2015-08-17 09:57:00

Հայ Կաթողիկէ Եկեղեցին ունի նոր վարդապետ՝ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը


2015թ. օգոստոսի 15-ին Գիւմրիի նորակառոյց Սրբոց նահատակաց եկեղեցում Տ. Նարեկ սարկաւագ Մնոյանը ձեռնադրուեց և օծուեց քահանայ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելեան Եւրոպայի կաթողիկէ հայոց:

Ձեռնադրութեան արարողութիւնը կատարուեց յընթացս Սբ. Պատարագի, որը մատուցուեց ձեռամբ Ռաֆայէլ Սրբազանի և առընթերակայութեամբ Հայաստանի, Վրաստանի և Արլ. Եւրոպայի հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականների (Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահեան, Գերպ. Հ. Ներսէս վրդ. Գալստեան, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփեան, Գերպ. Հ. Անտոն վրդ. Գրիգորեան, Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկ, Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեան, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսեան, Արժ. Տ. Կարապետ քհն. Թադէոսեան): Ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորներ Հոգշն. Տ. Ղևոնդ աբեղայ Սաղաթելլանը և Արժ. Տ. Աբգար քհն. Մարգարեանը, սուրիահայ հիւրեր, նորօծ վարդապետի ազգականները և հաւատացեալներ:

Գեղեցիկ և յուզիչ արարողութեան ընթացքում, որը կատարւում է Սբ. Պատարագի առաջին մասում, ըստ կարգի, ձեռնադրուողը ծնկաչոք նստեց արքեպիսկոպոսի առջև, ով ի շարս այլ գեղեցիկ աղօթքների, ձեռքերը խաչանման դնելով նրա գլխին՝ ասաց հետևեալը.

Ես դնեմ զձեռս ի վերայ եւ դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան քահանայութեան անարատ պահել առաջի սեղանոյ Տեառն Աստուծոյ զամենայն աւուրս կենաց իւրոյ…

Սրբազանը առընթերակայ քահանաների օգնութեամբ և յատուկ խօսքերով նուիրեալին հագցրեց քահանայական հանդերձանքի մասերը, ապա սուրբ միւռոնով օծեց նրա ձեռքերն ու ճակատը: Այս գեղեցիկ տեսարանից յետոյ արքեպիսկոպոսի խնդրանքով նորօծ քահանան իր առաջին օրհնութիւնն ու խաղաղութիւնը տուեց հաւատացեալներին: Մէկ այլ յուզիչ պահ է՝ Սուրբ Հոգու տուչութեունը. Սրբազան Հայրը փչեց նուիրեալի գլխին՝ ասելով Տէր Յիսուս Քրիստոսի խօսքերը.

 

Ա՛ռ զՍուրբ Հոգին, եթէ ումեք թողուցուս զմեղս, թողեալ լիցի նոցա եւ եթէ զուրուք ունիցիս, կալեալ լիցի…

Այս հոգեպարար արարողութիւնից յետոյ շարունակուեց Սբ. Պատարագը, որի աւարտին Ռաֆայէլ Սրբազանը իր խօսքն ուղղեց ներկաներին: Նա խօսեց արդեն նորօծ քահանայ Գերպ. Հ. Նարեկ վարդապետ Մնոյանի մասին.

Նարեկն իր մանկութիւնից լողացել է հոսանքին հակառակ: Ի հեճուկս բոլոր երիվարավարութիւն՝ փոքր հասակում, աճման ընթացքում, քահանայական պատրաստութեան ընթացքում, մնաց հաւատարիմ և աննկուն կամքով՝ հասնելու քահանայութեան : Բոլոր հնարաւոր առաջարկներն իրեն ներկայացուեցին, բայց մնաց հաստատ իր որոշման մէջ…Ես շնորհաւորում եմ քեզ, այսօր օծուեցին ձեռքերդ, ճակատդ և այլևս խաղաղութիւնը տուեցիր ժողովրդին…Սրբազանը նկատելի յուցուեց, մի պահ կանգ առաւ, ապա շարունակեց.

Ուրախ եմ եւ յուզուած՝ ոչ թէ որովհետև Նարեկն է, այլ՝ որովհետև Քրիստոսի Եկեղեցու մէջ մի զինուոր ևս աւելացաւ, որը պէտք է աշխատի, տքնի, հալածուի, քննադատուի, բայց մնա Քրիստոսինը: Այս բոլորի միջով ես էլ անցայ և դեռ կանգնած եմ այս խորանին առջև: Մաղթում եմ քեզ, որ աննկուն մնաս կամքով և հաւատարիմ՝ կոչմանդ մէջ, որովհետև դրա մէջ է քո փառքը՝ քո խոնարհութեան մէջ, երբ հալածուես՝ քո սիրոյ արտայայտութեան մէջ, երբ քննադատուես, պարզութեանդ մէջ, լռութեանդ մէջ, ժպիտիդ մէջ…որովհետև այս աշխարհը չէ, որ քեզ սպասում է, այլ՝ Քրիստոս:

Սբ. Պատարագից յետոյ լրագրողների հետ զրոյցում Ռաֆայէլ Սրբազանը խօսեց նաև այս և 2015թ. աշնանը սպասուող միւս ձեռնադրութիւնների մեծ նշանակութեան մասին՝ մանաւանդ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ծիրի մէջ: Նրա խօսքերով, մեծ ուրախութիւն է, որ հայ ազգի մէջ կան ազնիւ հոգիներ, որոնք ի հեճուկս այս աշխարհի ցանկութիւնների, խաբկանքների, հեշտամոլութիւնների, վճռում են ծառայել Աստծոյ Եկեղեցուն.սա հայ ժողովրդի հանդէպ Տիրոջ ողորմածութեան նշան է:

Հ. Նարեկ վրդ. Մնոյանը օգոստոսի 16-ին՝ Աստուածածնի Վերափոխման տօնին, կը մատուցի իր առաջին Սբ. Պատարագը՝ Գիւմրիի Սրբոց նահատակաց եկեղեցում:

 








All the contents on this site are copyrighted ©.