2015-02-10 08:26:51

Ղեւոնդեանք կամ Ս. Ղեւոնդեանց քահանայից


Սրբոց Ղևոնդեանց քահանայից յիշատակը Հայ Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը։ Ղևոնդեանց անուան տակ ճանաչւում են և յիշատակւում այն հոգևորականները, որ պարսից Հազկերտ Բ թագաւորը, Արտրորմիզդ Մարզպանի դրդումով, Վարդանանց պատերազմից յետոյ, հայաստանի մէջ ապստամբական նոր խլրտուքները անկարելի դարձնելու համար, մի քանի նախարարների հետ՝ նախ փակեցին Վրկան աշխարհի մէջ և ապա Քուշանց դէմ պատերազմից պարտուած վերադառնալով պարսից մոգերի դրդումով Հազկերտը հրամայեց մէկ - մէկ չարաչար սպանել։
Տարիքով աւագը Ղևոնդ երէցն էր, ում անուան կողքին հայ պատմիչները յիշատակում են՝ Յովսէփ կաթողիկոսի, Սահակ եպս Ռշտունեանցի, Բասենեանց Թաթիկ եպս, Մուշէ կամ Մուշեղ քահանայի, Արշէն երեցին, Սամուել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկաւագների անունները։
Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խօսքերով և ներկայութեամբ քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնութեան համար պարսից զօրքերի դէմ ելած հայ մարտիկներին։ Ղևոնդեանք հայ եկեղեցականութեան պանծալի նահատակներն են, նրանց վրայ անձնաւորւում է հայրենիքի և հաւատքի նուիրման գաղափարը։ Վարդանանց պատերազմից յետոյ անմխիթար և մթապատ օրերում այս նահատակները մխիթարութիւն և լոյս եղան հայ ազգի համար։ Վարդանանց հերոսամարտիկների ընկեր և քաջալերող, նրանք ժողովրդի կեանքի մէջ բարձր պահեցին մեր կրօնի և հաւատի սրբութիւնը, և ականաւոր նահատակներ եղան Քրիստոսի յաղթական եկեղեցիով Հայ ազգութիւնը ապրեցնելու և պահպանելու սկզբունքով։
Աւանդութեան համաձայն այս յիշատակութեան օրը բոլոր քահանաների տօնն է։
Մեծ պարտականութիւն ունենք այսօր համօրէն հաւատացեալ հայ ժողովուրդը և մանաւանդ հոգևորականներս խղճի արդար քննութեամբ հարց ուղղելու ինքներս մեզ. ''ո՞րքանով ենք արժանի այս նահատակների աւանդին և նոյն կենսունակութեամբ մենք գործո՞ւմ ենք յանուն հաւատի և վասն հայրենեաց․․․․․․''։
Նարեկ Սրկ. Մնոեան








All the contents on this site are copyrighted ©.