2015-07-21 14:30:00

''Վստահ էինք, որ Պապը կյիշատակի ցեղասպանութիւնը'' ըսաւ Մինասեան Արքեպիսկոպոսը։


2015թ. յունիսի 15-17-ը, Հռոմում ROACO-յի՝ «Արևելեան Եկեղեցիների օգնութեան կազմակերպութիւնների վերամիաւորում» բարեսիրական կազմակերպութեան 88-րդ համագումարի օրերին, Արհ. Տ. Ռաֆայէլ արք. Մինասեանը հարցազրոյց է ունեցել «Օգնութիւն կարիքաւոր եկեղեցուն» (Aid to the Churchin Need) կաթողիկէ միջազգային բարեսիրական կազմակերպութեան աշխատակցի հետ:

Հարցազրոյցում, որը հրապարակուել է 2015թ. յուլիսի 10-ին, Ռաֆայէլ Սրբազանը նախ խօսել է 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Սրբազան Պապի կատարած պատմական քայլի մասին և շնորհակալութիւն յայտնել ամբողջ հայութեան անունից:

«Մենք վստահ էինք, որ Պապը կյիշատակի ցեղասպանութիւնը, և նրա քաջութիւնը փոխեց ամբողջ աշխարհի վերաբերմունքը»ասել է Սրբազանը և շեշտել մէկ այլ կարևոր կէտ ևս, ինչն այդ օրերին մամուլում անուշադրութեան էր մատնուած.

«Սրբազան Պապը մեզ քաջալերեց հետամուտ լինել հաշտութեան՝ բարձրագոյն կրթական, հոգևոր և մարդկային արժէք ունեցող մի քայլ, որը կօգնի մեզ վերականգնել կորսուածը»:

Արհ. Տ. Ռաֆայէլ արք. Մինասեանը ասել է, որ ինքը Ցեղասպանութիւնից յետոյ ծնուած հայերի առաջին սերնդին է պատկանում, բայց նոյնիսկ նրանք, ովքեր անմիջապէս չեն տեսել այդ արհաւիրքը, դարձեալ տառապում են դրա հետևանքներից.

 

«Կան հոգեբանական խնդիրներ, օրինակ՝ բնազդային վախը՝ զինուոր տեսնելիս, փոխանցուել է նոյնիսկ երկրորդ, երրորդ սերունդներին»:

Խօսելով Թուրքիայի վերաբերմունքի մասին՝ Սրբազանը փաստել է, որ Թուրքիան մինչ օրս չի փոխուել, և անկասկած է այսօրեայ Թուրքիայի ամբողջ պատասխանատուութիւնը՝ 1915թ. յանցագործութեան համար:

«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպէս կարող են Եւրոպան և Ամերիկան այդքան յարգանք ցուցաբերել յանցագործ մի երկրի»:

Անդրադառնալով իր առաջնորդութեան կաթողիկէ համայնքների վիճակին՝ Ռաֆայէլ Սրբազանն ասել է, որ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէները աւելի աղքատ են և մեծ կարիք ունեն արտերկրի օգնութիւնների: Ռուսաստանում հիմնական խնդիրը, ըստ նրա, հայ կաթողիկէ համայնքների իրաւական դրութեան բացակայութիւնն է, իսկ Վրաստանում հայ կաթողիկէ համայնքը բարդ յարաբերութիւններ ունի վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ:

«Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ յարաբերութիւնները գերազանց են, որովհետև չկան ոչ ծիսական, ոչ խորհրդաբանական տարբերութիւններ»ասել է նա և առանձնացրել է կաթողիկէ համայնքներում առկայ կառուցուածքային խնդիրները:

 «Համայնքներում չկան եկեղեցական սրահներ կամ գրասենեակներ, ամեն ինչ ստիպուած են անել եկեղեցիներում: Յաճախ քահանաները հարկադրուած են Սբ. Պատարագ մատուցել դպրոցների սենեակներում, սա առիթ է տալիս, որ աղանդի տպաւորութիւն թողնենք…

Դպրոցներում Հայ Կաթողիկէ Եկեղեցուն չի թոյլատրուում կրօն դասաւանդել»ասել է Ռաֆայէլ Սրբազանը:








All the contents on this site are copyrighted ©.