2015-12-28 10:26:00

Սբ. Ծննդեան տօնակատարութիւնները՝ Հայաստանի կաթողիկէ համայնքներում


«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Գիւմրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ աթոռանիստ տաճարում տեղի ունեցաւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան անդրանիկ տօնակատարութիւնը՝ կրկնակի ուրախութեան առիթ ամբողջ առաջնորդութեան հաւատացեալների համար: Յիսուս Մանկան Ծննդեան աւետարանական տեսարանը՝ գեղեցիկ արձանիկներով, մսուրի պատկերով, առաջնորդող յոյսի աստղը վերևում՝ մուգ կապոյտ ֆոնի վրայ, լոյսերով զարդարուած տօնածառերով մի խորհրդաւոր մթնոլորտ էր ստեղծել տաճարի ներսում, հենց ատեանի կողքին՝ ի տես բոլոր հաւատացեալների և, յատկապէս, մանուկների, ովքեր մօտենում ու հրճւում են իրենց համար դեռևս անհասկանալի տեսարանով:

Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, ըստ կարգի, նախատօնակը սկսուեց երեկոյեան ժամերգութեամբ, որի ընթացքում Սբ. Խորանի սպասաւորները ընթերցեցին հատուածներ մարգարէութիւններից՝ Փրկչի ծննդեան մասին, արարչագործութեան մասին՝ նիւթ տալով հաւատացեալներին խորհրդածելու Սբ. Ծննդեան խորհրդի և Քրիստոսով նոր կեանք սկսելու հնարավորության և պարտականութեան մասին:

Ճրագալոյցի Սբ. Պատարագի ժամանակ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանն իր քարոզում հաւատացեալներին հրաւիրեց խորհրդածելու Աստծոյ Խօսքի մասին, որ է Յիսուս Քրիստոս.

«Ի՞նչ է ասում այդ Խօսքը մեզ: Այդ Խօսքը Ողորմութիւնն է՝ ի պատասխան մեր մեղքերի, սէ՛ր է՝ ի պատասխան մեր տկար սիրոյ, արդարութիւն է՝ ի պատասխան մեր արդարութեան պահանջի: Աստուած  սէր է, եղբայրսիրութիւն է, ողորմութիւն է: Մանաւանդ, այս տարուայ ընթացքում այդ մասին երբեք չպէտք է մոռանանք, որ Աստուած ողորմութիւն է, ապա թէ ոչ մեզնից ոչ ոք չի կարող ապրել այս աշխարհում՝ մեր մեղքերի պատճառով:

Աստծոյ Խօսքը մեզնից ակնկալում է վստահութիւն, հաւատք և լսելու ունակութիւն: Այսօր պէտք է ինքներս մեզ հարցնենք՝ ինչպիսի՞ն է իմ խօսքը, արդեօ՞ք մարդիկ իմ խօսքից մխիթարւում են, զօրանու՞մ են բարիք գործելու մէջ, հաւատքի մէջ, թէ՞ իմ խօսքից յետոյ ընկճւում են: Իմ խօսքը շինի՞չ է, թէ քանդող: Ի՞նչ արդիւնք է տալիս իմ Խօսքը, իմ շուրջը, իմ մէջ և այլ մարդկանց մէջ:

Քրիստոս Աստծոյ Խօսքն է, որ Մարմին եղաւ: Ամբողջ աշխարհը այս Մարմինը տեսաւ, այն Խաչին գամուեց, այդ Խօսքը մեր սրտերի մէջ է մարմնացել: Իսկ մեր խօսքը, մեր հաւատքը արդեօ՞ք մարմնանում է մեր կեանքում, թէ մնում է լոկ խօսք՝ չտալով որևէ պտուղ:

Ամբողջ պատգամը Սբ. Ծննդեան, Խօսքը՝ Քրիստոս, որ Մարմին եղաւ, Յաւիտենական Խօսքը, որ միշտ արդիական է, որ մեզնից սպասում է, որ մենք անսանք և հետևենք Իրեն: Մենք տեսանք Աստծոյ սէրը՝ մարմնացած՝ ի դէմս Յիսուս Քրիստոսի, և, միևնոյն ժամանակ, մենք պատասխանատու ենք մեր խօսքի համար, թէ ինչ պտուղ կտա մարդկանց սրտերում: Թող Քրիստոսի Ծննդեան այս ուրախ լուրը մեր սրտերը համակի ուրախութեամբ, սիրոյ լոյսով, թող մխիթարի մեր սրտերը և թող ունակութիւն ծնի մեր մէջ՝ միշտ հետևելու Տիրոջ Խօսքին»:

Յաւարտ Սբ. Պատարագի, հոգևորականների թափօրը, շարականների հնչիւնների ուղեկցութեամբ՝ մանուկ Յիսուսին Սբ. Խորանի սեղանից տեղափոխեց մսուրի մէջ՝ Սրբուհի Մարիամի և Սուրբ Յովսէփի մէջտեղը: Հոգևորականները երկրպագեցին Սուրբ Ընտանիքին: Ժողովրդին բաժանուեցին մոմեր, որոնք անմիջապէս վառուեցին, տաճարը ողողուեց լոյսերով, Յիսուս Մանկան ծնունդն աւետող գեղեցիկ շարականներով և ուրախ բացականչութիւններով.

Հաւատացեալների համար մեծ ուրախութիւն էր Սբ. Ծննդեան տօնին վայելել Սրբազան Հոր՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի ներկայութիւնն ու հայրական խօսքը: Դեկտեմբերի 25-ին Սբ. Ծննդեան տօնական Սբ. Պատարագը մատուցուեց ձեռամբ Սրբազան Հօր, առընթերակայութեամբ գերապատիւ հայրեր Հ. Պետրոս վրդ. Եսայանի և Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկի:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն իր խօսքն ուղղելով ներկաներին՝ ասաց հետևեալը.

«Սիրելի՛ քոյրեր և եղբայրներ: Գեղեցիկ մի առիթ է՝ Քրիստոսի ծննդեան տարեդարձը տօնելը: 2015 տարի Քրիստոս, մարդեղանալով, ապրեց մեզ հետ՝ կրելով մարդկային բնութեան ամբողջ նկարագիրը: Ինչու՞: Իսկ ամենահետաքրքիր երևոյթն այն էր, որ ծնուելիս տեղ չունէր, աղքատներից աւելի աղքատ էր, մսուրի մէջ, անասունների հետ: Ինքը՝ Աստուած, որ թողնում է յաւիտենական փառքը, պատիւը և գալիս է ծնուելու անասունների կողքին: Ի՞նչ է սրա իմաստը: Մարդասիրութիւն՛ը: Աստուած մեզ սիրե՛ց և մեր սիրոյն համա՛ր կրեց այս բոլոր դժբախտ և դժուարին պահերը: Ոչ միայն մարդասիրութիւն, այլեւ ողորմածութիւն՛ն, որպէսզի կարողանայ գալ և մեզ քաշել դէպի վեր՝ հաշտեցնելու Հայր Աստծոյ հետ:

Ի՞նչ ենք անում մենք Քրիստոսի մեզ արած մեծ բարիքի դիմաց: Ուրախանում ենք, ճաշկերոյթ ենք սարքում, իրար շնորհաւորում էք, ընտանիքներով հաւաքւում էք: Իսկ յետոյ՞: Երբ մնում եմ խղճիս հետ, ի՞նչ եմ ասում: Եթէ ընդունում ենք, որ քրիստոնեայ ենք, ուրեմն, պարտականութիւն ենք յանձն առել:

Մտածե՛նք, որ Քրիստոսի գերազանց սիրոյ դիմաց դաւաճանութիւն, ապերախտութիւն կա: Սա արդեօ՞ք կարող է մխիթարել սիրող սրտին:

Որպէսզի այս տարի յիշենք այս մարդասիրութիւնը, որ մեր հանդէպ ցոյց տուեց Քրիստոս՝ չարչարուելով, խաչուելով, մեռնելով մեզ համար, մենք պէտք է կարողանանք երախտապարտ լինենք այդ սիրոյ հանդէպ՝ սէր արտայայտելով: Հեշտ է դա, եթէ կարողանանք միմեանց մէջ տեսնել Քրիստոսին, ամեն անհատի ժպիտի մէջ տեսնել գալիք յաւիտենական երջանկութիւնը: Ամէնքս միասին պէտք է այդ վստահութիւնը և անկեղծութիւնը ունենանք միմեանց և Աստծոյ հանդէպ:

Կուզենամ, որ ձեզնից իւրաքանչիւրը ունենայ պարզ մօտեցում՝ Քրիստոսի հանդէպ և տեսնի, թէ ինքը որտեղ է կանգնած»:

Սրբազան Հայրը յիշեցրեց փարիսեցու և մաքսաւորի մասին աւետարանական առակը՝ որպէս օրինակ Աստծոյ հանդէպ անկեղծ և կեղծաւոր, խոնարհ և եսակենտրոն վերաբերմունքի: Իւրաքանչիւր հաւատացեալի համար աւելի մեծ օգնութիւն կլինի հոգևոր զարգացման համար, եթէ ամէն օր գէթ մէկ նախադասութիւն ընթերցի Սուրբ Գրքից և խորհրդածի դրա շուրջ: Սա հիմնովին կփոխի Իւրաքանչյուրիս կեանքը, վստահ է Սրբազան Հայրը:

Նոյն օրը երեկոյեան Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցում մատուցուեց ևս մէկ Սբ. Պատարագ ՝ձեռամբ Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկի՝ նրանց համար, ովքեր չէին կարողացել ներկայ գտնուել առաւօտեան Սբ. Պատարագին:








All the contents on this site are copyrighted ©.