2015-05-15 09:38:00

Արհ Տէր Ռաֆայէլ Արք Մինասեան կը մասնակցի Միջազգային քարիթասի համագումարին


Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասյանը և գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը այս օրերին մասնակցում են Հռոմում մայիսի 13-17-ը տեղի ունեցող Միջազգային Կարիտասի 20-րդ ընդհանուր համագումարին:

Ռաֆայէլ Սրբազանը տեղեկացրեց, որ 162 երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ վերատեսուում է Կարիտասի ռազմավարութիւնը՝ հիմք ընդունելով Ֆրանցիսկոս Սրբազան Պապի ուղղութիւնը.

Կարիտասը միջոցն է Եկեղեցու՝ օգնելու աղքատներին, զրկեալներին, տեղահանուածներին և օգնութեան կարոտ բոլոր մարդկանց: Չկայ մեծ Կարիտաս և փոքր Կարիտաս.ամենախեղճը, ամենատկարը և ամենահեռուն նոյն արժէքն ունեն, ինչ՝ կենտրոնում գտնուողը: Կարիտասը Եկեղեցու ընտանիքն է, որ պահում և պահպանում է մարդկային ընտանիքը:

Այս ընդհանուր ուղղութեան կամ ռազմավարութեան հիման վրայ իւրաքանչիւր երկրի Կարիտաս որոշում է իր սեփական գործելակերպը՝ ըստ իր երկրի համապատասխան օրէնսդրութեան:  Այս օրերին նաև տեղի կունենան Միջազգային Կարիտասի ընդհանուր նախագահի և եւրոպական կարիտասների տնօրէնների ընտրութիւններ, որոնք նոր աւիշ կմտցնեն Կարիտասի ընդհանուր աշխատանքի մէջ, ասաց Ռաֆայէլ Սրբազանը:

Մայիսի 14-ին Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը նաև Միլանի Մշակոյթի կենտրոնում հանդէս է եկել բանախօսութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան թեմայով, որտեղ ուշադրութիւն է հրաւիրել հայ նահատակների հոգևոր սխրանքի և հաւատքի վկայութեան փաստերի վրայ:

Իսկ մայիսի 24-ին Ռաֆայէլ Սրբազանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարեան մայրավանքում, կկատարի քահանայական ձեռնադրութիւն: Կաթողիկէ Եկեղեցին կունենայ երկու նոր վարդապետ՝ այժմ դեռևս սարկաւագաց վանական եղբայրներ՝ Տէր Անտոն (Զակքէոս) Գրիգորյանը և Տէր Գէորգ (Սարգիս) Սարգսեանը:

 








All the contents on this site are copyrighted ©.