2015-10-05 09:38:00

Նորշեն գիւղի մօտ օծուել են Խաչի Ճանապարհի 14 կայանները


2015թ. հոկտեմբերի 2-ին Ախալցխայի շրջանի հայ կաթողիկէ Նորշեն կամ Ծղալթբիլա գիւղում օծուեցին և օրհնեցին Խաչի Ճանապարհի 14 կայաններ և մի խաչ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի և առընթերակայութեամբ Նորշենի ժողովրդապետ Գերհ. Հ. Անատոլի ծ.վ. Իվանյուկի, Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի և Արժ. Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչյանի:

Արարողութիւնը սկսուեց մեծ թափորով.գիւղացիների հոծ բազմութիւնը հոգևորականների առաջնորդութեամբ ուղղուեց դէպի գիւղից քիչ հեռու գտնուող ծառածածկ մի բլուր, որի վրայ տեղադրուած են Խաչի ճանապարհի  նոր պատրաստուած 14 կայանները: Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների տարբեր հանգրուանները նկարագրող պատկերները նկարուած են քարէ սալիկների վրայ և ամրացուած քարէ մատուռանման պատուանդանների վրայ:

Խաչի ճանապարհի կայանները սարերի վրայ, անտառներում տեղադրելը շատ հին աւանդութիւն է, որը տարածուած է եղել յատկապես միջնադարեան Եւրոպայում: Խաչի ճանապարհի ջերմեռանդութեան հիմնական տարածողները եղել են ֆրանցիսկյան վանականները՝ Սբ. Ֆրանչիսկոս Ասսիզեցու հիմնած ուխտի միաբանները: Ջերմեռանդութիւնը լայն տարածում է գտել նաև հայկական աւանդության մէջ և մինչ օրս պահպանուել է ու, ինչպէս տեսնում ենք, շատ սիրուած է հայ կաթողիկէ այն համայնքներում, որտեղ հաւատքը, կրօնական ինքնութիւնն ու աւանդությունները աւելի խոր արմատներ ունեն և աչքի բիբի նման պահպանուում են: Վրաստանի հայաբնակ կաթողիկէ գիւղերը, մանաւանդ, այդպիսին են:

Նորշենում կաթողիկէ հայութիւնը հաստատուել է 1830-ականներին՝ գաղթելով Արևմտեան Հայաստանի Էրզրում նահանգի նոյնանուն գիւղից: «Ծղալթբիլա» անունը վրացական ծագում ունի, նշանակում է «տաք ջուր»: Այդպէս են անուանել գիւղի մէջտեղում գտնուող հանքային տաք ջրի աղբիւրի պատճառով: 1849թ. նորշենցիները կառուցել են իրենց Յիսուս Փրկիչ եկեղեցին և այնտեղ դրել Էրզրումից իրենց հետ բերած Աստուածածնի սրբապատկերն ու ձեռաց խաչը, որոնք մինչ օրս պահպանուել են: Եկեղեցին 1930-ականներին վերածուել է պահեստի, պաշտամունքային արարողութիւնները դադարել են, որովհետև գիւղի հոգևորականներին աքսորել են, ձերբակալել կամ գնդակահարել: Մի քանի տասնամեակ բարեպաշտ ու ջերմեռանդ հաւատացեալները ստիպուած են եղել աղօթել տներում՝ Սբ. Վարդարան, ժամերգութիւններ, ինչպէս որ կարողացել են. նոյնիսկ աղօթքի համար գիւղական ուրոյն ֆոլքլորային եղանակներ են ձևաւորել, որոնք մինչ օրս կարելի է լսել պաշտամունքի ժամանակ:

 

1990թ. Յիսուս Փրկիչ եկեղեցին վերաբացուեց: Նորշենցիների խնդրանքով Հռոմի Սրբազան Քահանայապետը Նորշեն ուղարկեց Հայր Անատոլի Իվանյուկին, ով, թէև ազգութեամբ ուքրաինացի է, կարճ ժամանակում կարողացաւ իւրացնել հայերէնը, Հայ Եկեղեցու ծէսը և սկսեց Նորշենում վերածնել հոգևոր կեանքը: Հայր Անատոլիի ջանքերով գիւղում վերականգնուեց կանոնաւոր պաշտամունքը, Սբ. Պատարագը, ժամերգութիւնները, Սբ. Վարդարանի, Խաչի ճանապարհի, տօնական թափորների ջերմեռանդական աւանդությունները, որոնք աւագ սերունդը յիշում էր պապերի պատմութիւններից և մեծ սիրով սկսեց իր առօրեայ կեանքը կապել աղօթքի ու եկեղեցու հետ: Եկեղեցին վերստին կեանք առաւ, նորոգուեց, զարդարուեց նոր սրբապատկերներով:

 

Այսօր Նորշենը հայ կաթողիկէութեան ամենածաղկուն օրրաններից է, ժողովուրդը բծախնդրութեամբ կատարում է տօների, պահքի հետ կապուած եկեղեցական կանոնները, մշտապէս մասնակցում Սբ. Պատարագի, հաղորդւում և խոստովանում:

 

Խաչի ճանապարհի այս նոր կայանները տեղադրել են Սանկտ Պետերբուրգում բնակուող նորշենցի եղբայրներ Մոսոյանները, ովքեր որոշել են իրենց հայրենի գիւղում ի կատար ածել իրենց մոր երազանքն ու մտայղացումը՝ գիւղի ժողովրդին նուիրել Խաչի ճանապարհի կայաններ: Ամբողջ գիւղի համար սա միասնական ջերմեռանդութեան արտայայտման ևս մէկ գեղեցիկ հնարաւորութիւնն է, հին աւադութիւնը պահելու և նոր ձևով շարունակական դարձնելու միջոց:








All the contents on this site are copyrighted ©.