2015-09-24 15:50:00

Գումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ տաճարի օծման արարողութիւնը


2015թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցաւ Գիւմրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծումը՝ նախագահութեամբ Հռոմի Սրբազան Պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդօ  Սանդրիի (Արևելեան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ) և համանախագահութեամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի: Օծման արարողութեանը մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պապական նուիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին, հայ կաթողիկէ եպիսկոպոսներ (Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհէլանը, Արհ. Տ. Լևոն արքեպս. Զեքեանը, Արհ. Գէորգ արքեպս. Խազումեանը, Արհ. Տ. Գրիգոր Օգոստինոս եպս. Գուսան, Արհ. Տ. Միքայէլ եպս. Մուրադեանը, Արհ. Տ. Յովհաննէս եպս. Թէյրուզեանը, Արհ. Տ. Մանուէլ եպս. Պաթագեանը), Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ վարդապետները, քահանաները, սարկաւագները:

Օծման արարողութեան ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգյանը,  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ բարձրաստիճան հոգևորականներ (Շիրակի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Գերշն. Տ. Տաթև արքեպս. Սարգիսյանը, Գերշն. Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, Հայր Շահէ վրդ. Անանյանը), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Գերշն. Տ. Շահան արքեպս. Սարգիսյանը, Կովկասի լատինածէս կաթողիկէների առաջնորդ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, այլ լատին կաթողիկէ հոգևորականներ, Հայ Աւետարանական Եկեղեցու հովիւներ, ՀՀ Սփիւռքի նախարարը, ՀՀ-ում օտար երկրների արտակարգ և լիազօր դեսպաններ, միջազգային բարեգործական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, եկեղեցու շինարարութեան բարերարները, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ կաթողիկէ համայնքների ղեկավարներ՝ իրենց համայնականների հետ միասին, Անարատ Յղութեան հայ քոյրեր, Գթության միսիոներ քոյրեր, այլ հասարակական ու մշակութային գործիչներ, Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքոյ ապաստանած սուրիահայեր:

Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ ժողովրդապետութիւններից եկած հաւատացեալները արարողութեան հետևում էին եկեղեցու բակում տեղադրուած էկրանից, իսկ պաշտօնական հիւրերը՝ եկեղեցու ներսում:

Եկեղեցու օծման արարողութիւնը սկսուեց հանդիսաւոր թափորով, եկեղեցու աւագ դռան մօտ Ամենապատիւ Հոգևոր տէրը և Վսեմաշուք Կարդինալը օրհնեցին եկեղեցական սպասքը, ապա Սուրբ Խաչի մասունքը վերցնելով՝ ուղղուեցին դէպի Սբ. Խորան: Սբ. Խաչի մասունքը սեղանին դնելու յետոյ: Քահանաները ջրով և գինով լուացին Սբ. Խորանի սեղանը, ապա Հայրապետը վերցրեց Սրբալոյս Միւռոնը և օծեց սեղանի չորս կողմերում փորագրուած խաչերը: Սուրբ Խորանի սեղանը օծելուց յետոյ նախ Վսեմաշուք Կարդինալը, ապա պապական նուիրակը և յետոյ հայ կաթողիկէ սինոդական հայրերը հերթով օծեցին եկեղեցու պատերին փորագրուած 17 խաչերը՝ սկսելով արևելեան կողմից: Եկեղեցու չորս կողմերը օծելուց յետոյ Ամենապատիւ Հոգևոր Տէրը երեք անգամ օրհնեց Սրբոց Նահատակաց եկեղեցին:

 

 Պապական նուիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին ընթերցեց Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի անունից Հռոմի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի ուղարկած նամակը այս սրբազան արարողութեան մասնակիցներին: Նամակում ասուած է հետևեալը.

«Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր հոգևոր մօտիկութիւնն ու սիրալիր մասնակցութիւնն է արտայայտում Հայ Կաթողիկէ հաւատացեալներին և բոլոր ներկաներին՝ միանալով հասարակաց ուրախութեանը: Սրբազան Քահանայապետը խոր գոհունակութիւնն է արտայայտում այս նախախնամական արարողութեան, որը պսակում է ջանքերը բոլոր նրանց, ովքեր տարբեր կերպերով մասնակցել են այդ գործին: Նա ցանկանում է, որ այս հրաշագեղ իրադարձութիւնը սատարի թեմի վերանորոգ հոգևոր աշխուժութեանը՝ առաջնորդուած Արհ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի կողմից, միշտ աւելի հաւատարիմ կապուածութեամբ Տէր Յիսուսին, վեհանձն առաքքելական ճիգերով, եղբայրական սիրոյ ճշմարիտ վկայութեամբ, սուրբ մարտիրոսների օրինակին հետևելով, ում նուիրված է այս մայր տաճարը և ովքեր իրենց սէրն են վկայել Քրիստոսի հանդթպ՝ մինչև հեղումն արեան: Սրբազան Քահանայապետը ողջունելով ներկայ կրօնական և քաղաքական իշխանութիւններին, Հայ Առաքելական Եկեղեցու եղբայրներին և Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայն հաւատացեալներին, հայցում է Աստուածամայր Սուրբ Կույս Մարիամի հզօր պաշտպանութիւնը, լիառատ շնորհներ, երկնային մխիթարութիւններ և սրբազան արարողութեան մասնակիցներին տալիս է իր հայրապետական, առաքելական օրհնութիւնը:

Ծիրանաւոր Պետրոս Պարոլին, Նորին Սրբութեան պետքարտուղար»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղերձը ընթերցեց Գերշն. Տ. Վարդան եպս. Նաւասարդեանը.

«Մեծարգոյ նախագահ Հայաստանի Հանրապետութեան, գերապատիւ կարդինալ, արհիապատիւ Պատրիարք Կաթողիկէ Հայոց, գերաշնորհ առաջնորդ Շիրակի թեմի, բարձրապատիւ առաջնորդ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի և Արևելեան Եւրոպայի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ձեզ և յղում մեր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները, այսօր ուրախակից ենք Գիւմրիի հայ կաթողիկէ համայնքին, որ հոգևոր մխիթարութեան օրեր է ապրում՝ իր նորակառոյց եկեղեցու օծման նուիրական առիթով: Եկեղեցին կոչուեց Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ ի պատիւ քրիստոնէութեան պատմութեան ընթացքում նահատակուած վկաների, ովքեր չարի փորձութիւնների ու դժուարութիւնների մէջ անսասան պահեցին հաւատքը և իրենց կեանքը չխնայեցին Տէր Յիսուս Քրիստոսին: Քրիստոսի փոքր հօտը՝ հայ ժողովուրդը, որը Տիրոջ փրկութեան շնորհին հաղորդ դարձաւ Սբ. Թադէոս և Սբ. Բարդուղիմէոս առաքեալների քարոզութեամբ և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հովուական նախանձախնդիր սպասաւորութեան շնորհիւ, քաջ գիտի գինը նահատակութեան:

Ահաւասիկ, այս տարի մենք ոգեկոչում ենք 100-րդ տարելիցը Հայոց Ցեղասպանութեան՝ խոնարհում բերելով Օսմանեան Թուրքիայում իրականացուած անասելի եղեռնագործութեան մեր անմեղ զոհերի յիշատակի առջև, ովքեր հաւատքի նահատակներ դարձան՝ իրենց կեանքը զոհաբերելով հաւատքի և Քրիստոսի սիրոյ համար, և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կողմից կարգուելով սրբոց դասում՝ որպէս խաղաղութեան, արդարութեան և մարդասիրութեան բարեխօսներ:

Մխիթարութիւն է  ազգիս զաւակների համար, որ ի Քրիստոս եղբայրութեան ոգիով մեր եկեղեցու կողքին ցեղասպանութեան անմեղ նահատակների համար աղօթեցին և էկումենիկ արարողութիւններ կազմակերպեցին քոյր եկեղեցիները, նաև՝ Կաթոլիկ Եկեղեցին՝ գլխաւորութեամբ Ֆրանչիսկոս Պապի, ով Սուրբ Պատարագ մատուցեց Սբ. Պետրոսի տաճարում և աշխարհին ուղղուած ազդու կոչով դատապարտեց հայոց ցեղասպանութեան ժխտողականութիւնը՝ իր զուգակցութիւնը բերելով Հայաստանեայց Եկեղեցուն և հայ ժողովրդին:

