2015-09-22 10:35:00

Տանն Կիլիկիոյ Կաթողիէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարք Հայաստանի մէջ


«Աղօթեցե՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք.ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցոյց տալ», Եբր., 13:18

2015թ. սեպտեմբերի 21-ին Հայաստան ժամանեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը: Հոգևոր Տիրոջը մեծ ուրախութեամբ և հանդիսութեամբ Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետութեան կենտրոնում դիմաւորել են Հայաստանում և Վրաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները՝ գլխաւորութեամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի, հայ կաթողիկէ այլ եպիսկոպոսներ, վարդապետներ, ովքեր արդեն գտնւում են Հայաստանում՝ ի պատրաստութիւն 2015թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունենալիք Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողութեան, որը կատարուելու է ձեռամբ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ի: Հոգևոր Տիրոջը դիմաւորելու էին եկել նաև Անարատ յղութեան առաքինազարդ քոյրերը, Մխիթարեան դպրանոցի սաները, հաւատացեալները:

Մատուռում բոլորը Հոգևոր Տիրոջ հետ միասին աղօթել են «Մաղթանք վասն հայրապետի» աղօթքը, որից յետոյ Ամենապատիւ Հոգևոր Տէրն իր հայրական խօսքն է ուղղել ներկաներին:

Կաթողիկոս Պատրիարքը շնորհաւորել է բոլորին՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ՝ շեշտելով, որ անկախութիւնը մեծ գնով ձեռք բերելուց յետոյ, պարտաւոր ենք պահել այն եղբայրասիրութեամբ, զոհողութիւններով, սեփական պատասխանատուութեան գիտակցութեամբ: Խօսելով իր ընտրութեան մասին՝ որպէս Կաթողիկոս Պատրիարք Կաթողիկէ Հայոց, Հոգևոր Տէրը կատակով ասել է, թէ իր առաջացած տարիքում դարձաւ Կաթողիկոս, որպէսզի կաթողիկէների համար լինի հայր և ոչ թէ պապիկ: Նաև ասել է, թէ մշտապէս իր մտքի մէջ ունի կաթողիկէ հայ հաւատացեալներին, աղօթում է բոլորի համար, որովհետև ուրիշ ընտանիք չունի եկեղեցուց բացի: Խնդրել է քահանաներին և առաքինազարդ քոյրերին աղօթական ծառայութեամբ նեցուկ կանգնել թեմի առաջնորդին: Շնորհակալութիւն է յայտնել քոյրերին՝ Հայաստանում նրանց երկարամեայ գործունէութեան համար և բոլոր ներկայ գտնուողներին բաշխել է իր հայրական օրհնութիւնը:

Աղօթքից յետոյ Հոգևոր Տէրն իր ստորագրութիւնն է թողել ժողովրդապետութեան յուշամատեանում, ապա մտերմիկ զրոյց ունեցել հոգևորականների հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ:

Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը սեպտեմբերի 24-ին Գիւմրիում կօծի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին, ապա կմասնակցի Հայկական Կարիտասի նորակառոյց Էմիլի Արեգակ կենտրոնի բացմանը և եկեղեցու օծման առիթով կազմակերպուելիք հիւրասիրութիւնը: Սեպտեմբերի 27-ին Հոգևոր Տերը Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում կմատուցի եկեղեցու անդրանիկ Սբ. Պատարագը, որից յետոյ կը մասնակցի Սբ. Էջմիածնում տեղի ունենալիք Միւռոնօրհնէքի արարողութեան:

 








All the contents on this site are copyrighted ©.