթողիկէ հաւատացեալների հետ միասին, և նրանց հետ, ովքեր ողջ աշխարհում հետևում են մեզ՝ իրենց տներից, շողում է սաղմոսերգուի խօսքերում. «Բացէ՛ք իմ առաջ արդարութեան դռները, որպէսզի ներս մտնեմ ու գոհութիւն մատուցեմ Տիրոջը» (Սղմ 117,19), և այս իղձերին ի պատասխան Տէրն ասում է․ «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալներ, և ժառանգեցէք արքայութիւնը, որ պատրաստուած է Ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մտթ 25, 34)։

Շնորհակալութիւն, Ձերդ Սրբութիւն։ Շնորհակալութիւն, Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետ՝ հոգեպէս այսքա՜ն թանկարժէք պահերի համար, որ պարգևեցիք մեզ։

Այս շնորհակալութիւնը բխում է այս չարչարուած հողի որդիների սրտերից, այն ժողովրդի որդիներից, որ դեռ շարունակում են հաւատալ Յարութեանը, որ վկայել են ու մինչ այժմ էլ վկայում են իրենց հաւատարմութիւնը Աւետարանին, վկայում են նաև իրենց արեան հեղմամբ։ Որդիներ, որոնք ապաւինել և իրենց ողջ յոյսը դրել են Խաչի վրայ, այն աստիճան, որ կոչում են խաչապաշտ ժողովուրդ։

Մի ողջ ժողովուրդ, քրիստոնեայ մի ազգ է, որ շնորհակալութիւն է յայտնում Ձեզ, Ձերդ Սրբութիւն։ Մի ժողովուրդ, մի ազգ, որ Աստծոյ ժողովրդին իր պատկանելութիւնը վկայում է ո՛չ միայն նահատակութեամբ, այլ նաև հանապազօրեայ կեանքում, ընտանիքում, հասարակութեան մէջ և քաղաքականութեան մէջ, թէև քիչ չեն դիմագրաուելիք խնդիրները, սկսած ընտանիքի հետ կապուած հարցերից, ընտանիք, որ հիմնական բջիջն է հասարակութեան, և պէտք է դիմագրաուի այս դարիս չարի ու անկանոնութեան դէմ, և որն այսքա՜ն մօտ է Ձեր և Քրիստոսի Եկեղեցու սրտին։

Շնորհակալ եմ, Ձերդ Սրբութիւն, նախախնամական այս այցի համար, և մաղթում եմ, որ այն լինի ճշմարիտ միութեան՝ եկեղեցական և ազգային միութեան սերմ, և մի ընթացք դէպի միակ նպատակակէտը, որ է Յարուցեալը և նրա աղօթքը. «Թող որ բոլորը մէկ լինեն»։

Ի սրտէ շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ, Սրբազնագոյն Հայր, սիրոյ այս դրսևորման համար, որ քաջալերում է մեզ բոլորիս՝ Եկեղեցի, հաւատացեալներ ու հաստատութիւններ, ամուր մնալու հաւատքի մէջ, քանի որ զաւակներն ենք աշխարհում առաջին քրիստոնեայ ազգի, և պաշտպանելու մեր այս պատկանելութիւնը՝ վկայելով մեր անվկանդութիւնը և մեր ժողովրդի ինքնութիւնը, որ ձգտում է խաղաղութեան և եղբայրութեան։

Հենց այստեղ՝ Ձեր առաջ և Ձեր միջոցով, Ձերդ Սրբութիւն, կամենում եմ շնորհակալութիւն յայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու նկատմամբ ցուցաբերած իր վեհանձնութեան ու հայրական հոգածութեան համար։ Շնորհակալութիւն, Վեհափառ Տէր։

Ձերդ Սրբութիւն, թոյլ տուէք խնդրել մի շնորհ, մի յատուկ շնորհ։

Մինչ տարբեր աշխարհամասեր ողողուած են բազմաթիւ անմեղների արիւնով, մինչ աշխարհի քրիստոնեաները ենթարկւում են նահատակութեան, մինչ հալածուած են, արտաքսուած և ստիպուած լքելու հողն ու ունեցուածքները, փնտռելով մի խաղաղ անկիւն, … և դրանց մէջ կան նաև բազմաթիւ հայ ընտանիքներ … մինչ աշխարհը յաճախ ապրում է անտարբերութեան մէջ, կը ցանկանայի, որ Ձեր աղօթքի ու Ձեր օրհնութեան միջոցով մեր ազգը, մեր Հայ ժողովուրդը, ողորմութեան այս տարում նուիրուի Աստուածային Ողորմութեանը և Մարիամ Աստուածածնի Սուրբ Սրտին։

Ձեր ներկայութիւնը մեր մէջ, Ձերդ Սրբութիւն, թող լինի կայծ, որ մեզ ուղղի դէպի Մարիամի մայրական հայեացքը, որպէսզի այն հսկի մեզ վրայ և փրկի աշխարհի չարութիւնից, պատերազմի արհաւիրքներից, առօրեայ որոգայթներից, և պահի մեզ և ամբողջ հայ ազգը իր պաշտպանող պատմուճանի ներքոյ, թէ՛ մայր Հայաստանում, թէ՛ Արցախում և թէ Սփիւռքում, այնպէս, որ երբեք չկորցնենք յոյսը՝ հաւատալու լաւագոյն կերպով և երբեք չդաւաճանելու մեր պապերի հաւատքին, որոնք իրենց կեանքը զոհեցին յանուն Յարուցեալ Քրիստոսի։

Բարի էք եկել, Սրբազնագոյն Հայր։ Հազա՛ր բարի։

 

-----------------

Թեև այս մասին  չի բարձրաձայնւում, բայց պէտք է ասել, որ Սրբազան Քահանայապետի Գյումրի կատարած պատմական այցի համար պարտական ենք նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանին՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելեան. Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդին, ով Քահանայապետին յուշել էր Գիւմրի այցի հնարավորութեան մասին և պատմել Գիւմրիի ու հարակից բնակավայրերի բարդ կենսապայմանների, անցած դժուարին ճանապարհի, 1988թ. աղէտի հետևանքների մասին, նաև՝ հայ կաթողիկէ համայնքների հոգևոր վերելքի մասին: Սրբազան Քահանայապետը անմիջապէս որոշել էր անպայմանօրէն այցելել Գիւմրի և հանդիպել տարածաշրջանի տառապեալ, բայց իր պայքարի ոգիով օրինակելի ժողովրդի հետ, ինչն էլ, Աստծոյ կամօք, իրականութիւն դարձաւ:

Քահանայապետի Գիւմրի կատարած այցի նախապատրաստական բոլոր աշխատանքները ևս կազմակերպուեցին Ռաֆայել Սրբազանի ջանքերով և առաջնորդութեամբ:

 

 








All the contents on this site are copyrighted ©.