Ապրիլի 13-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսաւորութեամբ տօնախմբեց
Ծաղկազարդը, որը Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ
առաջ հռչակուել է որպէս մանուկների օրհնութեան օր: Առաւօտեան ժամերգութեան աւարտին,
հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար
«Որ Վերօրհնիս» շարականի երգեցողութիւնից եւ օրուայ խորհրդին հարազատ աւետարանական հատուածների
ընթերցումից յետոյ կատարուեց Անդաստանի արարողութիւն ու մանուկների օրհնութեան կարգ: Ամենայն
Հայոց Կաթողիկոսը, իր օրհնութիւնը բերելով ներկայ մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն
ու մաղթեց, որ Ամենակալ Աստուած Իր հովանու ներքոյ պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին`
պարգեւելով խաղաղ ու անվրդով կեանք: «Թո՛ղ որ Աստծոյ օրհնութեամբ հասակ առնէք, արժանաւոր
զաւակները լինէք ձեր ընտանիքների, մեր հաւատաւոր ժողովրդի, շէնացնէք մեր Մայր Հայրենիքը`
փառք ու պատիւ յաւելելով նախնեաց աւանդութեանը եւ գովարժան վարքով ծառայէք ազգիս հայոց»,
- ասաց Նորին Սրբութիւնը: «Պահպանիչ» աղօթքից յետոյ Վեհափառ Հայրապետը փոքրիկներին տօնի
առիթով խաչեր նուիրեց, ապա օրհնուած ճիւղերը բաժանուեցին ներկայ գտնուող հաւատացեալներին:
Այնուհետեւ Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր
Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից
կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տօնի հոգեւոր պատգամը: Մայր Տաճարում հաւաքուած
մանուկներին համեմատելով Երուսաղէմում Յիսուսին փառաբանողների հետ` Սրբազանը նշեց` այսօր
Երուսաղէմի օրինակով Սուրբ Էջմիածինը նոյնպէս դղրդաց այս մանուկների ուրախութիւնից: Իսկ
հաւարտ Ս. Պատարագին, դարձեալ կատարուեց մանուկների օրհնութեան արարողութիւն, որի ժամանակ
բոլոր երեխաներին հրաւիրեցին Մայր Տաճարի ատեան, ուր անձամբ Ամենայն Հայոց Հայրապետն
իր օրհնութիւնը բաշխեց նրանց: