2015-09-29 09:01:00

Բացուեց Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը


2015թ. սեպտեմբերի 26-ին Գիւմրիում պաշտօնապէս բացուեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքոյ գործող Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան Էմիլի Արեգակ բազմակի հաշմանդամութեամբ անձանց ցերեկային խնամքի կենտրոնը: Հաստատութեան նոր շէնքի կառուցումը սկսուել է 2013թ. հոկտեմբերին և աւարտուել՝ 2015թ. գարնանը:

«Արեգակ» ծրագիրը մինչ այդ գործում էր իր գործառոյթներին անհամապատասխան կառոյցում, մինչդեռ այս նոր շէնքում կարող է ծրագիր իրականացնել ոչ միայն ներկայիս 40, այլեւ մինչև 100 և աւելի երեխաների համար՝ ծրագիրն ընդլայնելու և բոլոր անհրաժեշտ տարածքային և տեխնիկական պայմաններն ապահովելուց յետոյ: 2015թ. ընթացքում նախատեսւում է աւարտին հասցնել բակային հատուածի բարեկարգումը, նախատեսւում է կենտրոնի տարածքում ստեղծել սահմանափակ կարողութիւններով երեխաներին համարեցուած զբօսայգի, կենդանիների միջոցով թերապիայի տարածք, լճակ, խաղահրապարակներ, որտեղ կը կարողանան միասին խաղալ և շփուել հաշմանդամութեամբ երեխաներն ու հարևան թաղամասի երեխաները: Կենտրոնի նոր շէնքը, ինչպէս գիտէք, տարածաշրջանում եզակի է իր տեխնիկական լուծումներով և հնարաւորութիւնով.այն ունի այլընտրանքային ջեռուցման և արևային էլեկտրասնուցման համակարգ: Կենտրոնում բազմակի հաշմանդամութեամբ երեխաների համար կազմակերպւում է  ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտական թերապիա, հոգեբանական և սոցիալական աշխատանք՝ երեխաներին ֆիզիկական և հոգեկան զարգացման համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով՝ ընձեռելով նաև ստեղծագործելու, ինքնազբաղուածութեան հնարաւորութիւններ, որպէս հասարակական անհատ և բարեպաշտ քրիստոնեայ կայանալու պայմաններ:

 

Կենտրոնի նոր շէնքի կառուցման աշխատանքները հովանաւորել է Աւստրիայի Կարիտասը: Կենտրոնը կոչուել աւստրիացի հաշմանդամութիւն ունեցող մի անհատ բարերարի անունով: Ֆինանսական աջակցութիւն են ցուցաբերել տարբեր կազմակերպութիւններ և անհատ բարերարներ, այդ թւում՝ Vorarlberg համայնքը, Renovabis բարեսիրական հիմնադրամը, Աւստրիայի և Գերմանիայի կառավարութիւնները, ԱՄՆ եպիսկոպոսների խորհուրդը: Երկու տարուց աւելի կենտրոնի շինարարութեան և ծրագրի համակարգման աշխատանքներում օգնում են Աւստրիայի Կարիտասի տնօրեն Peter Klinger-ը և Robert Moosbrugger-ը, աւստրիացի կամաւորականները: Ստեֆանին և Սամուէլը նոյնիսկ հասցրել են իւրացնել հայերէնը և ցանկանում են երկար ժամանակով աշխատել Գիւմրիում:

 

 

Բացման արարողությանը ներկայ էին Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, հայ կաթողիկէ հոգևորականներ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութեան, Շիրակի պարզպետարանի, Գիւմրիի քաղաքապետարանի  պաշտօնեաներ, կենտրոնի բարերարներից մի քանիսը, կենտրոնի ծառայութիւններից օգտուող երեխաների ծնողները, այլ հիւրեր:

 

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանն իր խօսքում ասաց.

 

«Շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր բարերարներին, տեղի իշխանութիւններին՝ բոլորին, ովքեր իրենց սերը ցոյց տուեցին կենտրոնի երեխաների հանդէպ և հնարաւորութիւն տուեցին, որպէսզի լաւագոյնն կարելիութիւններով կարողանանք մի ապագայ մշակել և տալ մեր զաւակներին: Հայ ժողովուրդը չի մոռանում այն ձեռքը, որն իրեն օգնում է՝ լաւագոյնն ապագայ զարգացնելու համար: Ցանկացած ծրագիր, երբ նոր է սկսւում, ունի իր մտահոգութիւնները, լարուածութիւնը, այդ բոլորից անցանք. մեր դիմացի լոյսը, մեր արեգակը այդ քաջալերանքը և տոկունութիւնը մեզ տուեց, որ կարողանանք յաղթահարել դժուարությունները: Ձեզ յիշում եմ իմ աղօթքներում՝ որպէս ազնուագոյն արտայայտութիւնն իմ երախտագիտութեան»:

 

Իսկ Ավստրիայի Կարիտասի տնօրէն Peter Klinger-ն ասաց.

 

«Երեխաներ՛ր, ձեզնից իւրաքանչիւրը նուերն է Աստծու, ձեզ երջանիկ ապագայ է սպասւում…Այս կենտրոնը պէտք է լինի ամբողջ Հայաստանի հաշմանդամ երեխաների պաշտպանը, նրանց հանդէպ սեր ու յարգանք սփռի»:

 








All the contents on this site are copyrighted ©.