2016-03-29 11:32:00

Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Սուրբ պատարագ մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասեան


Աւագ Շաբաթուայ երեկոյեան  բոլոր եկեղեցիներում բացուեցին խորանների վարագոյրները, մատուցուեց Ճրագալոյցի Սուրբ Պատարագ`ազդարարելով Փրկչի հրաշափառ Յարութեան աւետիսը, իսկ կիրակի օրը մեծ շուքով մատուցուեց Յարութեան Սուրբ Պատարագը:

Գիւմրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ աթոռանիստ տաճարում մարտի 26-ի երեկոյեան  նախատօնակը սկսուեց երեկոյեան ժամերգութեամբ, որի ընթացքում եկեղեցու  սպասաւորները ընթերցեցին հատուածներ  Սուրբ Գրքից` արարչագործութեան պատմութիւնը, Աբրահամի հաւատարմութեան պատմութիւնը, մարգարէութիւններ: Ընթերցումները եզրափակուեցին Դանիէլի մարգարէութեան այն հատուածով, որտեղ պատմւում է երեք մանկանց կրակի ճիրաններից Աստծոյ զօրութեամբ փրկուելու մասին: Երեք մանուկները քաջութեամբ դարանեցին Աստծոյ հանդէպ իրենց հաւատքն ու վստահութիւնը, որոնք օրինակ են իւրաքանչիւրիս, որպէսզի հաստատուն  մնանք մեր հաւատքի մէջ ու հաւատարմօրէն կատարենք Աստծոյ պատուիրանները:

Ընթերցուած բոլոր հատուածները հաւատացեալներին պատրաստում են ընկալելու Յիսուս Քրիստոսի միջոցով մեղքի գերութիւնից ազատագրուելու և Սուրբ Յարութեամբ նոր կեանք սկսելու խորհուրդները:

Ճրագալոյցի Սուրբ Պատարագը մատուցեց Տէր Գրիգոր ավ. Քհն. Մկրտչեանը: Նա իր քարոզում հաւատացեալների ուշադրութիւնը հրաւիրեց Յիսուս Քրիստոսի հրաշքների, չարչարանքների  ու խաչելութեան խորհուրդների վրայ.   

«Սիրելի հաւատացեալներ,  Յիսուսն ասում է.«Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Երբ Յիսուսը հանդիպում է  իր առաքեալներին, առաջին բանը, որ Նա անում է` խաղաղութիւն է տալիս: Մտնում և ասում է. «Խաղաղութիւն ամենեցուն…Ես իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ»` բոլորիդ: Այն խաղաղութիւնը, որ պէտք է տիրի Ձեր սրտերում և ձեր հոգիներում, որպէսզի դուք չտրտմէք և սպասէք այն ժամին, երբ ես գամ ձեր մէջ, որպէսզի այդ խաղաղութիւնը ձեր մէջ լիարժէք լինի: Մի՛ վախեցէք, Աւետարանի մէջ շատ անգամ Յիսուսն ասում է  իր աշակերտներին, մարդկանց, մի վախեցէք, որովհետև ես ձեզ հետ եմ: Նոյն խօսքերը այսօր Յարութիւն առած Քրիստոսը ասում է. «Մի՛ վախեցէք, որովհետև ես ձեզ հետ եմ»: Աւագ շաբաթուայ ընթացքը, որ մենք միասին անցանք և տեսանք նաև դաւաճանութիւն Քրիստոսի հանդէպ, ատելութիւն Իր հանդէպ, մատնութիւն խաչելութիւն, թաղում, և սակայն, Յիսուսն ասում է. «Հայր ներիր նրանց, որովհետև նրանք չգիտեն, թէ ինչ են անում»:

Ճրագալոյցի երեկոյից սկսած առաջիկայ յիսուն օրերին  քրիստոնեաները միմեանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» աւետիսով և ստանում  «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» պատասխանը:

Ղուկաս աւետարանիչը գրում է, որ կիրակի առաւօտեան, իւղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Յակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբոյր իւղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացուած է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում: Այստեղ չէ, այլ յարեաւ» (Ղուկ. 24:5-6):

Յարութեան լուրը կանայք աւետեցին առաքեալներին, որից յետոյ Յիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Յարութիւնը քրիստոնէական վարդապետութեան և հաւատի հիմքն է: «Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա և Քրիստոս յարութիւն չի առել: Եւ եթէ Քրիստոս Յարութիւն չի առել, իզուր է մեր քարոզութիւնը, իզուր է և ձեր հաւատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Գիւմրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ  և Անմահ պատարագը մատուցեց  Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը,  առընթերակայութեամբ  Տէր Գրիգոր ավ. քհն. Մկտչեանի.

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն իր խօսքն ուղղելով ներկաներին՝ ասաց հետևեալը. 

«Սիրելի քոյրեր և եղբայրներ: Այս է ուրախութիւնը` Մարիամ Մագդաղենացին և երկու կանայք գնացին դէպի գերեզմանատուն  և տեսան, որ գերեզմանը բաց է: Հին Կտակարանում Աստուած կանչեց Մովսեսին դէպի Սինա լեռը և ուխտ կնքեց նրա հետ և իրեն մի վստահութիւն տուեց` ասելով, թէ հրաշալիքներ պէտք է տեսնէք, եթէ հաւատարիմ մնաք  ինձ: Եթէ ձեր զաւակները,  եթէ ձեր բոլոր գերդաստանը և սերունդները հաւատարիմ մնան ինձ, հրաշալիքները պիտի շարունակեն տեսնել: Իսկ եթէ ոչ, ապա պիտի մեռնեն, պիտի մահանան: Քրիստոս, սակայն իր մահով փոխեց ամբողջ այդ ուխտը, և Իր մահով յաղթեց մահուանը: Եւ մեզ ուրիշ ապահովութիւն տուեց, որը շարունակութիւնն  է առաջին ուխտի. «Նրանք, ովքեր պէտք է հաւատարիմ մնան ինձ, նրանք, որ պէտք է հաւատան և իրենց հաւատքի մէջ պիտի ամուր մնան` նրանք երկրային կեանքից յետոյ յարութիւն պիտի առնեն:

Ուզում եմ օգտուել առիթից և ուրիշ մօտեցումով ասել, որ մենք կարող ենք Յարութիւն առնել ամեն օր: Ինչպէս. երբ ես ունենամ մեղքից դուրս գալու զգացողութիւնը, երբ զղջամ, խոստովանեմ.ես յարութիւն եմ առնում: Արդ, ամեն անգամ, որ ես այս վիճակի մէջ` մեղաւորի վիճակի մէջ մնամ, յոյսը չեմ ունենայ Յարութեան: Այսօր մենք` հաւատացեալներս ի Քրիստոս ունենք մի յոյս, որը մեզ տրուած է Քրիստոսի Յարութեամբ: Ով որ ինձ հաւատայ և ինձ հաւատարիմ մնա, պէտք է տեղ ունենայ իմ հօր մօտ, ով այս երկրից չէ, այլ երկնքի արքայութեան մէջ է…

 

Այս ուրախութիւնը, որին այսօր պէտք է մեր սրտերում անդրադառնանք և ինքներս մեզ հարցնենք`ով եմ ես, ինչ եմ ուզում:  Բաւարար չէ գնալ միայն եկեղեցի, Պատարագին ներկայ գտնուել և ապրել լրիւ տարբեր` ոչ քրիստոնեայ կեանքով…

Ես չեմ ուզում, որ եթէ այսօր ուրախ ենք, խանդավառ ենք Քրիստոսի Յարութեամբ, տօնում ենք լաւ ճաշերով, պտոյտներով, իսկ վաղը նորից շարունակենք ապրել մեղքի մէջ…

 

Հետևաբար մնանք ուրախ, խանդավառ, Քրիստոսի և Աստուծոյ պատուիրանների մէջ միշտ հաւատարիմ: ԱՄԷՆ:

 








All the contents on this site are copyrighted ©.