2015-09-22 08:43:00

«Սեպտեմբերի 21-ի գլխաւոր խորհուրդը մեր որոշումների գինն է սերունդների համար». Նախագահ Սարգսեան։


Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 24-րդ տարեդարձին առիթով երէկ Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ տեղի ունեցաւ տօնական ընդունելութիւն: Հանրապետութեան նախագահը ընդունելութեան ընթացքին շնորհաւորական ուղերձ յղած է  Անկախութեան տօնին առիթով:

Շնորհաւորական Ուղերձին մէջ մասնաւորապէս կը նշուի.

«Շնորհաւորում եմ բոլորիս Անկախութեան տօնի կապակցութեամբ:

«Հայ ժողովրդի հազարամեայ ընթացքը մեր օրացոյցի ամէն մի էջը լցրել է անթիւ-անհամար յիշողութիւններով: Լցրել է ուրախութեան արցունքներով ու կորուստների ցաւով: Լցրել է պայքարի հաստատակամութեամբ ու հերոսական մարտակոչերով: Լցրել է ծանր գիշերը լուսացնողի յոյսի աղօթքներով ու լոյսի առաջին շողերը դիմաւորողի հաւատաւոր յաղթանակով: Լցրել է լուսանցքից լուսանցք: Լցրել է առաջին տողից մինչեւ այն տողը, որ մենք ենք գրում:

«Մեր ժողովուրդը շատ լաւ յիշում է պայքարի ու մաքառման իր օրացոյցի իւրաքանչիւր թերթը: Յիշում է մեր բազմադարեայ  ճանապարհին ընկածներին եւ տօնում մեր միասնականութեան յաղթանակի ամէն օրը:

«Մեր պատմութեան օրացոյցում կան թերթեր, որոնք շարուած են ոսկէ տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամեակներ, դարեր ու հազարամեակներ շարունակ: Դարձել են նաեւ մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը:

«Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական յիշողութեան օրացոյցում քսանչորս տարի առաջ` այս օրը: 1991 թուականի սեպտեմբերի 21-ին մի ողջ ժողովուրդ գրեթէ միաբերան յայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատուութիւնը, պատիւը:

«Եւ ամէն անգամ, երբ օրացուցային տարին բոլորելուն մնում է ուղիղ հարիւր եւ մէկ օր, մենք վերահաստատում ենք մեր այս ուխտը եւ ի լուր աշխարհի յայտարարում` մենք այստեղ ենք, մենք անսասան ենք ու հաստատակամ: Մենք ենք մեր ճակատագրի տէրը, ու մերն է մեր նախնիների ժառանգութիւնը: Մենք ենք մեր զաւակների անամպ առաւօտների երաշխաւորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրաւականը: Մենք` եւ ոչ այլ ոք:

«Ձայնում ենք մեր հայերէնով, որով աղօթել ենք քաղաքակրթութեան արշալոյսին եւ որն այսօր հնչում է աշխարհի ամենաբարձր ամպիոններից: Հնչում է նաեւ շնորհիւ քսանչորս տարի առաջ մեր ժողովրդի դրսեւորած բացարձակ միասնականութեան:

«Այդ միասնականութիւնը մեզ ոչ միայն անկախութիւն պարգեւեց, այլեւ երկուսուկէս տասնամեակ շարունակ պայքարի կորով ու արարելու ոգի տուեց: Ժամանակի ընձեռած հնարաւորութեանն ու նրա նետած մարտահրաւէրներին մեր միանշանակ այդ պատասխանը հաստատութիւններ կերտեց` պետութիւն, բանակ, շուկայական տնտեսութիւն, քաղաքացիական հասարակութիւն:

«Սակայն մեր միասնութեան ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախութեան մերօրեայ հպարտ ու գեղեցիկ սերունդն է:

«Անկախութեան կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանգը, մեր «Այո»-ն հրաշք գործեց: Ծնեց անկոտրում այն զինուորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմպիացուած հրոսակից բաժանում է ընդամէնը հարիւր քայլ: Այն զինուորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քոյրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյութիւնն իսկ անէութիւնից բաժանում է հէնց այդ հարիւր քայլը: Այն զինուորին, ով արկածախնդիր հարեւանին այդ հարիւր քայլը յաղթահարելու ամէն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Օրացոյցի այս օրը խորհուրդ ունի ոչ միայն մեզ համար, այլեւ համայն մարդկութեան համար: Զուգադիպութիւն է, թէ ճակատագիր, սակայն հէնց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տօնին, Միաւորուած ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղութեան զանգը: Զրնգում է հնչեղ ու բարձր: Ու ոգեկոչում է բոլորի յիշատակը, ովքեր զոհուել ու զոհւում են պատերազմի նախճիրում: Զրնգում է` ի յիշեցում խաղաղ ապրելու եւ բռնութիւնից զերծ մնալու մարդու հիմնարար իրաւունքի: Զրնգում է` պահանջելով հրադադար ու խաղաղութիւն երեխաների ու տարեցների, կանանց ու տղամարդկանց համար:

«Ցաւօք, Խաղաղութեան միջազգային այս օրն անգամ Խաղաղութեան զանգի հնչիւնները յաճախ խլանում են կրակահերթերից ու արկերի պայթիւններից, հրետանային համազարկերից ու հրթիռակոծութեան թնդիւններից:

«Մեր սահմաններին, մեր գիւղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, աւաղ, լուսանում է ոչ թէ  Խաղաղութեան զանգի հնչիւններով, այլ մարտական ահազանգի կոչնակով:

«Պատերազմի ճիրաններում գալարւում են մեր դռնից համաշխարհային չափանիշներով մի քանի քայլ հեռաւորութեան վրայ գտնուող` ցեղասպանութեան արհաւիրքից մազապուրծ մեր պապերին ու տատերին պատսպարած Մերձաւոր Արեւելքի ժողովուրդները: Սեպտեմբերի 21-ին երկուսուկէս տասնամեակ առաջ մեր հնչեղ «Այո»-ն այսօր ապաստան ու ջերմութիւն է դարձել Մերձաւոր Արեւելքի ամենակուլ հակամարտութիւններից տնահալած մեր արիւնակիցներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Սեպտեմբերի 21-ի գլխաւոր խորհուրդը, թերեւս, մեր որոշումների գինն է սերունդների համար ու մեր պատասխանատուութիւնը` գալիքի հանդէպ, այն հետքը, որ մեր գործերն ու անգործութիւնը ժամանակի խորքից թողնում են մեր տեսակի ճակատագրի վրայ: Թողնում են` որպէս պսակ կամ որպէս խարան:

«Սահմանադրական բարեփոխումների այս կարեւոր փուլում ընտրութեան առջեւ կանգնած մեր հայաստանցիները պիտի ականջալուր լինի Սեպտեմբերի 21-ի հէնց այս խորհրդին: Ինչպիսին էլ լինի քո որոշումը, սիրելի՛ հայրենակից, յիշի՛ր, որ քո վճռից կախուած է ոչ միայն քո, այլեւ զաւակներիդ ապագան, ոչ այնքան քո, որքան սերունդներիդ ապահովութիւնն ու բարեկեցութիւնը:

«Թող ընտրութեան խաչմերուկում հաստատակամ կամ դեռ տարակուսած մեր հայրենակիցների որոշումը լուսաւորեն Սեպտեմբերի 21-ի` մեր ապագայի խաւարը ցրող ճառագայթները:

«Իշխանութեան հակակշիռների զարգացման, իրաւունքի եւ պատասխանատուութեան հաւասարակշռման վճռորոշ դարպասների առջեւ` վստահ եմ, պիտի կարողանանք քաջութիւն ունենալ ընդառաջ գնալու փոփոխութիւններին, անսալու ժամանակի հրամայականին ու դուրս գալու նորի հանդէպ վախի ճիրաններից: Յանուն սերունդների: Յանուն մեր ժողովրդի լուսաւոր ապագայի:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Քսաներորդ դարի առաջին ցեղասպանութիւնը` մարդկութեան հանդէպ մեծագոյն յանցագործութիւններից մէկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաեւ վերածննդի խորհուրդ ունի:

«Այո՛, օրացոյցի այս թերթը լեցուն է նաեւ մեր ժողովրդի արեամբ յագեցած տողերով: Մենք լաւ ենք յիշում այդ տողերը: Եւ յիշելու ենք, քանզի մեր երակներում Վանում, Մուշում, Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում ու Խարբերդում Օսմանեան կայսրութեան սրով նահատակուած մեր հարազատների արիւնն է հոսում: Մերն է նաեւ նրանց պատգամը` անել ամէն հնարաւորն ու անհնարինը, որպէսզի մեր տեսակի գլխին այլեւս երբեք չծանրանայ բնաջնջման ու կոտորածի վտանգը: Մերն է հաւատը, որ հակասութիւններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելայեղ ու արագընթաց մեր օրերում հայի յարատեւութեան միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականութիւնն է: Մերն է համոզմունքը, որ իշխանութեան միակ աղբիւրը ժողովուրդն է: Մերն է վստահութիւնը, որ արտաքին ու ներքին մարտահրաւէրներին արձագանգելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականութիւնն է բախտորոշ պահերին ու կարեւորագոյն խնդիրներում:

«Սեպտեմբերի 21-ը մեր հաւատի, մեր համոզմունքների ու մեր վստահութեան խորհրդանիշն է:

«Շնորհաւո՛ր Անկախութեան տօնը:

«Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»:

 








All the contents on this site are copyrighted ©.