2013-09-28 08:21:38

«Կոմիտաս Վարդապետ» Փառատօնին Կը Մասնակցեն Շուրջ 150 Երգչախմբեր


«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատօնը մեկնարկում է այսօր՝ Կոմիտասի ծննդեան օրը՝ սեպտեմբերի 26-ին, եւ կը տեւի մինչեւ հոկտեմբերի 3-ը: Փառատօնի շրջագծում նախատեսւում է Կոմիտասի կեանքին եւ գործունէութեանը նւիրւած նկարազարդ գրքի եւ ձայնասկաւառակի շնորհանդէս, հեռուստաֆիլմի ցուցադրութիւն, կոմիտասեան ստեղծագործութիւնների կատարումներ: Միջոցառումները տեղի կունենան՝ Երեւանում, Գիւմրիում, Վանաձորում, Էջմիածնում: Այս մասին յայտնել են ՀՀ Սփիւռքի նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
Փառատօնը նպատակ ունի նորովի արժեւորել բազմաշնորհ հանճարի՝ երաժշտագէտի, բանահաւաքի, երգչի, խմբավարի, մանկավարժի ու բանաստեղծի, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցը հիմնադրողի անցած ուղին, նոր լոյսի ներքոյ ներկայացնել Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած արւեստագէտի կերպարը:
Փառատօնի աշխատանքները համակարգելու նպատակով՝ ստեղծւել է գեղարւեստական խորհուրդ, որի անդամներն են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ՝ Տիգրան Մանսուրեանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Յովհաննէս Չեքիջեանը, ՀՀ վաստակաւոր արտիստ Սարգիս Նաջարեանը, փառատօնի ղեկավար Սամուէլ Յարոյեանը եւ ոլորտի այլ մասնագէտներ:
Փառատօնին կը մասնակցեն շուրջ 150 երգչախմբեր, սփիւռքահայ եւ այլազգի կատարողներ՝ աշխարհի 11 երկրներից:







All the contents on this site are copyrighted ©.