Ցաւալի է, որ այսօր էլ շարունակւում են հալածանքները քրիստոնեաների հանդէպ, հազարաւոր անմեղներ զոհ են դառնում ահաբեկչութիւններին: Աւերւում և ոչնչացւում են քրիստոնէական սրբավայրերը: Ազգի դէմ ծառացած մարտահրաւէրները, փորձութիւնները նոր հրաւէր են Քրիստոսի Եկեղեցու համար՝ զօրացնելու միասնութիւնը ամբողջ աշխարհի քրիստոնեաների միջև…

Մեզ համար գոհունակութիւն է, որ յատկապէս վերջին տասնամեակներին խորանում են համայարաբերութիւնը Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև՝ երբեմնի դաւանաբանական վէճերին և փոխադարձ մեղադրանքների երկար ընթացքին այսօր փոխարինելու են գալիս առաւելաբար գործակցութեան գաղափարները…Երիցս փառք ենք տալիս Բարձրեալն Աստծուն, որ Աւետարանական ոգին դրսևորուած ենք տեսնում մեր երկու՝ հայ և կաթոլիկ, ինչպէս նաև միւս Եկեղեցիների յարաբերութիւնի մէջ

Աղօթում ենք Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անսասանութեան և յաւերժ պայծառութեան համար: Մեր եղբայրական սիրոյ ողջոյնն ենք յղում մեր հոգևոր եղբօրը՝ Ֆրանչիսկոս Պապին: Թող Տէրը օգնական և ապաւէն լինի Սրբազան Քահանայապետին՝ հովուապետական իր առաքելութեան մէջ, որպէսզի առաւել պայծառանայ Կաթոլիկ Եկեղեցին և շարունակի ծառայել քրիստոնէական հաւատքի և հոգևոր արժէքների ամրապնդման և ժողովուրդների կեանքում խաղաղութեան և համերաշխութեան հաստատման համար: Տիրոջ խնամքն ենք հայցում մեր երկրի և հաւատաւոր մեր ժողովրդի համար և զուգակցութիւնը՝ հայրենի իշխանութիւններին ի գլուխ ՀՀ նախագահ Տիար Սերժ Սարգսյանի: Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման առիթով մեր բարեմաղթանքներն ենք յղում կարդինալ Սանդրիին, Հոգևոր Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Պատրիարքին, Բարձրապատիւ Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասյանին և հայ կաթողիկէ համայնքին՝ հայցելով Բարձրեալն Աստծոյ շնորհներն ու օրհնությունները: Հայրապետական մեր օրհնութիւնն ենք յղում Տ. Միքայել եպս. Աջապահյանին և Շիրակ աշխարհի հաւատաւոր բոլոր մեր զաւակներին…»:

Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը առանձին-առանձին նշելով բոլոր ներկայ բարձրաստիճան հիւրերի անունները և շնորհակալութիւն յայտնելով բոլորին, ովքեր աջակցել են եկեղեցու կառուցմանը, ասաց.

«…Այսքան գեղեցիկ խօսքեր լսելուց յետոյ…հակիրճ պիտի յայտնեմ երախտագիտութիւնս Աստծուն, որ կարելի դարձրեց շինութիւնն այս տաճարի, այս տաճարը, որ նուիրագործեցինք, քարեր են: Մենք չե՛նք պաշտում քարերը, որքան էլ արիւն, արցունք ,աշխատանք պահանջած լինեն: Մենք պաշտում ենք ներկայութիւն՛նն Աստծու այս տաճարում: Քաչերը խորհրդանիշն են Աստծու ներկայութեան, մարդացեալ Քրիստոսի ներկայութեան: Այս տունը Աստծուծոյ տունն է, բայց բոլորիս տունն է: Մենք, որ Աստծու զավաներն ենք, Աստծոյ տաճարներն ենք դարձել  Սուրբ հոգու զեղումով, Սուրբ Մկրտութեամբ: Եւ այս մեր ներկայութիւնը այս տաճարում և տաճարից դուրս, խորհրդանիշն է Աստծոյ սիրոյն՝ համայն մարդկութեան հանդէպ, մենք Քրիստոսի վկաներն ենք: 301թ. սկսեալ, մենք Քրիստոսին ճանաչեցինք, սիրեցինք, որովհետև Ի՛նքը մեզ սիրեց և Ինքն Իրեն մեզ նուիրեց: Մեր սերը փոխադարձ հաւատարմութիւնն է Իրեն: Մենք պաշտում ենք Քրիստոսին, ոչ թէ՝ քարերը, Քրիստոսին հաւատարիմ գտնուեցին մեր միլիոնաւոր վկաները պատմութեան ընթացքում: Այսօր այս սուրբ տաճարում՝ նուիրված միլիոնաւոր մեր նահատակաց, նրանց միջնորդութիւնն ենք խնդրում՝ մեզնից իւրաքանչիւրին համար, որպէսզի մեր ժառանգած հաւատքը միշտ աւելի զօրաւոր լինի և քաջութիւնը ունենանք աշխարհի աչքի առաջ ապրելու, խոստովանելու քրիստոսադաւանդ հաւատքը: Այս եկեղեցին ժամադրավայրը պիտի լինի Աստծոյ զաւակների, ձեր՝ եղբայրներ և քոյրեր, որ ամեն կիրակի հաւաքվէք՝ աղօթելու միաբերան: Երախտագիտութիւն պիտի յայտնենք Աստծուն, որ արժանի դարձրեց հայութեանը, որ առաջի՛նը Իրեն ճանաչի և սիրի և աշխարհի չորս կողմերում վկայի, թթ հայ ժողովուրդը յարութիւն է առել Քրիստոսի հետ, ապրում է և պիտի ապրի Աստծոյ շնորհով: Եկեղեցին դու՛ք էք, սիրելի հաւատացեալներ:

Դուք աղօթում ենք «Հայր մեր», ոչ թէ՝ «Հայր իմ»: Եղբայրաբար մեր աղօթքը բարձրացնենք մեր Հօրը, որ յաւիտենից ի վեր մեզ սիրել է, գոյութեան է կոչել և հսկում է մեզ: Մենք մեր խաչն առած Նրա հետևից ենք գնում…

Յիսուսի խօսքերը՝ ուղղված Պետրոսին.ես քեզ համար աղոթեցի, որ սատանան քեզ չճզմի: Երբ որ Քրիստոս մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեզ դեմ: Ո՛չ մահը, ո՛չ մեղքը, ո՛վ էլ լինի…Հետևենք Քրիստոսին և ասենք.մի՛ թող, որ քեզնից հեռանանք: Փա՛ռք Քեզ, Տեր, յաղագս ամենայնի, փա՛ռք քեզ»:

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Գերշն. Տ. Շահան արքեպս. Սարգիսյանն իր ողջոյնի խօսքում հետևւեալն ասաց.

«Սրբոց Նահատակաց կաթողիկէ հայոց եկեղեցու հաստատումը և օծումը հայրենի հողի վրա տալիս է մեր ժողովրդի ամբողջականության և միության գեղեցիկ մի արտայայտութիւն: Քրիստոնէական եկեղեցիների միջև միության և սիրոյ անխառն կապը, մեր Տէր Յիսուս Քրիստոսը անսասան է պահում մեր հայոց աշխարհը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և սփիւռքի ողջ ժողովուրդը: Հավատում ենք քրիստոնէական միջ եկեղեցական յարաբերությունների անխառն միության կապին, որի մի արտայայտությունն է  այսօր Հայ Առաքելական և Հայ Կաթողիկէ  Եկեղեցիների ներկայությունը, որը նաև մեր ժողովրդի միութեան ցուցանիշն է…Սրբադասուած մեր նահատակներով միասնաբար շարունակում ենք մեր պահանջատիրական երթը՝ մեր ժողովրդի իրավունքների և քրիստոնթական հավատքի հաստատման համար: Հայաստանում եկեղեցի հիմնելը վերանորոգությունն է մեր հաւատքի…Յանուն Վեհափառ Հայրապետի, ողջունում ենք Ամենապատիվ Հոգևոր Տիրոջը, սիրոյ մեր ողջույնները ուղարկում ենք Հռոմի Պապ Ֆրանչիսկոսին և փոխանցում ենք մեր սիրոյ զգացումները ՀՀ նախագահին…»:

 

Քաղուած`  www.armenianchurchco.com կայքէն։

 








All the contents on this site are copyrighted ©.