2013-04-25 13:06:57

Պապական Նուիրակը այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը ։


Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում . Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նուիրակ Նորին Սրբազնութիւն Մարեկ արքեպիսկոպոս Սօլչինսկուն:
Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալութիւն է յայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրութեան առիթով յղուած շնորհաւորական գրութեան, ինչպէս նաեւ գահակալութեան արարողութեանն անձնապէս ներկայ գտնուելու համար: «Առանձնակի ուրախութիւն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելութեան գահակալութեանը…: Ակնկալում ենք շարունակել զօրացնել այն բարեկամութիւնը, որ մենք մի քանի տարի արդէն վայելել ենք», - ասուած է Ֆրացիսկոս պապի նամակում:
Իր խօսքում շնորհակալութիւն յայտնելով ջերմ գրութեան համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերյիշեց իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ինչպէս Արգենտինայում նրա առաջնորդութեան շրջանում, այնպէս եւ Վատիկանում: Նորին Սրբութիւնը պապական նուիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջոյնները եւ արդիւնաշատ գահակալութեան բարեմաղթանքները:
Զրոյցի ընթացքում նաեւ անդրադարձ կատարուեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ջերմ յարաբերութիւններին, մասնաւորապէս Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւաւորուած սերտ համագործակցութեանը:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը:








All the contents on this site are copyrighted ©.