2015-05-20 14:33:00

Աշխարհում 800 մլն. մարդ տառապում է սովից. Կարիտասի 20-րդ համագումարն աւարտուեց։


Կարիտասի միջազգային 20-րդ համագումարի աւարտին մասնակիցները ներկայ են գտնուել 2015թ. մայիսի 19-ին` Միլանում կազմակերպուած միջազգային ցուցահանդէսին՝ նուիրուած Կարիտասի առաքելութեանը՝ «Սնունդ՝ կեանքի համար, ուժանիւթ մոլորակի համար» նշանաբանով:

Կարիտասի տարբեր երկրներում գործող առաքելութիւնների ղեկավարները իրենց ելոյթներում կոչ են արել պաշտպանելու ընչազուրկների և անապահովների իրաւունքները, արժանապատուութիւնը և մերժելու այն սխալ պատկերացումը, թէ սովն անխուսափելի է: Նրանք շեշտել են հողի օգտագործման պայմաններն ու միջավայրի պահպանութեան քաղաքականութիւնն աւելի արդիւնաւէտ և մարդկանց համար աւելի շահաւէտ ու մատչելի դարձնելու համընդհանուր անհրաժեշտութիւնը:

Այսoր աշխարհում աւելի քան 800 մլն մարդ տառապում է սովից: Սովը մեծ խայտառակութիւն է, միշտ ասում է Ֆրանչիսկոս Սրբազան Պապը:  Ելոյթ ունեցողները յիշեցրել են Պապի կոչը՝ դուրս գալու և Քրիստոսի անունով ուրիշներին ծառայելու մասին:

Կարիտասի շատ մասնաճիւղեր զեկուցում են սննդի անվտանգութեան բացակայութեան մասին, որը խորացնում է սովի ու թերսնման ճգնաժամը «երրորդ երկրներում»:

Ըստ Կարիտասի ուսումնասիրութիւնների, որոնք իրականացուել են տարբեր երկրներում, հարցումներին պատասխանողների միայն 19 %-ն է ասել, որ իրենց երկրում սնունդը հերիքում է բոլորին, մօտ 30 % ը բողոքել է սննդի խիստ պակասից, և մօտ կէսը խօսել է սննդի անապահովութեան որոշակի առկայութեան մասին:

Սննդի անվտանգութեան պակասի հետևանք են նաև արտագաղթը, եկամուտների անհաւասար բաշխումը, մահացութեան բարձր մակարդակը, կրթութեան ցածր որակը, կոռուպցիան, ողորմութեան սպասելու հոգեբանութիւնը:

Անապահով բնակչութեան մեծամասնութիւնը վստահ է, որ սննդի ապահովութեան խնդիրը լուծելու հիմնական բանալին գիւղատնտեսութիւնը զարգացնելն է: Կարիտասի գիւղատնտեսութեան և առողջապահութեան զարգացման ծրագրերից միայն 2013թ. օգտուել է մօտ 106մլն մարդ:

Յայտնենք թէ Միջազգային Կարիտասի 20-րդ համագումարին  մասնակցում էին նաև Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը և գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը:








All the contents on this site are copyrighted ©.