2015-12-07 11:47:00

Հայ կաթողիկէ երկու հոգևորական Լեհաստանում մասնակցեց ԵՀՕ-2016-ի Բ միջազգային ժողովին


2015թ. նոյեմբերի 25-29-ը Լեհաստանի Կրակով, Վիելիչկա, Վադովիցե (Krakow, Wieliczka, Wadowice) քաղաքներում տեղի ունեցան Երիտասարդութեան համաշխարհային օր (ԵՀՕ)-2016-ի երկրորդ միջազգային նախապատրաստական հանդիպումները, որոնց մասնակցեց մօտ 300 ներկայացուցիչ՝ տարբեր երկրների կաթողիկէ համայնքներից: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եւրոպայի հայ կաթողիկէներին, ովքեր մասնակցելու են ԵՀՕ-2016-ին, ներկայացնում էին Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը և Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկը: Ինչպէս յայտնել ենք, այդ տարածաշրջաններից ԵՀՕ-2016-ին կմասնակցի մօտ 450 հայ երիտասարդ: Խումբն արդեն գրանցուած է ԵՀՕ-2016-ի պաշտօնական կայքում՝ «Սբ. Գրիգոր Նարեկացի» անուամբ: յիշեցնեմ, որ ԵՀՕ-2016-ը կայանալու է 2016թ. յուլիսի 26-31-ը, Կրակովում:

Հայ կաթողիկէ հոգևորականները մասնակցել են Վադովիցեում կազմակերպուած ժողովներին, որոնց ընթացքում ներկայացրել են Հայաստանում կազմակերպուած նախապատրաստական աշխատանքները, հայ երիտասարդների սպասումները, խօսել հայկական ինքնութեան և մշակութային առանձնայատկութիւնի մասին, մասնակցել միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկումներին:

Հանդիպմանը ներկայ են եղել Աշխարհականների պապական խորհրդի գլուխ Կարդինալ Ստանիսլավ Ռիլկոն (Stanisław Ryłko) և Կրակովի միտրոպոլիտ Կարդինալ Ստանիսլավ Դժիվիչը  (Stanisław Dziwisz): Կարդինալ Ռիլկոն յայտնել է, որ Սրբազան Քահանայապետը մեծ ուշադրութիւն է դարձնում ԵՀՕ միջոցառման պատշաճ կազմակերպմանը և այն համարում է երիտասարդութեան յոբելեան և երիտասարդների ուխտագնացութիւն՝ հետևելով Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապի կոչին՝ «Երիտասարդները աշխարհի ապագան են»: Երկու կարդինալներն էլ շեշտել են, որ ԵՀՕ-ն նախևառաջ ուխտագնացութիւն է: Կարդինալ Դժիվիչն ասել է.«Նոր գինու համար կարիք ունենք նոր տիկերի: ԵՀՕ բոլոր միջոցառումները մարտահրաւէր են՝ ոչ միայն երիտասարդների կեցութեան և շփման խնդիրները լուծելու, այլեւ՝ նախ և առաջ աւետարանական»: Նա համոզուած է, որ ԵՀՕ-ն Եկեղեցու պատասխանն է ներկայիս աշխարհի խնդիրներին: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ երիտասարդների համար աւելի ու աւելի դժուար է դառնում զրուցելն իրենց տարեկիցների հետ, նոյնիսկ՝ իրենց ծնողների հետ, որովհետև երիտասարդները ժամեր շարունակ վիրտուալ աշխարհում են, շփւում են տեքստային նամակներով, իրականում չեն հանդիպում միմեանց, ընտանիքը երկրորդական կամ երրորդական պլանում է…Սա շատ երիտասարդների մօտ արմատացնում է միայնութեան զգացումը…Այդ պատճառով էլ կարիքն ունենք ԵՀՕ-ի պես հանդիպումների, որպէսզի իւրաքանչիւրը մասնակից զգա, որ ինքը միայնակ չէ, այլ «Քրիստոսի ժողովի» մէջ է, կարո՛ղ է իր կեանքը կառուցել Աւետարանի վրայ»վստահ է Կարդինալ Դժիվիչը:

Կրակովում հանդիպելը շատ հետաքրքիր կլինի. Կրակովը լեհ երիտասարդների կենտրոնն է, այդտեղ են ակադեմիական օջախները, այդտեղ են ապրել ու աղօթել Սրբուհի Ֆաուստինան և Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապը՝ աւազանի անունով՝ Կարոլ Վոյտիլան: Այս Քահանայապետը եղաւ ԵՀՕ նախաձեռնողն ու առաջին կազմակերպիչը՝ 1985թ.: Ուստի ԵՀՕ-2016-ը առաւել խորհրդանշական կլինի, քանի որ տեղի կունենայ այս Սուրբ Պապի հայրենի քաղաքում: ԵՀՕ-2016-ին մասնակցելու համար արդեն գրանցուել է մօտ 500.000 մասնակից: Եւ մինչև 2016թ. յուլիս ամիսը մնում է դեռևս 8 ամիս:Յիշեցնեմ, որ Հայաստանում երիտասարդներին ԵՀՕ-2016-ին պատրաստելու նպատակով՝ 2015թ. կազմակերպուեց 4 ընդհանուր հանդիպում՝ Աղաջանյան ճամբարի տարածքում, որոնց արդեն անդրադարձել ենք: Առանձին հանդիպումներ են կազմակերպւում նաև համայնքներում՝ ժողովրդապետների կողմից:








All the contents on this site are copyrighted ©.