2014-05-09 09:48:17

Պաշտօնական ճաշկերոյթ ի պատիւ Հայոց Հայրապետի եւ այց Վատիկանում ՀՀ դեսպանատուն


Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Վատիկան այցի ընթացքում, մայիսի 7-ին, ի պատիւ Ամենայն Հայոց Հայրապետի, հիւրընկալութեամբ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանի տրուեց պաշտօնական ճաշկերոյթ:
Ճաշկերոյթին մասնակցում էին Հայ Եկեղեցու պատուիրակութեան անդամները, Արեւելեան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ Կարդինալ Լէոնարդոյ Սանդրին, Կաթոլիկ կրթութեան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Զէնոն Գրոխոլեւսկին, Իրաւական տեքստերի պապական խորհրդի նախագահ Կարդինալ Ֆրանչեսկոյ Կոկոպալմիերոն, ինչպէս նաեւ Վատիկանում հաւատարմագրուած դեսպաններ:
Ճաշկերոյթը սկսուեց Վեհափառ Հայրապետի աղօթքով, ապա ներկաներին ողջունեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը: Իր խօսքում տիար Միքայէլ Մինասեանը անդրադարձաւ Վեհափառ Հայրապետի այցի կարեւորութեանը` նշելով. «Քրիստոնեաների` մասնաւորապէս, Միջին Արեւելքում գտնուողների համար այս ծանր պահին, նման միջեկեղեցական բարեկամական դրսեւորումները կարեւոր ուղերձ են համայն աշխարհին: Հայ Եկեղեցին հայ համայնքի հետ մէկտեղ սփռուած է ամբողջ աշխարհով, որի աշխարհագրութիւնն արտայայտուած է այս երեկոյ ներկայ դեսպանների միջոցով, որոնց եւ յայտնում եմ խորին յարգանքիս հաւաստիքը»:
Ջերմ ընդունելութեան աւարտին հիւրերին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախութիւն արտայայտելով հանդիպման առիթով` Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց ՀՀ դեսպան Միքայէլ Մինասեանին միջոցառումը նախաձեռնելու, ինչպէս նաեւ` Հայաստանի Հանրապետութեան եւ Վատիկանի, Հայ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ սերտ յարաբերութիւնների ու բարեկամութեան ամրապնդման գործում ունեցած աւանդի համար:
Այնուհետեւ Նորին Սրբութիւնն անդրադարձաւ պատմական տարբեր հանգամանքների եւ յատկապէս 20-րդ դարասկզբին Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի աշխարհասփիւռ դառնալու հանգամանքին` նշելով, որ աշխարհի տարբեր ծագերում գոյութիւն ունեցող հայ համայնքներն այսօր բարեկամութեան կամուրջ են երկրների ու ժողովուրդների միջեւ: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ոչ միայն կարեւոր է հայերիս արդար իրաւունքների վերականգնման, այլեւ նախապայման է տարածաշրջանի մշտամնայ խաղաղութեան եւ մարդկութեան դէմ ոճրագործութիւնների կանխարգելման համար: 100-ամեայ տարելիցը հրաւէր է ազգերին եւ պետութիւններին` դատապարտելու Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս եւ` զօրացնելու ընդհանուր ջանքերը` յանուն աշխարհում արդարութեան եւ խաղաղութեան հաստատման», - ընդգծեց Նորին Սրբութիւնը` ի դէմս ներկաների երախտագիտութիւն յայտնելով այն երկներին, միջազգային կառոյցներին եւ քոյր Եկեղեցիներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը:
Խօսելով մարդկութեան կեանքը յուզող տարբեր խնդիրների եւ մարտահրաւէրների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց դեսպաններին առաւել զարգացնել եւ ամրապնդել միջպետական յարաբերութիւնները, ժողովուրդների միջեւ եղբայրական սէրն ու գործակցութիւնը, ազգամիջեան համերաշխութիւնն ու բարի փոխյարաբերութիւնները:
Մայիսի 8-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատուիրակութեան ուղեկցութեամբ այցելեց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն, հայրապետական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց դեսպանատան պաշտօնէութեանը:








All the contents on this site are copyrighted ©.