2015-09-23 09:45:00

Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման նախապատրաստական աշխատանքները մօտենում են աւարտին


«Սրբոց նահատակաց» եկեղեցու օծումը պատմական ամենակարևոր իրադարձութիւններից մեկն է Հայաստանի հայ կաթողիկէ համայնքի կեանքում:

«Սրբոց նահատակաց» եկեղեցու շինարարական, ներքին յարդարման աշխատանքները գրեթէ աւարտուած են: Բարեկարգուել է նաև բակի հատուածը, եկեղեցու դիմացը մասամբ փակող հին շինութիւնը քանդուել է, բակը սալապատուել է, ետնամասում՝ պատի վրայ, տեղադրուել է նաև հաւատքի համար նահատակուածների յիշատակը յաւերժացնող մի գեղեցիկ խաչքար, որի տակ՝ աղբիւր:

Սեպտեմբերի 21-ին, ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի և առընթերակացութիւն հայ կաթողիկէ հոգևորականների, օծուել են եկեղեցու 5 պղնձագոյն զանգերը, որոնք պատրաստել է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը: Զանգերն արդեն տեղադրուած են:

Նոյն օրը Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը քահանաների ժողով է գումարել Երևանում 2015թ. սեպտեմբերի 24-ին եկեղեցու օծման արարողակարգի կազմակերպման և թեմին առնչուող այլ հարցերի վերաբերեալ: Յիշեցնեմ, որ եկեղեցու օծումը կատարուելու է ձեռամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի:

Օծման արարողութեան կը մասնակցեն Սուրբ Աթոռի Արևեւելեան Եկեղեցիների ժողովի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարտօ  Սանդրին, հայ կաթողիկէ եպիսկոպոսներ և վարդապետներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ եպիսկոպոսներ և միաբաններ, ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանը և նրա տիկինը, լատին ծէսի կաթողիկէ այլ բարձրաստիճան հոգևորականներ, Անարատ Յղութեան առաքինազարդ քոյրեր, Սալեզյան միաբանության, Գթության միսիոներ առաքինազարդ քոյրեր, ՀՀ նախարարութիւնների ներկայացուցիչներ, Հայաստանում օտար երկրների արտակարգ և լիազօր դեսպաններ, Շիրակի մարզպետը, Գիւմրիի քաղաքապետը, հայ կաթողիկէ համայնքների ղեկավարներ՝ իրենց համայնականների հետ միասին, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, այլ հասարակական, մշակութային գործիչներ: Մասնակիցների անունները առաւել մանրամասն կներկայացնենք արարողութիւնից յետոյ:

Եկեղեցու բակում արարողութեան համար կը տեղադրվեն մեծ էկրաններ, որպէսզի բակում գտնուող հաւատացեալները կարողանան հետևել եկեղեցում տեղի ունեցող օծման արարողութեանը: Հայ կաթողիկէ երիտասարդ կամաւորականները ամբողջ ընթացքում կաշխատեն եկեղեցու տարածքում, հրաւիրեալներին կուղեկցեն եկեղեցում և բակում իւրաքանչիւրի համար հատացուած տեղերը:

Գյումրիի քաղաքապետարանը ասֆալտապատել է Աթարբեկյան փողոցի հայ կաթողիկէ առաջնորդարանի հատուածը և Մայակովսկի փողոցի մի մասը:

Օծման կարգը կը մեկնարկի ժամը 2015թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: Արարողութիւնից յետոյ հրաւիրեալների մի խումբ՝ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի, ՀՀ նախագահի գլխաւորութեամբ, կը մասնակցի Հայկական Կարիտասի Էմիլի Արեգակ կենտրոնի նորակառոյց շէնքի բացմանը և հիւրասիրութիւնը:

Քաղուած՝  http://www.armenianchurchco.com/ կայքէջէն








All the contents on this site are copyrighted ©.