2014-11-08 08:12:37

Վերաօծուեց Մեծավանի վերանորոգուած Սբ. Յովհաննէս Մկրտիչ աղօթատունը։


Նոյեմբերի 5-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ` Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ձեռամբ վերաօծուեց Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գիւղի Սբ. Յովհաննէս Մկրտիչ տաճարը կամ, ինչպէս բնակիչներն են ասել, Մեծ կամ Վերին վանքը, որը կիսաւեր վիճակում էր և տասնամեակներ շարունակ չէր գործում: Աստուծոյ կամօք, տաճարը 2014թ. վերանորոգուել ու դարձել է գործող աղօթատուն:
Պատմական տեղեկութիւնները ''Վերին վանք'' հիմնման ժամանակի վերաբերեալ տարբեր են՝ 5-րդ դար, 10-րդ դար: Երբ 1820-ականներին Խոջաքիլիսայում կամ նոր անունով՝ Մեծավանում, հաստատուել են Արևմտեան Հայաստանից գաղթած կաթողիկէ հայ ընտանիքներ, գիւղն ու աղօթատունը աւերուած են եղել: Եկեղեցու հաւատքով վերապրած, ամուր բարեպաշտական աւանդութիւններով ներքնապէս հարուստ կաթողիկէ ներգաղթեալները կենդանացրել են գիւղը՝ անուանելով այն Շահնազար, վերանորոգել են տաճարը ու դարձրել իրենց հոգու ամրոցը, մի գեղեցիկ ուխտավայր:
Շահնազարում ապրած ու ծառայած Սարգիս վրդ. Յազիճեանի փոխանցած տեղեկութիւններով, 1878թ. անձրևներից քայքայուել ու դարձեալ աւերուել է տաճարի տանիքն ու պատերից մեկը. վարդապետը կազմակերպել է աղօթատան երկրորդ վերանորոգումը և հիմնել նաև ծխական մի ուսումնարան: Ցարական կառավարութիւնը կարգադրել է փակել ուսումնարանը, բայց կարճ ժամանակ անց վերաբացել: Կոմունիստական իշխանութեան տարիներին գիւղացիներին արգելել են աղօթել տաճարում. աղօթատունը դարձեալ խոնարհուել է, բայց գիւղացիները նորոգել են մասամբ ու շարունակել գաղտնի աղօթել:
1991թ.երբ Հայաստանում իրենց ծառայութիւնը վերսկսեցին հայ կաթողիկէ հոգևորականները, Վերին Վանքում սկսեցին մատուցուել Սբ. Պատարագներ ու կատարուել ծիսական արարողութիւններ, որ կանոնաւոր կերպով՝ հոգևորականների քիչ թուաքանակի և աղօթատան անմխիթար լինելու պատճառով:
2014թ. Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ և Տաշիրի և հարակից շրջանների հոգևոր հովիւ Հ. Ներսէս վրդ. Գալստեանի նախաձեռնութեամբ, ծնունդով նոյն գիւղից գործարար Սպարտակ Աւոեանի ամբողջական ֆինանսական օժանդակութեամբ և ՀՀ Մշակոյթի նախարարութեան մասնագիտական աջակցութեամբ, ձեռնարկուեց աղօթատան վերանորոգումը, որը տևեց 6 ամիս: Ամրացուել են աղօթատան պատերը՝ պահպանելով ճարտարապետական հին ձևը, կից կառուցուել է մոմավառութեան սրահ՝ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով և զանգակատուն: Տաճարն այժմ ունի նաև խաչ և առաջին անգամ՝ զանգակ, որն այսուհետ ամեն կիրակի կազդարարի Սուրբ Պատարագի սկիզբը և մեծավանցիներին կհրաւիրի նորոգելու իրենց պապերից ժառանգած հաւատքի ջերմեռանդութիւնը և իրենց նուիրումով, անդադար աղօթքներով վերականգնելու Վերին վանքի կամ Սբ. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու հնամենի անունը, որը դեպի իրեն է ձգել նաև հարակից բնակավայրերի ուխտաւորների և ոչ հայաստանաբնակ հայերի: Մեծավանը Լոռու մարզի ամենամեծ գիւղերից է՝ մօտ 10.000 հայ կաթողիկէ բնակչութեամբ:
Նոյեմբերի 5-ին աղօթատան պատերն ու խորանը վերաօծելուց յետոյ Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն այդտեղ առաջին Սբ. Պատարագը մատուցեց.տասնամեակների լռութիւնից ու բազում խոչընդոտներից յետոյ հոգևոր կեանքը վերստին արթնացաւ տաճարում, հաւատացեալները դարձեալ լսեցին իրենց հովուի քարոզը: Տաճարում այդ օրը մեծ բազմութիւն չկար, քանի որ աղօթատան հանդիսաւոր բացումը նախատեսւում է կատարել նոյեմբերի 9-ին՝ Սբ. Պատարագով և մեծ տօնակատարութեամբ, ինչպէս օրեր առաջ տեղի ունեցաւ հարևան Նորաշէն համայնքում, որտեղ, ինչպէս յայտնի է, նոր աղօթատուն կառուցուեց և դարձեալ՝ 2014թ.:








All the contents on this site are copyrighted ©.