2014-03-01 10:19:59

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի նորանշանակ դեսպանին։


Փետրուարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Ողջունելով դեսպանին` Նորին Սրբութիւնն ուրախութիւն յայտնեց Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առկայ սերտ փոխգործակցութեան համար: Այնուհետեւ անդրադարձ կատարուեց Մայր Աթոռի եւ Վատիկանի ջերմ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ Իտալիայի դեսպանատան հետ Մայր Աթոռի արդիւնաւէտ համագործակցութեանը:
Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ փաստեց, որ այդ սերտ կապերի շնորհիւ Հայ Եկեղեցու մի շարք հոգեւորականներ իրենց ուսումն են շարունակել Արեւմուտքի, այդ թւում նաեւ Հռոմի աստուածաբանական բարձրագոյն հաստատութիւններում:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ երիտասարդ սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում Եկեղեցու կարեւոր դերակատարութեան մասին:
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանում իր առաքելութեան մէջ արդիւնաւոր գործունէութիւն մաղթեց դեսպանին:








All the contents on this site are copyrighted ©.