2016-06-16 10:41:00

Հայ Կաթողիկէներու Առաջնորդութեան Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին


(Ռատիօ Վատիկան) Հայաստան կատարելիք առաքելական ճամբորդութեան ծիրէ ներս Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը 25 Յունիսին Երեւանէն կը փոխադրուի Գիւմրի եւ Գիւմրիի Վարդանանց հրապարակի վրայ կը նախագահէ Սուրբ Պատարագի արարողութիւնը։ Գիւմրի կատարած այցելութեան ծիրէն ներս Նորին Սրբութիւնը պիտի այցելէ նաեւ Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարը։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ կամ մայր եկեղեցին գտնւում է Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հարեւանութեամբ՝ Գիւմրի, Յաղթանակի պողոտայ 45 հասցէում:

Դեռեւս 2008-2009 թթ. Հ. Նշան Արքպս. Կարաքեհէյեանը Գիւմրիում եկեղեցի կառուցելու ծրագիր մշակեց՝ պատուիրելով եկեղեցու ճարտարապետական եւ շինարարական մասերը, իսկ 2010 թ. Հ. Վահան Ծ. Վ. Օհանեանը պետութիւնից ստանում է թոյլտուութիւն՝ այն կառուցելու համար: Եկեղեցու շինարարական աշխատանքները աւարտին հասցրեց ներկայիս առաջնորդ Հայր Ռափայէլ Արք. Մինասեանը 2015թ. սեպտեմբերին: Եկեղեցու ճարտարապետն է Յակոբ Ջիւանեանը:

2015թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցաւ Գիւմրու Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծումը՝ նախագահութեամբ Հռոմի Սրբազան Պապի ներկայացուցիչ կարդինալ Լէոնարդո Սանդրիի (Արեւելեան Կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ) եւ համանախագահութեամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի, առընթերակայութեամբ առաջնորդ Ռափայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում պապական նուիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկիի, Հայ Կաթողիկէ եպիսկոպոսների, Հայաստանում եւ Վրաստանում ծառայող Հայ Կաթողիկէ հոգեւորականների, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ բարձրաստիճան հոգեւորականներ: Արարողութեանն իր մասնակցութիւնը բերեցին նաեւ ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսեանը եւ այլ պետական պաշտօնեաներ, հասարակական ու մշակութային գործիչներ:








All the contents on this site are copyrighted ©.