2015-10-14 08:31:00

Ռուսաստանի Վինյով քաղաքի հայ կաթողիկէ համայնքը եկեղեցի կունենայ:


Վինյովի հայ կաթողիկէ եկեղեցու շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մէջ են: Կատարւում են հիմքերի կառուցման աշխատանքները: Շինարարութիւնը լայն թափով կշարունակուի 2016թ. գարնանը:

2015թ. սեպտեմբերի 14-ին նախագահութեամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի, և առընթերակայութեամբ Վինյովի ժողովրդապետ` Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Ռուսաստանի Վինյով քաղաքում եկեղեցու տեղի ունեցաւ հիմնարկէքի արարողութիւնը:

Եկեղեցին կառուցւում է տեղի հայ կաթողիկէ համայնքի միջոցներով: Հիմքերի կառուցման աշխատանքները հովանաւորել է Պետրոս Օքրոյանը: Հողատարածքը ևս գնուել է համայնքի միջոցներով: Ըստ նախագծի, նորակառոյց եկեղեցին նման կլինի Ջաւախքի Տուրցխ գիւղի եկեղեցուն: Երկարութիւնը 17մ է, լայնքը՝ 12մ, բարձրութիւնը՝ մօտ 10մ: Եկեղեցուն կից կկառուցուի նաև  սրահ՝ քրիստոնէական դասընթացների կազմակերպման համար:

Այժմ Վինյով քաղաքում ապրում է հայ կաթողիկէ մօտ 100 ընտանիք, ովքեր հիմնականում 1990-ականների սկզբին Տուրցխից հեռացած և Վինյովում բնակութիւն հաստատած ընտանիքներն են: Նրանք իրենց ապրուստն ապահովում են հիմնականում շինարարութեամբ: Ունեն մատուռ, որտեղ Սբ. Պատարագ մատուցւում է ամեն օր, իսկ կիրակի օրը՝ 2 անգամ: Բացի այդ կատարում են նաև ջերմեռանդական աղօթքներ. ամէն օր՝ երեկոյեան, Սբ. Վարդարան են աղօթում:

Տուրցխեցի հաւատացեալները Վինյովում էլ աչքի են ընկնում իրենց բարեպաշտութեամբ և աղօթասիրութեամբ, կրօնական աւանդոյթների, ազգային ու համայնական դիմագծի պահպանման վճռակամութեամբ: Եկեղեցի ունենալը նրանց համար աւելի կարևոր է, քան օրուայ հացն ու ջուրը վաստակելը: Հիմնարկէքի արարողութիւնը նշուեց հանդիսաւորութեամբ, ուրախ միջոցառմամբ:








All the contents on this site are copyrighted ©.