2015-11-18 09:56:00

Արևիկ համայնքը վերջին հրաժեշտը տուեց իր հերոս նահատակին


2015թ. նոյեմբերի 16-ին Շիրակի մարզի Արևիկ համայնքը վերջին հրաժեշտը տուեց հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած իր զաւակին՝ 20-ամյա Վահէ Վանոյանին: Վահէն հակառակորդի դիպուկահարի գնդակից սպաննուեց 2015թ. նոյեմբերի 12-ին՝ ԼՂՀ հարաւային զօրամասերից մէկի յենակէտում մարտական ծառայութիւն իրականացնելիս:

Վահէ Վանոյանի թաղման արարողութեան տան կարգը կատարեց Արևիկի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը, իսկ եկեղեցու և գերեզմանի կարգը՝ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը (առաջնորդական փոխանորդ՝ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եւրոպայի), առընթերակայութեամբ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Արժ. Նարեկ քհն. Թադևոսյանի: Արարողութեան ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի երեք հոգևորականներ, ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչներ, ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զինուորականներ, Շիրակի մարզպետարանի, Գիւմրիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիւղացիների հոծ բազմութիւնը՝ գրեթէ ամբողջ գիւղը, մարզային լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Իսկ նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ին, զոհուած զինուորին վերջին հրաժեշտ տալու էին գնացել ՀՀ Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանութեան բանակների բարձրաստիճան զինուորականներ, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

 Եկեղեցու կարգը կատարելուց յետոյ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը, իր խօսքն ուղղելով զոհուած երիտասարդի հարազատներին և ներկաներին, ասաց հետևեալը.

 «Վահէն իր կեանքը նուիրեց, որպէսզի մենք ապագայում կարողանանք աւելի լաւ ապրել մեր քրիստոնէական հողի վրայ, զոհեց ինքն իրեն՝ համոզուած, որ իր գործը շատ կարևոր է, որ մեր ազգը լինի միաձոյլ և զօրաւոր և կարողանանք ապրել մեր հողի վրայ: Մենք Տէրունական աղօթքում աղօթում ենք և ասում՝ Տէր, փրկեա զմեզ ի չարէ…այդ չարը այն գնդակն է, որ խլեց մեր սիրելի որդու կեանքը: Աշխարհը չարի մէջ է, ասում է Քրիստոս, բայց չարը չպիտի գերազանցի, այլ՝ բարին: Եւ բարին Վահէն է, որ հակառակ չարի ներկայութեան, ինքը ուզեց ցոյց տալ մեր հարևաններին, որ մենք հաւատու՛մ ենք մարդու բարութեան, հաւատու՛մ ենք յաւիտենականութեան և մենք հաւատու՛մ ենք Քրիստոսին: Նրա սէրը Քրիստոսի հանդէպ պիտի ունենայ իր արժանաւոր հատուցումը: Սիրելինե՛ր, այսօր մենք պէտք է հողին յանձնենք Վահէի մարմինը: Մենք՝ քրիստոնեաներս, հաւատում ենք յաւիտենականութեանը, և Վահէն այսօր մտել է յաւիտենականութիւն: Բոլորս, որ այսօր մէկ հոգի ենք, պէտք է աղօթենք, որ Վահէի հանդէպ ողորմած լինի Տէրը: Վահէն զոհուեց վասն հայրենեաց և կրօնից…

Սատանան գործադրում է ամէն նենգամտութիւն՝ մեր խաղաղութիւնը խլելու, մեր սիրելիներին, մեր հարազատներին խլելու համար: Բայց մենք չպէտք է ընկրկենք, պէտք է առա՛ջ գնանք: Վահէի յիշատակը պահելը դրա լաւագոյնն միջոցն է: Աղօթե՛նք Վահէի հոգու համար: Բոլորս էլ կարօտ ենք մաքրագործման…Նա իր կեանքը զոհեց Քրիստոսի խաչի համար: Հաւատում ենք, որ մարտիրոսները, ովքեր իրենց արիւնը թափում են Քրիստոսի համար, անմիջապէս տեսնում ենք Աստծուն և սուրբ են: Նրան, ով իր կեանքը զոհել է Քրիստոսի համար, վստահ եղե՛ք, որ Քրիստոս իր ձեռքերը բաց՝ արդեն ընդունել է:

Թող Սուրբ Հոգին բոլորիս քաջալերի, միայն Սուրբ Հոգին կարող է ներքուստ մեզ համոզել: Հակառակ դէպքում, ոչ իմ խօսքը, որ որևէ մէկ այլ անձի խօսք չի կարող մեզ համոզել, որ մենք ընդունենք այս եղելութիւնը: Կարող ենք ընդունել միայն, երբ Սուրբ Հոգին մեզ համոզի: Խնդրեցէ՛ք Սուրբ Հոգուց, որ Ինքը ձեզ մխիթարի: Ցաւակցություններս եմ յայտնում Վահէի հարազատներին: Հայ Կաթողիկէ Եկեղեցին այսօր սուգի մէջ է, մեր քահանայական դասը ձեզ հետ, ձեր կողքին պիտի լինի միշտ, որովհետև Վահէն նաև մեր զաւակն է:

Բայց, ինչպէս ասում է Պօղոս առաքեալը, չողբա՛նք, չկոծենք, ինչպէս հեթանոսները, որոնք յոյս չունեն, բայց մենք յոյս ունենք, ցաւում ենք, որ Վահէին կորցրեցինք, բայց այս վաղաժամ մահը թող լինի մեզ համար խթան, որպէսզի մեր հաւատքի մէջ աւելի զօրանանք, որովհետև հաւատքից բացի ուրիշ ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ քաջալերել և յոյս ու արիութիւն տալ, որ շարունակենք մեր կեանքը: Թող Սուրբ Հոգին ողողի՛ ձեր իր մխիթարութիւններով»:

 

 

 

 Երիտասարդի դին բազմամարդ թափորով, շարականների հնչիւնների, զինուորական նուագախմբի դամբանական հնչիւնների ուղեկցութեամբ ծանրաքայլ շարժուեց դէպի գիւղական գերեզմանատուն: Թափորի առջևից քայլում էին զինուորականները՝ ձեռքերում պահած Վահէի լուսանկարը և անվան տառերն ամբողջացնող ծաղկեպսակներ: Նրանցից յետոյ քայլում էին հոգևորականները: Վահէի աճիւնը, բարձր բռնած, դանդաղաքայլ տարուեց և դրուեց  գերեզմանատան հանգստեան քարին, որի մօտ կանայք վերջին հրաժեշտը տուեցին իրենց սիրելի զաւակին: ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զինուորականներն ընթերցեցին Վահէի մահախօսականը և ԼՂՀ նախագահ Բակօ Սահակյանի հրամանը՝ Վահէին «Մարտական ծառայութեան շքանշանով» յետմահու պարգևատրելու մասին: Մի քանի օր առաջ Վահէն պարգևատրուել էր նաև «Քաջարի մարտիկ» շքանշանով և ստացել տասնօրեայ արձակուրդի իրաւունք, որից չէր ուզեցել օգտուել՝ մտածելով, որ մէկ ամսից արդեն տանը կլինի.զորացրուելու էր 2015թ. դեկտեմբերի 17-ին:

 

 20 ամեայ  հերոսին յուղարկաւորելուց յետոյ Հայր Մեսրոպն իր վերջին մխիթարական խօսքն ուղղեց գիւղացիներին.

 

«Քրիստոս ասաց՝ նա ով ինձ հաւատում է, և ինձ հետ ապրում է, ինձ հետ յարութիւն պիտի առնի: Վահէն յարութիւն առել է, բայց մարմնով ևս յարութիւն պէտք է առնի մեր հերոսը: Սրտանց հաւատում եմ, որ Վահէն Քրիստոսի հետ յարութիւն առաւ…Այս հաւատքով ուզում եմ, որ մեր այս ազգային հերոսի յիշատակը կանգուն պահենք, որով կանգուն պիտի պահենք նաև մեր հաւատքը: Հաւատացէ՛ք Քրիստոսին, և պիտի ունենաք յաւիտենական կեանք»:

 








All the contents on this site are copyrighted ©.