2014-11-03 14:35:17

Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի ելոյթը Վիեննայում տեղի ունեցած ''էկումենիկ'' ժողովի ժամանակ։


Հոկտեմբերի 25-26-ը Վիեննայում, Հալթբրնի Ամրոցում Զալցբուրգի Արքեպիսկոպոս Գերշն. Տ. Անդրէաս Լաոնի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել միջեկեղեցական խորհրդաժողով՝ քրիստոնէական ընդհանուր արմատների արժևորման, ''էկումենիկ'' երկխօսութեան զարգացման նպատակով. թեման հետևեալն էր.«Կիպրոսի Եկեղեցու ընդհանուր քրիստոնէական արմատները՝ Երուսաղեմի Եկեղեցու՝ Եկեղեցիների Մօր, դիտակէտից»: Այդ խորհրդաժողովը յարգանքի տուրք էր Երուսաղեմի Եկեղեցուն և հրաժարեալ Քահանայապետ Նորին Սրբութիւն Բենեդիկտոս 16-րդին: Խորհրդաժողովին մասնակցել են Արևելեան Կաթողիկէ և Ուղղափառ Եկեղեցիների հոգևորականներ, այլ քրիստոնէական յարանուանութիւնների ներկայացուցիչներ, Konigsegg-Aulendorf-ի կոմսն ու կոմսուհին: Կիպրոսի Մարոնիդ Եկեղեցու գլուխ Արքեպս. Ժոզեֆ Սուեյֆի առաջնորդութեամբ միասնական աղօթք է բարձրացուել վասն խաղաղութեան, որից յետոյ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Զալցբուրգի Արքեպիսկոպոսի հետ միասին մատուցել է Սբ. Պատարագ` հայկական ծէսով, հայկական երգչախմբի երգակցութեամբ: Սբ. Պատարագի ընթացքում Ռաֆայէլ Սրբազանը Զալցբուրգի Արքեպիսկոպոսի հետ միասին Սբ. Հաղորդութեան օրհնութիւնն է բաշխել Սբ. Խորանի առջև ծնկի եկած Արևելեան քրիստոնէական Եկեղեցիների և յարանուանութիւնների ներկայացուցիչներին, որից յետոյ կատարուել է Սբ. Հաղորդութեան միասնական երկրպագութիւն:
Խորհրդաժողովի ընթացքում ի թիւս այլոց, ելոյթով հանդէս է եկել նաև Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը՝ ընդառաջելով կազմակերպիչների խնդրանքին՝ խօսելու Երուսաղեմում Հայ Կաթողիկէ համայնքի մասին: Սրբազան Հայրը նախ շնորհակալութիւն է յայտնել` իրեն այդ խորհրդաժողովին հրաւիրելու համար, և նաև ասել, որ Աւստրիան շատ մօտ է հայ ժողովրդին և որ իր համար մեծ ուրախութիւն է յատկապէս Աւստրիայի Կարիդասի և Հայկական Կարիդասի միջև համագործակցութիւնը: Ռաֆայէլ Սրբազանը, նախքան Երուսաղեմում հայ կաթողիկէ համայնքին անդրադառնալը, ամփոփ բայց բովանդակալից կերպով ներկայացրել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութիւնը: Նա փաստել է, որ Հայ Եկեղեցին ի սկզբանէ, մինչև 5-րդ դարակէսը, միասնական է եղել, առանց Կաթողիկէ և Առաքելական թևերի: Համառօտ անդրադարձ կատարելով Քաղկեդոնի ժողովի բանաձևումներից հետո Արևմտյան և Արևելյան մի քանի Եկեղեցիների միջև առաջացած տարաձայնութիւններին` Սրբազանը փաստել է, որ դրանք սխալ մեկնաբանութիւնների հետևանք էին, բայց, ցաւօք, ամուր տեղ գրաւեցին հետագայում Հայ Եկեղեցու բաժանման պատճառների մէջ: Նշանաւոր կաթողիկոսներ Ներսէս Շնորհալին, Ներսէս Լամբրոնացին և ուրիշներ, գիտակցելով, Ընդհանրական Եկեղեցու հետ մէկ լինելու առանցքային կարևորութիւնը, ջանքեր գործադրեցին վերականգնելու միութիւնը, բայց