2016-03-21 13:43:00

Ծաղկազարդի տօնը հայ կաթողիկէ համայնքներում


2016թ․ մարտի 20-ին Կաթողիկէ Եկեղեցին նշեց Ծաղկազարդի տօնը, որը նուիրուած է Յիսուս Քրիստոսի` Երուսաղեմ յաղթական մուտքի խորհրդի։ Հայ կաթողիկէ բոլոր համայնքներում մատուցուել է Սբ․ Պատարագ և կատարուել ծէսով նախատեսուած այլ արարողութիւնները։

Գյումրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ աթոռանիստ մայր տաճարում նախ  կատարուեց  երեկոյեան ժամերգութիւն և Անդաստանի կարգ, ընթացս որի օրհնուեցին աշխարհի չորս կողմերը, ըստ ծիսակարգի։ Ապա  մատուցուեց Սուրբ և Անմահ պատարագ՝ ձեռամբ Արժ. Տեր Գրիգոր ավ․ քհն․ Մկրտչյանի: Քարոզի ժամանակ Տէր Գրիգորն ասաց հետևեալը․ 

«Սիրելի՛ հաւատաւոր ժողովուրդ, ահա ետ մնացին  Քառասնորդաց շրջանի օրերը և այսօր ամբողջ Հայաստանեայց սուրբ եկեղեցիների մէջ նշում ենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի  գալուստը դէպի Երուսաղեմ: Եւ վաղուանից արդեն մտնում ենք  մի շատ կարևոր շրջան, մէկ շաբաթուայ շրջան, որը կոչւում է Աւագ շաբաթ: Զաքարիան շատ տարիներ առաջ նոյն խօսքերով  մարգարէացել է, որ Տէրը պիտի մտնի Երուսաղեմ՝ էշի վրայ նստած,  և ամբոխը նրան պիտի դիմաւորի՝ որպէս մի  նոր  թագաւոր»։

Մինչ այս խորհուրդին անցնելը Տէր Գրիգոր ավ․ քհն․ Մկրտչյանը հաւատացեալներին յիշեցրեց հրէա ժողովրդի  ելքը Եգիպտոսից դէպի Ավետյաց երկիր:

«Դուք Ծննդոց գրքում յիշում էք, որ երբ ժամը հասաւ, Աստուած Մովսէսի միջոցով  հրահանգեց հրէա ժողովրդին, որ իւրաքանչիւր  հրէա պիտի մէկ գառ  մորթի՝ որպէս Եգիպտոսից դէպի Ավետյաց երկիր ելքի խորհրդանիշ և այդ գառան թափուած  արիւնով  պիտի ներկէին իրենց տան դռները, որպէսզի մահը չմօտենար այդ դռներին : Եւ սա կոչւում է Զատիկ, այսինքն՝ ելք:  Եւ այդ ամենը կատարուեց հրէական զատիկից հինգ օր առաջ: Եւ Յիսուսն էլ հետևելով հրէական այդ սովորութեանը՝ գալիս է Երուսաղեմ, նշելու համար  Զատիկը: Սակայն մէկ կարևորութիւն կա այստեղ, եթէ  ժամանակին Աստուած հրէա ժողովրդին խրատ է տալիս վերցնել մէկ տարեկան գառ և մորթել, ապա այս  պարագայում Գառը ինքն է, որ գալիս է մորթուելու և արիւնը հեղելու մարդկութեան բոլոր մեղքերի թողութեան համար: Աւետարանում մէջ շատ անգամ ենք տեսնում, թէ հրէա ժողովուրդը  ինչպէս  է փորձում սպանել Յիսուս Քրիստոսին, սակայն ամեն անգամ նա հեռանում է, որովհետև դեռ ժամանակը չի հասել: Այս անգամ Յիսուս ինքն է կամաւոր գալիս մորթուելու …»

Տէր Գրիգորը ապա հաւատաւոր ժողովրդի հետ կիսուեց տօնի խորհրդի մասին իր մտքերով .

«Յիսուս, երբ մտաւ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդում էր մարդկանց այդ կանչերից, գոչիւններից, մարդիկ իրենց շորերը հանում և փռում էին ճանապարհի եզերքին, որտեղից, որ Յիսուսն անցնելու էր: Եւ յետոյ մենք տեսնում ենք, որ Աւագ Հինգշաբթի օրը այս նոյն մարդիկ Քրիստոսի զգեստներն են հանում նրա վրայից, մենք տեսնում ենք, թէ  ինչպէս Յիսուս,երբ մտնում է Երուսաղեմ, մարդիկ ձիթենու ճիւղերը  շաղ էին տալիս գետնի վրայ, սակայն նոյն Հինգշաբթի օրը մենք տեսնում ենք, թէ ինչպէս այդ նոյն մարդիկ Քրիստոսին խփում էին այդ նոյն ճիւղերով: Մենք տեսնում ենք, որ Քրիստոսին ասում են «Ովսաննա Դաւիթի որդուն», սակայն կարճ ժամանակ յետոյ մենք տեսնում ենք, թէ ինչպէս այդ նոյն մարդիկ գոռում են  «Խաչ հանէք սրան ..․

Սիրելիներս, երբեք չի աւարտւում մեր կեանքը  այս աշխարհում, այլ մենք ենք, որ Քրիստոսի հետ պիտի միանանք։ Եւ այս է հրաւէրքը, չնմանեցնենք այս նոյն հրէա ժողովրդին, ցնծութեամբ  չընդունենք, ցնծութեամբ չհանենք մեր շորերը, ծաղիկները, ճիւղերը և փռենք գետնին, այլ որ իսկական իմաստով ասենք թէ Դու ես Քրիստոս, որ տալիս ես ինձ կեանք և պիտի տաս, պիտի միանաս ինձ  և ես պիտի միանամ քեզ: Եւ չնմանուենք  այդ նոյն հրէա ժողովրդին, որ ցնծութեամբ ընդունում է  Քրիստոսին  և յետոյ Խաչ հանում նրան» ։

Ծաղկազարդի օրը Գյումրիի հայ կաթողիկէ երիտարդաց միութեան անդամները եկեղեցին զարդարել էին  ուռերու ճիւղերով: Սբ․Պատարագից յետոյ օրհնուեցին ճիւղերը և  բաժանուեցին հաւատացեալ ժողովրդին:








All the contents on this site are copyrighted ©.