2016-03-08 11:38:00

Ֆրանչիսկոս Պապը միութեան խորհրդանիշ քար է նուիրել Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն։


Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Գիւմրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկէ տաճարին նուիրել է խորհրդանշական մի քար՝ վերցուած Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի ''Սուրբ Դռան'' պատից՝ ի նշան միութեան և հաղորդութեան: Սրբազան Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անճելօ Քոմաստրին՝ յատուկ նամակի հետ միասին:

2015թ. դեկտեմբերի 8-ով թուագրուած այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նուիրած քարը զետեղուած էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մէջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբութիւն Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցուեց Ողորմութեան յոբելենական տարուայ բացման առթիւ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին Անարատ Յղութեան տօնին:

Գրուած է նաև, որ այս քարը նուիրւում է «որպէս նշան սերտ հաղորդութեան Սրբազան Քահանայապետի հետ, որը յաջորդն է Պետրոս առաքեալի և որպէս մասնակցութիւն հոգևոր շնորհների յոբելենական տարուայ»:

Կարդինալն այնուհետև գրում է.

«Լիայոյս ենք, որ Ողորմութեան Սուրբ Տարուայ ընթացքում ձեր սրտերը խաղաղութեամբ կլցուեն, ինչը աստուածատուր մի շնորհ է, որպէսզի կարողանաք սերմանել բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր հանդիպելու են ձեզ»:

Խորհրդանշական քարը կը զետեղուի Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատին:

Կարդինալ Քոմաստրիի նամակը








All the contents on this site are copyrighted ©.