պատմական պայմանները թոյլ չտուեցին: Արքեպիսկոպոս Մինասեանը ուշադրութիւն է հրաւիրել յատկապէս այն փաստի վրայ, որ Հայ Կաթողիկէ Եկեղեցին, աւելի ստոյգ` հայ կաթողիկէ համայնքները չեն ծնուել 18-րդ դարում, այլ գոյութիւն են ունեցել հնուց ի վեր, գրեթէ ամենուրեք` թէ’ Հայաստանում, թէ’ հայկական գաղթավայրերում, իսկ Աբրահամ Արծիւեանը վերահաստատեց Հայ Կաթողիկէ նուիրապետութիւնը Հալէպում, 1742թ.: Ներկայում գոյութիւն ունեցող Հայ Կաթողիկէ Եկեղեցին ժառանգն է այն Հայ Եկեղեցու, որը կառուցեց Սբ. Գրիգոր Լուսաւորիչը, և որը պաշտպանում էին Սբ. Սահակը, Սբ. Մեսրոպ Մաշտոցը հայոց կաթողիկոսները, այն 16-17-րդ դարերում Արևելքում առաջացած այսպէս կոչուած «համաձայնող» (concordant) կաթողիկէ եկեղեցիներից չէ: Հայ կաթողիկէները, որպէս ամբողջ հայ ժողովրդի անբաժանելի մաս, իրենց ներդրումն են ունեցել ազգի զարգացման մէջ, կիսել բոլոր տառապանքները, ցեղասպանութեան նահատակներ դարձել:
Խօսելով Երուսաղեմում հայ կաթողիկէ համայնքի մասին խօսելիս Սրբազան Հայրը պատմել է Վիա Դոլորոզա փողոցի վրայ Տիրամօր Չարչարանաց Եկեղեցու կառուցման և հայ կաթողիկէ նուիրապետութիւն ստեղծման մասին: Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը 2005-2011թթ. եղել է Երուսաղեմի և Ամմանի Պատրիարքական Փոխանորդ:
Սրբազան Հայրն իր ելոյթում անդրադարձել է նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ թեմի ձևաւորմանը, որը տեղի ունեցաւ սովետական ռեժիմի փլուզումից յետոյ: Արքեպիսկոպոսը հպարտութեամբ է ասել, որ այժմ Հայ Կաթողիկէ և Հայ Առաքելական նուիրապետութիւն և համայնքների միջև բարեկամական և փոխադարձ յարգանքի հիման վրայ զարգացող յարաբերութիւններ և համագործակցութիւն կայ, ինչն օգնում է յաղթահարել մեկուսացուած կենսաձևը: «Այսօր մենք շարունակում ենք կառուցել և օգնել բոլոր հայերին առանց խտրականութեան, Աւետարանի սիրով և յարգանքով, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում». ընդգծել է Սրբազան Հայրը: Օգտակար տեղեկութիւններ ներկայացնելով կաթողիկէների, կաթողիկէ գիւղերի և հոգևորականների թուաքանակի, կատարուող աշխատանքի մասին` թեմի առաջնորդն իր ելոյթի վերջում ասել է. «Ես սիրում եմ տարբերութիւնները ազգերի և ժողովուրդների միջև, բայց երբեք չեմ ընդունի բաժանումը մէկ ընտանիքի անդամների միջև, որովհետև նրանք եղբայրներ ու քոյրեր են: Աստուծոյ Միածին Որդին…երկիր չեկաւ կաթողիկէների, ուղղափառների կամ բողոքականների համար: Մենք անդամներն ենք մէկ մեծ ընտանիքի. ի գիտութիւն ընդունենք այս իրականութիւնը յարգանքով և աւետարանական սիրով»:
Խորհրդաժողովի յաջորդ օրը` հոկտեմբերի 26-ին, մասնակիցները միասնական ուխտագնացութիւն են կատարել դէպի Մարիազելի (Mariazell) սրբավայր, որտեղ աղօթք են բարձրացրել առ Աստուած` Երուսաղեմի Եկեղեցու նպատակների և Մերձաւոր Արևելքի ու Եւրոպայի եկեղեցիների միջև ''էկումենիկ'' երկխօսութեան առաջխաղացման համար:








All the contents on this site are copyrighted ©.