2016-06-20 10:42:00

Ինչպէ՞ս է Գիւմրին պատրաստւում Սրբազան Քահանայապետի այցին


Գիւմրիում աշխուժօրէն  պատրաստւում են Հռոմի ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի այցին: Հայ կաթողիկէ առաջնորդարանը աւարտել է  յունիսի 25-ին Գիւմրիի Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուելիք Սբ. Պատարագին մասնակցել ցանկացողների յայտագրումը: Առաջիկայ օրերին կը տրամադրուեն նաև հրաւիրատոմսերը: Վարդանանց հրապարակում կառուցւում է այն Խորանը և բեմահարթակը, որի վրայ մատուցուելու է Սբ. Պատարագը:

Հռոմի պապի այցի նախապատրաստութեան մանրամասների մասին խօսեցինք Հայ կաթողիկէ  առաջնորդարանի տեղեկատուական համակարգի պատասխանատու Տէր Յովսէփ քահանայ Գալստեանի հետ.

«Այս պահին ակտիւօրէն ընթանում են Վարդանանց հրապարակում  խորանի պատրաստութեան աշխատանքները, որի բեմահարթակին Սրբազան Քահանայապետը  2016թ. յունիսի 25-ին  պէտք է մատուցի Սուրբ Պատարագը: Խորանն, ըստ նախագծի, բաւական մեծ է լինելու՝  26 մետր երկարութեամբ   և   12  մետր խորութեամբ  ու բարձրութեամբ: Կարծում եմ, որ բաւական մեծ չափերի և գեղեցիկ խորան է լինելու: Ծածկի վրայ` գագաթին, լինելու է  խաչ, խորանի սեղանն ունենալու է մօտ 2 մետր բարձրութիւն: Պատին տեղադրուած է լինելու Տիրամօր և Յիսուս մանկան նկարը: Սրբազան Քահանայապետից բացի խորանի վրայ կը լինեն մօտ հարիւր մարդ` հոգևորականներ,  հաւանաբար, նաև` երգչախումբը: Պատարագը լինելու է լատինական ծէսով, բայց պատարագի ընթացքում հնչելու են նաև հայկական շարականներ՝  հայկական երգչախմբերի կատարմամբ:

Սբ. Պատարագի մասնակիցների ցուցակագրման աշխատանքներն աւարտուել են: Այս պահին գրանցուել է 20.000-ից աւելի մարդ` ինչպէս Գիւմրիից, այնպէս էլ այլ համայնքներից: Պէտք է ասել, որ այլ երկրներից մարդիկ նոյնպէս ցանկութիւն են յայտնել մասնակցելու Հռոմի Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից մատուցուելիք Սուրբ Պատարագին և ցուցակագրուել են:

Ովքեր, որ չեն հասցրել մինչև յունիսի 10-ը գրանցուել հրաւիրատոմսերի համար` կարող են ներկայ գտնուել Սբ. Պատարագին` կանգնելով հրապարակի հարակից տարածքներում: Հրապարակի տարածքում  տեղադրուած կլինեն մեծ էկրաններ, որտեղից ժողովուրդը հնարաւորութիւնն կունենայ հետևել Սուրբ Պատարագին»:

Տ. Յովսէփ քհն Գալստեանը խօսելով կազմակերպչական աշխատանքների մասին՝ նշեց, որ կա յատուկ յանձնախումբ, որը զբաղւում է  պայմանների ապահովմամբ  Քահանայապետի այցի համար:

«Սրբազան Քահանայապետը մուտք է գործելու հրապարակ իր պապամոբիլով և ողջունելու է ժողովրդին և հայրական օրհնութիւնն է բաշխելու հաւաքուած ժողովրդին, ինչպէս սովորաբար անում է, թէ Սուրբ Պետրոսի հրապարակում և թէ այն երկրներում, որտեղ Սրբազան Քահանայապետը հանդիպում է իր ժողովրդին: Եւ ըստ իր սովորութեան, չի բացառւում, որ կանգնի և զրուցի ժողովրդի հետ, լսի նրանց դժուարութիւնների, ուրախութիւնների մասին, որովհետև նա ունի նման սովորութիւն: Տարբեր երկրներում, ուր որ նա գնում է,  ցանկացած պահին նա կարող է կանգնեցնել մեքենան, դուրս գալ և պարզապէս շփուել ժողովրդի հետ: Եւ հենց այս անմիջականության , կարիքաւորների հանդէպ սիրոյ պատճառով էլ Պապը յայտնի է՝ որպէս «աղքատների Պապ»:

Ըստ Տէր Յովսէփ քհն. Գալստեանի`  ժողովուրդը շատ խանդավառ է ու սպասումով լի:

«Անգամ երբ գրանցումը աւարտուել է, մարդիկ գալիս հարցնում էին, թէ արդեօք հնարաւոր չէ մի քանի հոգու ևս աւելացնել այս ցուցակին:  Սպասումը շատ մեծ է, իսկ սա ևս մէկ անգամ ցոյց է տալիս ժողովրդի շնորհակալութեան և երախտագիտութեան զգացումի առկայութիւնը: Ինչպէս, յիշում ենք, 2015թ ապրիլի 12-ին, Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը ինչպիսի՛ մեծ, պատմական, համարձակ քայլ կատարեց: Նա  ևս մէկ անգամ, իր նախորդներից յետոյ, բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանութեան փաստի և դրա համընդհանրական ճանաչման անհրաժեշտութեան մասին, ինչպէս նաև իր ուղերձը յղեց հայ ժողովրդին:

Մեր հայ կաթողիկէ համայնքի համար սա յուրահատակ  մի առիթ է, հոգևոր նոր լիցք է՝ մեր ջերմեռանդութիւնը և բարեպաշտութիւնը նոր ուղիղներով տանելու և էլ աւելի զարգացնելու համար: Սա գնահատանքի, մեզ ճանաչելու և սիրելու մի գեղեցիկ արտայայտութիւնն է: Կարևոր է, նաև, որ Սրբազան Քահանայապետը պէտք է այցելի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցի:

Սա Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևոր զարթօնքի չորրորդ կարևոր հանգրուանն է: Առաջինը,  իհարկէ թեմի ձևաւորումն է 1991թ-ին` Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց առաջնորդութիւնը: Երկրորդ կարևոր հանգրուանը եղաւ Սուրբ Յովհաննէս Երկրորդ Պապի 2001թ. սեպտեմբերի այցելութիւնը Հայաստան: Ճիշտ է, Գյումրի չեկաւ այն ժամանակ, բայց սա մեր հայկական քրիստոնէական ինքնութեան, գիտակցութեան վերարժևորման և դարձեալ Քահանայապետի հայրական սիրոյ արտայայտման մի գեղեցիկ առիթ էր: Երրորդ կարևոր հանգրուանը Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծումն էր` 2015թ. սեպտեմբերի 24-ին: Այս կարևոր իրադարձութեանը Սրբազան Քահանայապետի անունից ներկայ գտնուեց կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով իր հետ բերեց Քահանայապետի նամակը: Օծումը շատ կարևոր իրադարձութիւն էր, որովհետև ի վերջոյ հայ կաթողիկէ համայնքը ունեցաւ իր աթոռանիստ եկեղեցին: Եւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի այս այցելութիւնը, որպէս չորրորդ հանգրուան, ևս մէկ գագաթնակէտ է, որը նոր լիցքեր է տալու մեր համայնքին և նոր խանդավառութիւն է առաջացնելու:

Պէտք է ասել, որ այսպիսի մեծ և խանդավառ սպասումը  նաև մեր ժողովրդի՝ թէ հայ կաթողիկէ և թէ հայ առաքելական համայնքների միասնութեան արտայայտութիւնն է, միասնաբար 20.000-ից աւելի մարդ ուզում է ներկայ գտնուել այս Սբ. Պատարագին, ստանալ Սրբազան Քահանայապետի օրհնութիւնը, վայելել նրա հայրական սէրը և լսել Նրա քարոզը՝ հոգևորապէս հաստանալու և ոգեշնչուելու համար: Կարևոր է, որ այս Սբ. Պատարագին, նախնական տեղեկութիւններով, ներկայ կլինի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ում ներկայութիւնը և հայրական օրհնութիւնը ևս կարող է վայելել ներկայ հաւատացեալների բազմութիւնը: Այս Սբ. Պատարագին հայ ժողովրդի մեծաթիւ ներկայութիւնը նաև մեր՝ հայերիս երախտագիտութեան արտայայտութիւնը կլինի Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ 2015թ. ապրիլի 12-ի պատմական քայլի համար, որը մի նոր շրջադարձ եղաւ հայոց պահանջատիրութեան և իրաւունքների ճանաչման ճանապարհին»:

 

Սրբազան քահանայապետի այցին նախապատրաստւում են նաև Գիւմրիի իշխանութիւնները: Գյումրու քաղաքապետարանը բաւական աշխատանք է իրականացրել՝ ճանապարհների բարեկարգման ուղղութեամբ:  Բարեկարգւում են  Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատուածը և այն փողոցները, որտեղից Սրբազան Քահանայապետը պէտք է անցնի: Գիւմրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրոյցի ընթացքում ասաց.

«Ամեն ինչ անում ենք, որպէսզի մեր քաղաքը լինի բարեկեցիկ, հաճելի, մաքուր: Օդակայանից մինչև Սախարովի հրապարակ և ապա մինչև Անարատ Յղութեան կուսաստան, ամեն ինչ արուած է, Վազգէն Սարգսեան փողոցի ուղղութեամբ էլ է ամեն ինչ արուած, փորձելու ենք ամեն ինչ հասցնել, որպէսզի քաղաքը պատշաճ տեսքով ընդունի Հռոմի Պապին:

Արարողակարգի հետ կապուած՝ հրապարակում լինելու են յատուկ բաժանմունքներ, որոնց մէջ ընդամէնը մեկ հատուածում նստատեղեր են տեղադրուելու, երևի 1600 նստատեղի է լինելու` հենց կենտրոնում և միւս բաժանմունքները լինելու են հրապարակի միւս հատուածում, որպէսզի ճանապարհ լինի, որ Հռոմի Պապը պապամոբիլով կարողանայ շրջել հրապարակում` ժողովրդի մէջ: Հիւրեր, բնականաբար, շատ ենք սպասում, որովհետև գիտէք, որ տարածաշրջանում կաթողիկէներ շատ կան: Այս պահին հրապարակում  22 հազար հոգու տեղաւորման խնդիր ունենք:  Իսկ այն բնակիչները, ովքեր հնարաւորութիւն չեն ունենայ մասնակցել հրապարակում պատարագին` կլինեն էկրաններ տեղադրուած, որտեղից ուղիղ եթերով նրանք հնարաւորութիւն կունենան տեսնելու Պատարագը:

Որպէս քաղաքապետ,  շատ եմ կարևորում, որպէսզի մենք շատ բարձր մակարդակով կարողանանք ընդունել Հռոմի Պապին, քանի որ Հռոմի Պապը ամենաբարձր աստիճան հոգևորականներից մեկն է աշխարհում: Եւ եթէ մենք այսօր հիւրընկալում ենք, ուրեմն պէտք է ամեն ինչ անենք, որպէսզի դա լինի բարձր մակարդակով»:

Հռոմի Սրբազան Պապի պատմական այս այցը պատշաճ կազմակերպելու նպատակով Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ Քաղաքապետը ավագանուն առաջարկել է այդ օրը նաև գեղեցիկ հրավառութիւն կազմակերպել:

Յունիսի 24-ի երեկոյեան  նախատեսւում է համերգ, Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ մենահամերգով հանդէս կգայ Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի մեներգչուհի Մերի Մկրտչեանը` նախաձեռնութեամբ Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանի: Համերգի խորագիրն է՝ «Հոգևոր համերգ՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին»:

Մերի Մկրտչեանի մենահամերգի նպատակն է տօնական դարձնել Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան, և մասնաւորապէս՝ Գյումրի, նախապատրաստել յաջորդ օրը կայանալիք Սբ. Պատարագին՝ ապահովելով հարուստ հոգևոր մթնոլորտ:

 








All the contents on this site are copyrighted ©.