2015-12-12 09:30:00

Ողորմութեան տարուայ մեկնարկ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Տաճարում։


«Ամէնքս միասին՝ որպէս մէկ հոգևոր ընտանիք, պէտք է կարողանանք վկայել Աստուածային գերագոյն սիրոյ և ողորմութեան մասին».Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեան

2015թ. դեկտեմբերի 9-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնեց Աստուածածնի Անարատ Յղութեան տօնը: Բոլոր եկեղեցիներում մատուցուել է Սբ. Պատարագ: Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սբ. Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը՝ առընթերակայութեամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի, Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի և Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի: Արարողութեանը ներկայ էին նաև Անարատ Յղութեան առաքինազարդ հայ քոյրեր, Գթութեան առաքինազարդ քոյրեր՝ Սպիտակի տնից, հաւատացեալներ:

Անարատ Յղութեան տօնին Կաթողիկէ Եկեղեցում մեկնարկեց Աստուածային Ողորմութեան յոբելենական տարին՝ հռչակուած Սրբազան Ֆրանչիսկոս Քահանայապետի կոնդակով: Ողորմութեան տարուայ բացումը, ինչպէս շատ եկեղեցիներում, Գիւմրիում ևս կատարուեց Ողորմութեան Սուրբ Դռան բացման արարողութեամբ: Դռնբացէքի գեղեցիկ արարողակարգը կատարուեց Սբ. Պատարագից առաջ: Հոգևորականների, սպասաւորների և երգչախմբի թափօրը, շարականների հնչիւնների ուղեկցութեամբ, մօտեցաւ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարի գլխաւոր մուտքին: Սրբազան Հայրը ձեռաց խաչով երեք անգամ թակեց դուռը՝ ասելով հետևեալ գեղեցիկ աղօթքը.

Դուռը բացելով՝ թափօրը, հաւատացեալների բազմութեան հետ միասին ներս մտաւ Տաճար: Ատեանում Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանն ընթերցեց Ֆրանչիսկոս Սրբազան Պապի աղօթքը՝ Ողորմութեան տարուայ համար, ապա սկսուեց Սուրբ Պատարագը: Որպէս Աստուածային ողորմութեան մի գեղեցիկ արտայայտութիւն, յընթացս Սբ. Պատարագի, կատարուեց դպիր Լևոն Գալստյանի սարկաւագական ձեռնադրութիւնը:

Ըստ կարգի, դպիրը ծնրադիր և ձեռնամած դիրքով հրաժարուեց սատանայից ու աշխարհական բարքերից՝ իր ուսերին զգալով քահանաների զօրակցութիւնը՝ ձեռնադրութեամբ: Ապա, Սրբազան Հոր ձեռնադրութեամբ դպիրը ստացաւ աստուածային շնորհ, որպէսզի ի զորու լինի քահանաների հետ միասին մասամբ տանել Տէր Յիսուս Քրիստոսի լուծը: Տիրոջ բեռը մասամբ կրելու խորհրդանշանն է ժապաւէնը, որը նորընծայ սարկաւագը ստացաւ եպիսկոպոսից, ինչպէս նաև իշխանութիւն՝ Սբ. Պատարագի ժամանակ Աւետարանն ընթերցելու, հաւատացեալներին Սբ. Հաղորդութիւն բաշխելու և խնկարկելու:

Իր քարոզի ժամանակ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը նախ շնորհաւորեց նորընծայ սարկաւագին և մաղթեց՝ պատրաստուել քահանայական ձեռնադրութեան՝ ասելով հետևեալը.

«…որովհետև լրիւ իմաստալից նշանակութիւն ունի այսօրեայ ձեռնադրութիւնը՝ այն օրը, որ Ընդհանրական Եկեղեցին հաստատում է Աստուածային Ողորմութեան տարուայ սկիզբը: Ողորմութիւնը գերագոյն և գերազանց աստուածային սիրոյն նշանն է: Քրիստոս եղաւ տեսանելի դէմքը անտեսանելի Հայր Աստծոյ: Աստուած դէմք առաւ և մեզ նման ապրեց այս աշխարհում՝ Իր գերագոյն սերը, գուրգուրանքը փաստելով մարդկութեանը, կերակրելով աղքատներին, հիւանդներին առողջութիւն տալով, գերիներին ազատելով և, նոյնիսկ, մեռելներին յարութիւն տալով: Եւ այս բոլորը ցուցմունքն է՝ այն աստուածային ողորմութեան, որ Աստուած ունի մարդկութեան հանդէպ»:

Սրբազան Հայրը դիմեց ծնողներին և հրաւիրեց անդրադառնալու զաւակների ապերախտութեան երևոյթին՝ ի դէմս ծնողական մեծ սիրոյ և նուիրումի: Զաւակի ապերախտութեանը ծնողը կարող է պատասխանել անէծքներով: Բայց Աստծոյ և մարդու յարաբերութեան պարագային իրականութիւնը տարբեր է:

«Ու՞ր է մեր պատասխանը, ինչո՞վ ենք պատասխանում Հայր Աստծուն, Սուրբ Երրորդութեանը, որ այսքան բարիքներ արեց, անում է և դեռ պէտք է անի:

Որքան էլ մենք մեղանչենք, որքան էլ մենք ընկնենք, Աստուած այնքան աւելի գթասիրտ ու ողորմած է, պատրաստ՝ մեզ հեռացնելու վտանգներից: Այսօրեայ արարողութեան ժամանակ բացեցինք դուռը, մենք ամէնքս դուրսն էինք: Դրսից ներս մտնելը ի՞նչ է նշանակում. Ա՛յն, որ մենք ճանաչում ենք, որ մեղքի մէջ էինք, և դա ընդունելով՝ անցնում ենք խաւարից դէպի լոյսը, դէպի խորանը, դէպի Քրիստոսը՝ Նրա միջոցով հաշտուելու Հայր Աստծոյ հետ: Եթէ ընդունում ենք, ուրեմն զղջում ենք: Սա՛ է Տիրոջ նկատմամբ մեր սիրոյ արտայայտութիւնը:

Ի՞նչ է խոստովանութիւնը: Պէտք է կարողանանք արտայայտել մեր սերը, ասել՝ ես մեղանչեցի: Ներումը, որ քահանան տալիս է, դա արդեն աստուածային մի պարգև է, որով մենք ուղղակիօրէն լոյսի մէջ ենք մտնում, յաւիտենական կեանքի լոյսի մէջ ենք ապրում»:

Քարոզի վերջում իր խօսքը դարձեալ ուղղելով նորընծայ սարկաւագին՝ Սրբազան Հայրն ասաց.

«Ողորմութեան տարուայ այս առաջին օրը դու ստանում ես մի պարգև՝ ծառայելու համար Աստծոյ Սեղանին, սա աստուածային սիրոյ գերագոյն արտայայտութիւնն է քո կեանքում, քո ընտանիքի կեանքում: Մաղթում եմ, որ նաև երկրորդ առիթին, որ Անարատ Յղութեան գեղեցիկ տօնն է,  Աստուածամայրը, Սբ. Երրորդութիւնը Ողորմութեան տարուայ ընթացքում քեզ համար և մեզ բոլորիս համար դառնան  աղբիւր՝ ուրախութեան, մաքրութեան, շնորհքի, հարազատութեան և վկայութեան»:

Քաղուած armenianchurchco.com կայքէն։

 








All the contents on this site are copyrighted ©.