2016-02-03 13:19:00

Տեառնընդառաջի տօնը՝ հայ կաթողիկէ համայնքներում


Տեառնընդառաջի տօնին՝ փետրուարի 2-ին հայ կաթողիկէ համայնքներում մատուցուեց Սբ. Պատարագ, վառուեց խարոյկ, երիտասարդները տօնական միջոցառումներ կազմակերպեցին:

Գիւմրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն, ըստ ծիսակարգի, ապա Արժ. Տ. Տէր Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանը մատուցեց ձայնաւոր Սբ. Պատարագ: Քարոզի ժամանակ Տէր Գրիգորը ուշադրութիւն հրաւիրեց քառասնօրեայ Յիսուս մանկանը Տիրոջ տաճար բերելու մասին աւետարանական պատմութեան վրայ, որը ներկաները լսեցին Աւետարանի ընթերցման հատուածում.

«Այն ուրախութիւնը, որ ունէին Մարիամը, Յովսէփը, Սիմէոն ծերունին և Աննա մարգարէուհին, երբ Յիսուս մանկանը ընծայեցին տաճարին, այդ նոյն ուրախութիւնը պիտի թևածի այսօր նաև մեր մէջ: Ինչու՞ ենք գալիս եկեղեցի: Որպէսզի համախմբուենք և միանա՛նք մեր Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին և Նրա հետ միասին միանանք Հայր Աստծուն:

Յիսուս իր գալուստով բերեց փրկութեան Աւետարանը: Փրկութիւնն այս էր.ով Յիսուսի հետևից գնա, կճաշակի կենդանի Հացը, կունենայ յաւիտենական կեանքը: Երբ Սիմէոն ծերունին ասաց, թէ իր աչքերով տեսաւ աշխարհի փրկութիւնը, Աննան ևս խօսեց մանկան մասին այն մարդկանց, ովքեր սպասում էին աշխարհի փրկութեանը, նոյն ուրախութեամբ և մե՛նք պէտք է այսօր այդ աւետիսն ազդարարենք: Աշխարհի Փրկիչը Քրիստո՛սն է, Իր միջոցով պէտք է ապահովենք մեր փրկութիւնը՝ սիրելով միմիանց, խոնարհութեամբ, առանց բարկութեան և երկմտութեան պէտք է մօտենանք Տէր Յիսուս Քրիստոսին:

Այսօրուայ Սուրբ Պատարագը մատուցում ենք այն յոյսով, որ մանուկ Յիսուս մնա մեր սրտերում և հոգիներում, որպէսզի մենք էլ լինենք մաքուր ու արդար՝ Իր պէս: Յիսուս ասում է՝ թոյլ տուէք, որ այդ մանուկները գան ինձ մօտ: Մենք էլ մանկան նման պէտք է մօտենանք Իրեն:

Տէ՛ր, դու՛ ես մեր Փրկիչը, կեանքը և յարութիւնը.Ամէն»:

Յաւարտ Սբ. Պատարագի, կատարուեց մոմերի օրհնութեան կարգ: Ապա հավատացյալները խմբուեցին եկեղեցու բակում պատրաստուած խոտի դեզի շուրջ: Սարկաւագն, ըստ ծիսակարգի, ընթերցեց Ղուկասի աւետարանի Բ, 22-40 համարները: Սիմէոն ծերունու «Լո՛յս ի յայտնութիւն հեթանոսաց…» խօսքերն ընթերցելիս՝ կրակի լոյսը բոցավառեց խոտի դեզը, վառուեց խարոյկը՝ ի նշան Յիսուս Քրիստոսի փրկչական լոյսի, որը լուսաւորում է խաւարի մէջ քայլողներին և առաջնորդում դէպի Լոյսն Աստուածային:








All the contents on this site are copyrighted ©.