2014-10-14 08:28:44

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի ու համայն արեւելքի Պատրիարքը ստորագրեցին համատեղ յայտարարութիւն


Հոկտեմբերի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ եւ Նորին Սրբութիւն Անտիոքի եւ Համայն Արեւելքի Մօր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքը, երկու Եկեղեցիների պատուիրակութիւնների ներկայութեամբ ստորագրեցին համատեղ յայտարարութիւն:
Յայտարարութեան մէջ ասւում է.

Հայ եւ Ասորի առաքելահիմն Ուղղափառ Քոյր Եկեղեցիներն ունեն միեւնոյն քրիստոսաբանութիւնը եւ սրբազան աւանդութիւնը, հայրախօսական եւ ծիսական ժառանգութիւնը, ընդհանուր սրբեր, խոստովանողներ եւ վկաններ:
Յարագնայ փոփոխութիւնների աշխարհում մեր Եկեղեցիները հովուական իրենց կեանքում նոր մարտահրաւէրների առջեւ են կանգնած:
Այսօր Մերձաւոր Արեւելքի երկրները, որոնք օրրանն են միաստուածեան կրօնների եւ որտեղ դարեր շարունակ կողք կողքի ապրել ու արարել են տարբեր կրօնների ներկայացուցիչներ, գտնւում են մեծ ճգնաժամի մէջ: Խստօրէն դատապարտում ենք բոլոր ահաբեկչական խմբաւորումների եւ կրօնական ծայրահեղականների կողմից իրականացուած գործողութիւններն ու կիրառուած բռնութիւնները քրիստոնեաների, մահմեդականների, եզդիների եւ միւս փոքրամասնութիւնների նկատմամբ: Յոյս ունենք, որ Հիւսիսային Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչութեան դէմ պայքարը կարդիւնաւորուի տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատմամբ եւ բռնի տեղահանուած բնակիչները կը վերադառնան իրենց բնակավայրերը:

Մեր մտահոգութիւնն ենք յայտնում նաեւ Սիրիայում շարունակուող պատերազմի առնչութեամբ: Եւս մէկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ յարգելու Սիրիայի ժողովրդի` բացառապէս խաղաղ ճանապարհով իրենց քաղաքական խնդիրները եւ տարաձայնութիւնները լուծելու կամքը: Աղօթում ենք առեւանգուած երկու արքեպիսկոպոսների` Գրիգորիոս Եօհաննայ Իբրահիմի եւ Բուլոս Եազիչի շուտափոյթ ազատ արձակման համար: Լիայոյս ենք, որ միջազգային հանրութիւնը կը շարունակի մարդասիրական օգնութիւն ցուցաբերել տարածաշրջանին, լինի դա մարդկային կեանքի համար օգտակար ֆինանսական, բժշկական թէ այլ բնոյթի, եւ կվերացնի մարդասիրական օգնութեան ճանապարհի բոլոր խոչընդոտները:

Հարիւր տարի է անցել մարդկութեանն այդքան դժբախտութիւն եւ չարիք պատճառած Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից: Աշխարհի տարբեր ազգեր եւ պետութիւններ յիշատակում են մարդկութեան չարիքները եւ անդրադարձ են կատարում անդառնալի կորուստներ պատճառած այդ իրադարձութիւններին: Պատերազմը ծանր հետեւանքներ ունեցաւ ինչպէս հայերի համար, ովքեր կորցրեցին մէկ ու կէս միլիոն հայրենակիցների եւ իրենց հայրենիքի մեծ մասը, այնպէս էլ ասորի ժողովրդի համար, ովքեր կորցրեցին իրենց՝ աւելի քան հինգ հարիւր հազար բնակչութիւն:
Մենք աղօթք ենք բարձրացնում հայ եւ ասորի նահատակների, ինչպէս նաեւ Առաջին Համաշխարհային պատերազմի միւս զոհերի համար: Հրաւիրում ենք համայն քրիստոնէական աշխարհին` միանալու Հայոց Ցեղասպանութեան եւ Ասորի Սայֆոյի 100-րդ տարելիցների յիշատակման միջոցառումներին 2015 թուականին: Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին` ճանաչելու եւ դատապարտելու հայ եւ ասորի ժողովուրդների, ինչպէս նաեւ այլ քրիստոնեայ համայնքների դէմ իրագործուած ոճրագործութիւնները:
Գոհութիւն ենք մատուցում Ամենակալ Տիրոջը` Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկայ համագործակցութան համար, որոնք ունեն միեւնոյն հաւատքը: Մենք աղօթում ենք առ Աստուած Եկեղեցիների պայծառութեան եւ աշխարհի ու յատկապէս Մերձաւոր Արեւելքի խաղաղութեան համար` հայցելով, որ Տէրը շուտափոյթ խաղաղաղութիւն եւ անխռով կեանք պարգեւի Սիրիայի ժողովրդին»:








All the contents on this site are copyrighted ©.