2015-09-23 09:37:00

Տէր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս–Պատրիարքը այցելեց ՀՀ սփիւռքի նախարարութիւն։


Սեպտեմբերի 22-ին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց նորընտիր Ամենապատիւ և Գերերջանիկ Կաթողիկոս-Պատրիարք Տէր Գրիգոր Պետրոս Ի-ն, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի  հրաւէրով՝ մասնակցելու է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի նիստին, այցելեց ՀՀ  սփիւռքի նախարարութիւն:

Ողջունելով բարձրաստիճան հիւրին՝ նախարար Հրանուշ Յակոբեանը շնորհաւորեց նրան Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Կաթողիկոս-Պատրիարք ընտրուելու առթիւ և ուրախութիւն յայտնեց, որ նա նոր կարգավիճակով այցելել է ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութիւն:

Նախարարը նորընտիր Կաթաղիկոսին տեղեկացրեց, որ Սփիւռքի նախարարութիւնը սերտօրէն համագործակցում է Հայաստանի Հայ կաթողիկէ եկեղեցու հետ և դրուատանքով խօսեց առաջնորդ Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանի նուիրեալ աշխատանքի մասին: Նա մասնաւորապէս առանձնացրեց սիրիահայութեանն աջակցելու  համատեղ նախաձեռնութիւնները, ինչպէս նաև Զմմառի եկեղեցու մատենադարանի ձեռագրերի թուայնացման աշխատանքները, ինչի շնորհիւ մշակութային այդ թանկարժէք նմուշները փրկուեցին ոչնչացումից և հասանելի դարձան ապագայ սերունդներին: Նախարարը յոյս յայտնեց, որ թուայնացուած ձեռագրերի կրկնօրինակները երբևէ տեղ կգտնեն նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտ մատենադարանում՝ այդ կերպ ևս հասու դառնալով ուսումնասիրողներին և այցելուներին:  Նախարարը երախտագիտութեամբ խօսեց նաև Հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդների ունեցած անգնահատելի դերի մասին՝ Հռոմի պապ Ֆրանչիսկոսի՝  Հայոց ցեղասպանութեան ճանաչման առթիւ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում արտասանած ճառի մասին, որը շրջադարձային կարող է լինել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի համար:

Կաթողիկոս-Պատրիարքը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար և ասաց, որ մեծապէս գնահատում է հայապահպանութեանն ի նպաստ իրականացուող Սփիւռքի նախարարութեան գործունութիւնը և պատրաստ է շարունակել գործակցութիւնը անհրաժեշտ ծրագրերի իրականացման համար:

Զրոյցի աւարտին նախարար Հրանուշ Յակոբեանը Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքին նուիրեց հայ մանրանկարչութեան կրկնօրինակ՝ ի յիշատակ Սփիւռքի նախարարութիւն կատարած նրա այցելութեան:

 








All the contents on this site are copyrighted ©.