2016-01-13 11:24:00

Ձիթհանքով գիւղում օրհնուել է նորակառոյց Կարմիր Աւետարան մատուռը


2016թ. Յունուարի 12-ին Անիի տարածաշրջանի Ձիթհանքով գիւղում օրհնուել է նորակառոյց մի մատուռ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի և առընթերակայութեամբ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Ձիթհանքովի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսեանի, գիւղի կաթողիկէ հաւատացեալների ներկայութեամբ:

Մատուռը կառուցուել է Ռուսաստանում բնակուող ծնունդով նոյն գիւղից Արագած Պապոյանի ֆինանսական միջոցներով և նախաձեռնութեամբ: Մատուռն անուանել են Կարմիր Ավետարան, որը հնում գիւղում պահուած մի հին աւետարանի անունով է: Այդ Կարմիր Աւետարանը գիւղ են բերել թերեւս առաջին ներգաղթեալ հայ կաթողիկէները՝ Արևմտեան Հայաստանի Ալաշկերտ գաւառից, 1830-ականներին: Հետագայում Կարմիր Ավետարանը նուիրել են Էջմիածնի թանգարանին, որտեղ էլ այն հիմա պահվում է: Մատուռը ժամանակի ընթացքում կիսավեր է դարձել, տեղում կառուցել են նորը, որը և օրհնուեց Սրբազան Հոր ձեռամբ:

 Մատրան օրհնութիւնից յետոյ Սրբազան Հայրն ասաց.

«Ուրախ եմ, որ օրհնեցինք այս մատուռը, որ դառնայ ձեզ համար ապաստարան՝ դժուարութեան մէջ և հոգևոր կեանքի աղբիւր: Երբեմն գործի մէջ պէտք է յիշենք Աստծուն նուիրուած այն տները, ուր կարողանանք մեր սրտի սփոփանքը ստանալ: Շնորհաւորում եմ ձեզ»:

 Գիւղի ժողովրդապետը շնորհակալութիւն յայտնեց Սրբազանին.

«Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ, որ այդքան բազմազբաղ լինելով հանդերձ կարողացաք ժամանակ գտնել և օրհնել այս մատուռը: Աղօթենք, որպէսզի Աստուած ուղղորդի մեր եկեղեցին դէպի պայծառութիւն և մենք էլ կարողանանք իրականացնել մեր առաքելութիւնը մեր համայնքներում»:

Ձիթհանքովում կա երկու գործող եկեղեցի՝ կաթողիկէ և առաքելական: Կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցուել է 1901թ.: Գիւղն ունի մօտ 1400 բնակիչ, որոնց մօտ 30 տոկոսը կաթողիկէ են:

 








All the contents on this site are copyrighted ©.