2014-10-15 10:02:57

Հայաստանի Թեմի հոգևորականները Իտալիայում մասնակցել են քահանայական պատրաստութեան դասընթացի


2014թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի օրհնութեամբ Հռոմից քիչ հեռու գտնուող Սանթա Մարինելլա բնակավայրում կազմակերպուեց քահանայական մնայուն կազմաւորման դասընթաց՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու 5-10 տարեկան քահանայական ձեռնադրութեամբ հոգևորականների համար: Դասընթացին մասնակցել է 12 հոգևորական՝ 5 վարդապետ և 7 ամուսնացեալ քահանայ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Սիրիայից, Լիբանանից և Յունաստանից: Դասընթացը նախաձեռնել էր Հայ Կաթողիկէ Պատրիարքարանը: Այն իր տեսակով առաջինն է Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութեան մէջ և, ինչպէս խոստանում են կազմակերպիչները, լինելու է շարունակական, նաև՝ այլ հոգևորականների համար, ովքեր ունեն տարբեր տարիների քահանայական ձեռնադրութիւն: Դասընթացի թեմաները կենտրոնացած են եղել քահանայական կոչմանը հաւատարիմ մնալու հոգևոր պարտականութեան, քահանայական կոչման և ծառայութեան հետ կապուած խնդիրների, ինչպէս նաև ծիսակատարութեան թեմաների շուրջ: Դասախօսութիւնների համար հրաւիրուած են եղել Յիսուսեան միաբան Էմմիլիո Մագանիան, ով Հռոմում պատրաստում է նմանատիպ դասընթացներ անցկացնող հոգևորականների, Պոլսի Առաքելական Կառավարիչ, հայագէտ Գերշն. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը, Լիոնի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերյարգելի Հ. Յովսէփ ծ.վ. Քելեկյանը:
Դասընթացի բացման իր խօսքում Հոգևոր Տէրն ասել է, որ քահանան իր հոգևոր ծառայութեան մէջ իր անձնական ձեռագիրը չպէտք է հետապնդի, այլ ամեն ինչ պիտի անի իր առաջնորդի գիտակցութեամբ և հաւանութեամբ, այն ժամանակ Աստուած կօրհնի նրա առաքելութիւնը և հաւատացեալները կշինուեն հոգևորապէս: Քահանայական մնայուն պատրաստութեան այդ հաւաքի նպատակը, Հոգևոր Տիրոջ խօսքերով, վերանորոգելն է քահանայութեան կոչումը՝ հետևելու Յիսուսին, Նրա փրկչական գործը շարունակելու, որը կը յաջողուի ոչ թէ գիտելիքների մեծ քանակութեամբ, այլ՝ առաջին հերթին խոնարհութեամբ և Աստուծոյ հանդէպ վստահութեամբ: Հոգևոր Տէրը յորդորել է քահանաներին լինել Յիսուսի ընկերը մշտական աղօթքներով և խոնարհութեամբ: Դասընթացի ընթացքում կարևորուել է քահանայի կողմից իր հոգևոր կատարելագործման վրայ մշտապէս ջանք թափելը, սեփական հոգևոր կատարելագործման յստակ ծրագրի մշակումը՝ անդադար փորձելով հասկանալ սեփական թերութիւններն ու աշխատելով շտկել դրանք: Դասընթացի մասնակիցները դասախօսողների հետ միասին խմբային աշխատանք են կատարել՝ փոխանակելով սեփական փորձառութիւնը տարբեր խնդիրների լուծման վերաբերեալ, որոնք հանդիպում են քահանայական ծառայութեան ընթացքում: Այս իմաստով նման դասընթացը ունի երկակի կարևորութիւն քահանայի համար՝ հոգևոր գիտելիքների հարստացում մասնագիտական դասալսումներով և փորձի փոխանակման լաւ հնարաւորութիւն:
Քահանայական մնայուն պատրաստութեան այդ դասընթացի մասնակիցները վստահ են, որ իրենց հաջողուեց այդ մի քանի օրերի ընթացքում ձևաւորել ջերմ մտերիմ յարաբերութիւններ միմեանց միջև: Դասերից բացի քահանաները միասին ներկայ են գտնուել Սրբազան Քահանայապետի ընդհանուր ունկնդրութեանը, միասին այցելել են Հռոմում և Հռոմից դուրս գտնուող սրբավայրեր, իսկ դասընթացի աւարտին՝ Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու մայրապետաց վանք, որտեղ աղօթել են Սբ. Գրիգոր Լուսավորչի գանգի առջև: Ինչպէս յայտնի է, Սբ. Գրիգոր Լուսավորչի գանգը պահւում է Նեապոլի մայրապետների մի վանքում, որտեղ նախկինում ապրել են հայ միանձնուհիներ: Վանքի փողոցը ևս կոչւում է Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 2001թ. Հայաստանում քրիստոնէութեան որպէս պետական կրօն հռչակման 1700-ամյակի առիթով Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապը Նեապոլում պահուող Լուսավորչի մասունքների մի մասը նուիրեց Հայ Առաքելական Եկեղեցուն:







All the contents on this site are copyrighted ©.