2013-10-30 10:14:55

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մասնակցի
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին


Հոկտեմբերի 28-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնեց Հարաւային Կ'որէայ` մասնակցելու հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորեայի Բուսան քաղաքում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին:
Հայրապետական շքախմբի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան պատուիրակութեան կազմում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը (ԱՄՆ Արեւելեան թեմ), Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հիմնադրոյթների գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Աւստրալիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանը, Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքի միաբան Տ. Բագրատ վարդապետ Պուրճեկեանը, Վեհափառ Հայրապետի գաւազանակիր Տ. Աղան աբեղայ Երնջակեանը, Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիէլ Չեմպերճեանը, Հայաստանեան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրէն դոկտ. Կարէն Նազարեանը, Մայր Աթոռի Համացանցային ծառայութիւնների գրասենեակի տնօրէն Փոլայ Տէր-Մաթոյեանը, Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի աշխատակից Գոհար Ղալաչեանը, Լոզանի համալսարանի դոկտորանտ Անի Ղազարեանը:
«Կեանքի Աստուած, առաջնորդիբր մեզ դէպի խաղաղութիւն եւ արդարութիւն» խորագիրը կրող համաժողովի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի կ'ունենայ Բուսանի ցուցահանդէսների սրահում, որտեղ համաժողովի 4000 մասնակիցներին իր պատգամը կը հղի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Համաժողովին մասնակցելու են 150 երկրների շուրջ 360 Եկեղեցիների ներկայացուցիչներ, եկեղեցու պետեր, բարձրաստիճան պաշտօնեաներ, հասարակական գործիչներ: Համաժողովի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն առանձին հանդիպումներ կ'ունենայ տարբեր Եկեղեցիների առաջնորդների եւ ԵՀԽ պաշտօնեաների հետ:
ՀԱԷ պաւիրակների մեծ մասը ներգրաւուած է համաժողովի տարբեր աշխատանքային խմբերում եւ ԵՀԽ կոմիտէներում: Որպէս երիտասարդ մասնակիցներ` համագումարի աշխատանքներին իրենց օգտակարութիւնն են բերելու Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի աշխատակից Տաթեւիկ Յակոբեանը եւ ԵՊՀ աստուածաբանութեան ֆակուլտետի ուսանող Սարգիս Մելքոնեանը:







All the contents on this site are copyrighted ©.