Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհի.
Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի խօսքը՝ Հայաստան-Սփիւռք, 5-րդ համաժողովի մասնակիցներին։
Յոյժ սիրելի հոգևոր հայրեր և յարգարժան մասնակիցներ, մեր եռօրեայ համագումարի վերջին
նիստում ուրախ եմ և պատիւ ունեմ արձանագրելու, որ սերմն այն գաղափարի, որը մենք յղացանք՝
ճշմարիտ համագործակցութիւն և ընդհուպ միասնութիւն ոգու, հայեացքների, կամքի, գործողութիւնների,
Հայ Եկեղեցում այսօր մեր համատեղ և միահամուռ աշխատանքի շնորհիւ հնարաւորութիւնն ունի
աճելու և զարգանալու: Ի հեճուկս տարաբնոյթ մարդկային զանազան խոցերի և ցաւալի իրականութիւնների,
մենք՝ Հայ Եկեղեցին ներկայացնող զանազան համայնքներս, կարողացանք մէկ սեղանի շուրջ քննարկել
Հայ Եկեղեցու և հայի առջև ծառացած խնդիրները՝ փորձելով դրանց լուծումները գտնել միասնաբար:
Եւ գործի միասնութիւնը աշխատանքի մէջ է: Սիրելիներ, թող Ամենաբարին Աստուած իր պահապան
աջով միշտ հովանի լինի մեզ, այսօր մենք մեծ մարտահրաւէրներ ունենք, և, այո՛, նոյն քամին
մեկին նաւահանգիստ է հասցնում, միւսին խորտակում: Այս ալեկոծ կեանքում մեր նաւը մեր Սուրբ
Հայ Եկեղեցին է, որ պահում և պաշտպանում է ամեն համայնքի ինքնութիւնը, իսկ մեր նաւահանգիստը
Քրիստոսն է, ուստի, սիրելինե՛ր, նախ մեր աշխատանքով և գործունէութեամբ շարունակենք ամրացնել
և տարածել այս միասնականութիւնը: Կրկին խորին շնորհակալութիւնս եմ յայտնում հայոց հայրապետներին՝
իրենց գորովալից աջակցութեան համար: Շնորհակալութիւն բոլորիդ անխտիր, որ չխնայեցիք
ձեր ժամանակը, ուժը և, նուիրուելով այս համագումարի աշխատանքներին, զօրավիգ եղաք կեանքի
կոչմանը: Մեր համատեղ աշխատանքի պտուղների սերմը մեզնից իւրաքանչիւրն է, որ, վերադառնալով,
մտնելու և քարոզելու է՝ վկայելով քրիստոնեայ հայ ազգի՝ թէ հոգևորականի և թէ համօրէն հաւատացեալ
մարդու, միասնականութիւնը: Մեր սրբոց նահատակաց սուրբ արեան կանչով մենք մեր ներդրումն
ենք բերելու հայ դատի արդար լուծմանը: Մաղթանքս և աղերսս է առ Բարձրեալն Ամենազօր, որ
պահի և պաշտպանի ձեզ և համօրէն ազգս հայոց: Եւ վերջում խօսքս կնքում եմ գոհաբանական
աղօթքով.Փա՛ռք Քեզ Աստուած, փա՛ռք Քեզ յաղագս ամենայնի, փա՛ռք Քեզ: