2016թ. մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայ կաթողիկէ Ծինուբան գիւղում տեղի ունեցաւ խաչքարի հանդիսաւոր բացում և օծում` ձեռամբ Հոգշ. Հ.Անտոն վրդ.Գրիգորյանի և առընթերակայութեամբ Ծինուբանի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանի: Օծման արարողութեանը ներկայ էր յուշակոթողի հովանաւոր, ծնունդով նոյն գյուղից, Ալմա Աթայում բնակուող, բարերար Յարութիւն Սերոբյանը, ինչպէս նաև բազմաթիւ հիւրեր և գիւղի բնակիչներ:
Խաչքարն անուանուել է Սուրբ Խաչ: Այն նուիրուած է գիւղի գերեզմանատան ննջեցեալների յիշատակին:
Խաչքարը խորհրդանշում է քրիստոնէութեան հիմնական գաղափարը` Յիսուս Քրիստոսի փրկագործութիւնը: Գլխաւոր տարրը խաչն է` փրկութեան խորհրդանիշ:
Խաչքարի օծման արարողութիւնից յետոյ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանի ձեռամբ մատուցուեց Սուրբ և Անմահ պատարագ` նուիրուած Ծինուբան գիւղի ննջեցեալներին: Նա իր քարոզի ընթացքում ասաց.
«Սիրելի՛ հաւատացեալ ժողովուրդ, այսօրեայ «Սուրբ խաչը» նուիրուած է Ծինուբան գիւղի ննջեցեալներին: Այս տեսակ կոթող, այս տեսակ սուրբ պահապան խաչը պէտք է հովանի լինի մեր բոլոր ննջեցեալներին: Այս օրերը` մեր Ծինուբան գիւղի համար շատ նշանաւոր օրեր են, քանի որ, մենք զգացինք, որ մենք մենակ չենք, մենք մոռացուած չենք, մեր գիւղը չի մոռացուել և չմոռացուի, չնայած, որ փոքրագոյնն ենք, բայց կանք ու գոյութիւն ունենք: Եւ աւելին, մեր սիրելի եղբայր Յարութիւնը մեզ քաջալերեց` սուրբ խաչերով զարդարեց մեր գիւղը: Անցած տարի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած խաչքար օծուեց գիւղի Սբ. Աստուածածին եկեղեցուն կից: Եւ այս տարի արտասուելով ապրիլի 24-ի արարողութիւնը կատարեցինք այդ Սուրբ խաչի առջև: Այլևս մենք չենք կարող անտարբեր անցնել ապրիլի 24-ի կողքով, քանի որ այդ խաչը կխօսի՝ կոչ անելով. «Մօտեցե՛ք ինձ և չմոռանա՛ք այն զոհերը, որ գնացին անմեղ»:
Մեր գիւղի անունից շնորհունակութիւն եմ յայտնում Յարութիւն Սերոբյանին, որ մեր սրտերում հուր, կրակ դրեց, որը երբեք չի մարի: Ամեն:»
Խաչքարի բացման արարողութեանը իրենց ելոյթներով հանդէս եկան նաև գիւղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները:
Իսկ մայիսի 7-ին Ծինուբանի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քհն. Գրիգորյանը օրհնեց գիւղից քիչ հեռու կառուցուած մի մատուռ և խաչ:
Լիլիթ Մկրտչյան
Քաղուած armenianchurchco.com կայքէն
Քաղուած
All the contents on this site are copyrighted ©. |