2015-10-05 14:08:00

Երիտասարդական հերթական հանդիպումն՝ ի պատրաստութիւն ԵՀՕ Կրակով 2016-ին:


2015թ. հոկտեմբերի 3-ին Աղաջանյան ճամբարում կազմակերպեց երիտասարդական հերթական հանդիպումը՝ ի նախապատրաստութիւն 2016թ. յուլիսին Կրակովում տեղի ունենալիք Երիտասարդութեան համաշխարհային օրուան (ԵՀՕ):

Այդ կարևոր եկեղեցական միջոցառմանը, ինչպէս տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում, մասնակցելու են նաև հայ երիտասարդները: Մասնակիցների յստակ թիւն առայժմ յայտնի չէ, առայժմ նախապատրաստական հանդիպումներին մասնակցել է մօտ 60 երիտասարդ, ովքեր, կազմակերպիչների խնդրանքով, իրենց հետ պէտք է բերեն նոր երիտասարդներ՝ իրենց ժողովրդապետների հաւանութեամբ և օրհնութեամբ: Իսկ Կրակով կը մեկնեն այն երիտասարդներն, ովքեր կունենան յստակ պատկերացում ԵՀՕ-ի բնոյթի, իմաստի և սեփական առաքելութեան մասին: Կազմակերպիչներն ու ժողովրդապետերը հաշուի են առնում երիտասարդների բարեպաշտութիւնը, ջերմեռանդութիւնը, ակտիվությունը համայնքի հոգևոր և հասարակական կեանքում, նուիրումը Եկեղեցուն:

Հոկտեմբերի 3-ի հանդիպմանը մասնակցում էին մօտ 30 երիտասարդներ՝ Շիրակի մարզի, Տաշիրի տարածաշրջանի, Ջաւախքի կաթողիկէ համայնքներից: Առաւօտեան երիտասարդների հետ զրուցեց Արժ. Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը, ով մէկ անգամ ևս ուշադրութիւն հրաւիրեց ԵՀՕ բնոյթի և այնտեղ մեկնող իւրաքանչիւր երիտասարդի առաքելութեան վրայ: Առաջնայինը հոգևոր պտուղներն են, որոնք պէտք է ջանալ քաղել այդ գեղեցիկ ուխտագնացութեան օրերին, միասին աղօթելիս, միասին տարբեր հոգևոր թեմաների շուրջ խորհրդածելիս, Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման ժամանակ և Ճանապարհ Խաչի արարողությանը մասնակցելիս: Տ. Գրիգորը խնդրեց միշտ ի մտի ունենալ, որ կարևորը օտար երկրում գտնուելն ու լեհական մշակոյթով զմայլուելը չէ, այլ, ինչպէս Սբ. Պօղոսն է ասում, «ներքին մարդու» զարգացման վրայ կենտրոնանալը, հոգևոր շինութեան ի խնդիր օգուտ քաղելու մասին մտածելը: Ճաշից յետոյ երիտասարդները ծանօթացան Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղերձին՝ Երիտասարդութեան 31-րդ համաշխարհային օրուայ առիթով, որը թարգմանել էին հայերէն և օրինակները բաժանել միմեանց: Տեղի ունեցաւ ակտիվ քննարկում մի քանի կէտերի շուրջ, որոնք շօշափւում են այդ հոյժ կարևոր ուղերձում:

 ԵՀՕ 2016-ը նաև օգտակար շփումների և կապերի հնարաւորութիւնն է, աւանդապաշտ լեհ Կաթողիկէ Եկեղեցին և լեհական ջերմեռանդութիւնը, մանաւանդ, շատ բաներով կարող է օրինակելի լինել հայ երիտասարդի համար, նոյնպէս ևս հայ երիտասարդը կարող է իր լաւագույն հոգևոր ու մշակութային արժէքները ներկայացնել լեհ երիտասարդին: Այդ միջոցառումը, սակայն, համաշխարհային մակարդակով է, ուստի այնտեղ կլինեն երիտասարդներ տարբեր կաթողիկէ երկրներից՝ իրենց ուրոյն մշակութային ու հոգևոր դիմագծերով:

Դեռևս 2015թ. Յունուարին Լեհաստանի Լոմժա քաղաքում տեղի ունեցավ նախապատրաստական ժողով, որին մասնակցեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: ԵՀՕ կազմակերպման լեհ պատասխանատուները վստահեցրել էին, որ Լեհաստանում կարող են ընդունել մինչև 700 հայ ուխտաւոր:Նախապատրաստական յաջորդ հանդիպումը Աղաջանյան ճամբարում նախատեսւում է կազմակերպել 2015թ. հոկտեմբերի 10-11-ը:

Քաղուած www.http://www.armenianchurchco.com/ կայքէն








All the contents on this site are copyrighted ©.