2015-11-14 09:54:00

Առաքինազարդ քոյր Արուսեակը պարգևատրուեց Ֆրանսիայի պետական շքանշանով։


2015թ. նոյեմբերի 13-ին Գիւմրիի «Տիրամայր Հայաստանի» արհեստի դպրոցում տեղի ունեցաւ Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեան առաքինազարդ քոյր Արուսեակ Սաճոնեանին՝ «Ֆրանսիայի ազգային վաստակների շքանշանով» պարգևատրման արարողութիւնը:

 Շքանշանը առաքինազարդ հայ մայրապետին նուիրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլլանտի՝ ի գնահատումն նրա մարդասիրական լայնածաւալ և օգտակար գործունէութեան: Շքանշանը յանձնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազօր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Արարողութեանը ներկայ էին հայ կաթողիկէ հոգևորականներ (Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանին ներկայացնում էր Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը), Անարատ Յղութեան միաբան քոյրեր, Գթութեան միսիոներ միաբանութեան անդամներ, Յիսուսի փոքրիկ քոյրերի միաբանութեան առաքինազարդ քոյր Նոյելը, Շիրակի փոխ մարզպետ Սեյրան Պետրոսյանը եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ և այլ հիւրեր:

Ֆրանսիայի դեսպանը շքանշանը յանձնելուց առաջ հանդէս եկաւ ելոյթով, որտեղ ասաց հետևեալը.

«Քոյր Արուսեակն ինձ համար երկու սկզբունք է մարմնաւորում: Նախ՝ հաւատն առ Աստուած: Սա նուազագոյնն է, որ պէտք է ունենայ միանձնուհին, բայց հաւա՛տն է, որ ուժ ու եռանդ է տալիս ք. Արուսեակին և դարձնում նրան հիացմունքի արժանի: Երկրորդ սկզբունքը հաւատն է առ մարդ արարածը, ինչի ապացոյցն է այն ամենը, ինչ նա արել է Գիւմրիում…մարդ արարածը նրա գործունէութեան կիզակէտում է՝ երեխաներ, կարիքաւորներ, ծերեր, երիտասարդների մասնագիտացում, որպէսզի իրենց տեղը կարողանան գտնել կեանքում: Քո՛յր Արուսեակ, ինձ զարմացնում է, որ դուք հաւատում էք այն ամենին, ինչ անում էք…Մէկ այլ ուշագրաւ բնաւորութեան գիծ էլ ունէք՝ ''կոսմոպոլիտիզմը'': Ունենալով լիբանանեան արմատներ՝ ձեր հայեցիութեամբ, նաև ֆրանկոֆոն էք, եղել էք տարբեր երկրներում, նաև՝ Ֆրանսիայում: Ձեր կոսմոպոլիտիզմը ներդաշնակւում է ձեր մարդասիրութեան հետ: Այսօր մեծ հպարտութեամբ Ձեզ պարգևատրում ենք ազգային վաստակների շքանշանով և ևս մէկ անգամ ձեզ եմ փոխանցում Ֆրանսիայի հանրապետութեան երախտիքը: Երախտագիտութիւն ենք յայտնում Ձեր դինամիզմի, Ձեր բարեգործութեան համար, որ ամէն օր սփռում էք Ձեր շուրջը»:

Դեսպանը ասաց «ևս մէկ անգամ»՝ շեշտելով, որ սա Ֆրանսիայի կողմից երկրորդ պարգևատրումն է առաքինազարդ քրոջը. ք. Արուսեակը պարգևատրուել է նաև Ֆրանսիայի «Պատուոյ լեգէոնի» շքանշանով:

Քոյր Արուսեակը, շքանշանը դեսպանի ձեռքից ընդունելուց յետոյ, ասաց.

«Շքանշանի տուչութիւնը մի համեստ կրօնաւորուհու՝ մեծ նշանակութիւն ունի.դա մեծութիւնն է Ֆրանսիայի, որն այսօր էլ տարբերւում է միւս ազգերից իր մարդկային արժեգներով, որոնք պաշտպանում ու գործադրում է իր երկրում: Շնորհակալութիւն եմ յայտնում պրն. դեսպանին, որ գիտէ գնահատել մեր գործունէութիւնը՝  կարիքաւոր երեխաների համար և միջնորդել է Ֆրանսիայի կառավարութեան առջև, որ այս շքանշանն ինձ յանձնուի…

 Ես միշտ հպարտ եմ, որ հայ եմ, բայց միշտ հետաքրքրուել եմ Ֆրանսիայով և ֆրանսերէնով: Ֆրանսիան, որ այդքան սրբեր է տուել, միշտ մղում է ինձ, որ աշխատեմ ֆրանսերէնի զօրացման համար:

Երախտագիտութիւն եմ յայտնում Ֆրանսիայի նախագահին՝ այս շքանշանի համար, որն ընդունում եմ ոչ թէ որբէս քոյր Արուսեակ, այլ՝ որպէս անդամ կրօնական միաբանութեան, որը միշտ քաջալերել է իմ գործունութիւնը, նաև ընդունում եմ երեխաների և մեր ամբողջ ժողովրդի անունից՝ յուսալով, որ մեր ապագան աւելի պայծառ է լինելու»:

Շքանշանի յանձնման արարողութիւնն աւարտուեց Տիրամայր Հայաստանի երգչախմբի համերգով և հիւրասիրութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.