2015-09-30 10:01:00

Կարդինալ Լեոնարտօ Սանտրին եւ Գարեգին Բ Կաթողիկոս աղօթել են Ծիծեռնակաբերդում


2015թ. սեպտեմբերի 28-ին Վսեմաշուք Կարդինալ Լեոնարտօ Սանտրին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան պաշտօնեաների և Միւռոնօրհնէքի սրբազան արարողութեան առիթով Հայաստան ժամանած այլ քրիստոնէական Եկեղեցիների պետերի ու ներկայացուցիչների հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:

Մեծ Եղեռնի յուշարձանի առջև Մեռոնօրհնութեան մասնակիցների անունից ծաղկեպսակ է զետեղուել, ապա, նախագահութեամբ Գարեգին Բ Կաթողիկոսի, կատարուել է Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:

Արարողութեան սկզբում աղօթք է կատարել Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարտօ Սանտրին` Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և համայն աշխարհում խաղաղութեան համար հայցելով հայոց նահատակների բարեխօսութիւնը:

«Դուք սրբերդ, նահատակներդ Հայոց Ցեղասպանութեան, այս առաւօտ ցանկանում եմ խօսել ձեզ հետ, ցանկանում եմ ասել, որ դուք Աստծու բարեկամներն էք, դուք յաւիտենական կեանքում էք, ձեր արիւնը ձեր կեանքի Սուրբ Միւռոնն էր: Եւ այժմ ցանկանում եմ խօսել ձեզ հետ` բարեխօսեցէք՛ք մեզ համար, աղօթեցէ՛ք Աստծուն Հայաստանի, Հայոց Եկեղեցու, Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եպիսկոպոսների և Հայաստանի բոլոր հաւատացեալների, բոլոր քրիստոնեաների համար…: Աղօթեցէ՛ք այս երկրի համար: Բարեխօսեցէ՛ք մեզ համար: Մենք աղօթում ենք նաև բոլորի, բայց յատկապէս մեր եղբայրների ու քոյրերի համար, ովքեր այժմ տառապում են պատերազմից, բռնութիւնից, ահաբեկչութիւններից: Եղբայրներ՛ր և քոյրե՛ր, դուք, որ Աստծու ձեռքերում էք, բարեխօսեցէ՛ք մեզ համար, խաղաղութեան շնորհի և Միջին Արևելքում` յատկապէս Սիրիայում խաղաղութեան վերահաստատման համար…: Մենք վստահութիւն ունենք ձեր նկատմամբ…», – իր սրտաբուխ աղօթքում ասել է Կարդինալ Սանտրին:

Բարեխօսական աղօթքի աւարտին աղօթք է ասել նաև Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Նորին Մեծապատուութիւնն Թէոդորոս Բ-ը:
 Արարողութիւնից յետոյ, ուղեկցութեամբ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյանի, հիւրերը շրջել են թանգարան-ինստիտուտում:

Քաղուած http://www.armenianchurchco.com/ կայքէջէն

 








All the contents on this site are copyrighted ©.