2015-03-24 08:45:00

Հայ Կաթողիկէ ''Կարիտաս'' բարեսիրական կազմակերպութիւնը նշեց երջանկութեան միջազգային օրը։


Մարտի 20-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան կամաւորները միասնական հանդիպում ունեցան Գիւմրիում: Երջանկութեան օրը միասին տօնելու էին եկել Կարիտասի Գիւմրիի, Տաշիրի եւ Գաւառի մասնաճիւղերի կամաւորները: Հանդիպման կազմակերպումը նպատակ ուներ վերաիմաստաւորել քրիստոնեայ կամաւորականի առաքելութինը, Կարիտասի կամաւորական կորպուսի առաքելութիւնը, գնահատել ու վերլուծել ընթացիկ ու յետագայ ծրագրերը եւ կատարուած աշխատանքը: Հանդիպման ընթացքում շեշտուեց առաքելութիւնը էլի աւելի մեծ պատասխանատութեամբ եւ նուիրումով կատարելու անհրաժեշտութիւնը: Երիտասարդների հետ զրուցելու էր հրաւիրուել նաեւ Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը: Վարդապետը խօսեց կամաւորութեան, ինքնազոհութեան ու խոնարհութեան շուրջ՝ հիմք վերցնելով Բարի Սամարացու մասին առակը եւ մեկնելով այն: Այդ Սամարացին Յիսուսն է, բացատրեց վարադապետը, եւ յիւրաքանչոյւր կամաւորական, ով ինքն իրեն Քրիստոսի աշակերտ է համարում, պարտաւոր է նմանուել Յիսուսին եւ միշտ խնամել մերձաւորի վերքերը, անտարբեր չլինել եւ դա անել առանց նիւթական կամ այլ ակնկալիքների, մոռացած սեփական շահը, առանց հպարտանալու եւ իր արածի դիմաց ծափահարութիւններ պահանջելու մարդկանցից.պէտք է հուսալ, որ միայն Տէրն Ինքը կծափահարի մեզ: Վարդապետն իր գնահատանքը յայտնեց կամաւորականներին՝ իրենց աշխատանքի համար: «Կամաւորութիւնը մեծ պատիւ է, երջանկութիւն է, երջանկութիւնը սիրելու եւ տալու մէջ է». Ասաց Հ. Պետրոսը:

 Ինչու՞ հանդիպումը կազմակերպուեց երջանկութեան միջազգային օրը: «Կամաւորութիւնը սերտօրէն կապուած է երջանկության հետ, քանի որ ամէն անգամ, բարի գործ անելուց յետոյ, երբ տեսնում ես, թե ինչպէս են ուրախութիւնից բոցկլտում  մարդկանց աչքերը, երբ ամէն անգամ կենտրոն մտնելուց տեսնում ես շահառուների՝ քեզ սպասող հայեացքները, երբ զգում ես, որ հոգիդ խաղաղուած է, երբ ներքուստ հոգեւոր բաւարարուածութիւն ես զգում, թեթևութիւն ու հանգստութիւն, քեզ այլեւս աւելին պէտք չի լինում երջանիկ պահեր ապրելուց բացի».ասում է Կարիտասի կամաւորական կորպուսի համակարգող Արեւիկ Սահակեանը:

 Կարիտասի կամաւորականների կորպուսը, որը սկզբում կոչւում էր «Երիտասարդական խորհուրդ», միաւորուած առաքելութեամբ գործում է 2009թ.: Նրանք թուով շուրջ 70-ն են: Ընդգկուած են Կարիտասի տարբեր ծրագրերում՝աշխատում են հաշմանդամութիւն ունեցող երեխաների, դժուարին իրավիճակներում ապրող երիտասարդների եւ տարեցների հետ, իրականացնում տարբեր վարչական աշխատանքներ եւ թարգմանութիւններ:

 Մեր յետագայ հրապարակումներում կփորձենք նրանց ադրադառնալ անհատական նկարագրերով:








All the contents on this site are copyrighted ©.