2013-04-25 11:51:37

ՀՀ Նախագահի Հայոց Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակի Օրուան Յղած Ուղերձը


“Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների յիշատակի առջեւ: Նահատակներ, որոնց մեծ մասը նոյնիսկ շիրիմ չունեցաւ:
Տարածաշրջանի բնիկ եւ հնագոյն ժողովուրդներից մէկը բնաջնջուեց իր տանը եւ բռնագաղթի ճանապարհին:
Տարածաշրջանի բնիկ եւ հնագոյն ժողովուրդներից մէկը 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան հետեւանքով կորցրեց հազարամեակների ընթացքում կուտակած հոգեւոր-մշակութային արժէքներ, որոնք, լինելով ազգային` հայկական, որպէս արուեստի ստեղծագործութիւններ եւ քաղաքակրթական նուաճումներ` ունէին նաեւ համաշխարհային նշանակութիւն:
Տարածաշրջանի բնիկ եւ հնագոյն ժողովուրդներից մէկը ցեղասպանութեան հետեւանքով կորցրեց հազարամեակների ընթացքում կուտակած նիւթական արժէքներ, որոնք իւրացուեցին թուրքական պետութեան եւ նրա բնակչութեան կողմից:
Տարածաշրջանի բնիկ եւ հնագոյն ժողովուրդներից մէկը ցեղասպանութեան հետեւանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարաւորութիւնը եւ իրաւունքը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր պարտքն է գիտակցել, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել այն փաստի վրայ, որ ցեղասպանութեան ժխտումը նոյն յանցագործութեան ուղղակի շարունակութիւնն է, եւ այդ յանցագործութիւնը ժամանակակից Թուրքիայում շարունակւում է:
Ոմանք մեզ առաջարկում են “100 տարի առաջուայ հին վէրքերը չփորփրել, այլ նայել առաջ”: Մեր պատասխանը նման յորդորներին հետեւեալն է` Օրհան Փամուկին եւ Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թէ՛ թուրքական, թէ՛ հայ հասարակութիւնների համար այս խնդիրն արդիական է եւ հրատապ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Իւրաքանչիւր ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը` հաւատարիմ լինել հայոց պետականութեանը, որի գոյութիւնն արդէն բացառում է եւ բացառելու է հայերի ցեղասպանութեան կրկնութիւնը: Եւ մենք` որպէս պետութիւն ու որպէս ժողովուրդ, պայքարել եւ պայքարելու ենք աշխարհի որեւէ անկիւնում մարդկութեան դէմ ուղղուած ամենադաժան յանցագործութեան` ցեղասպանութեան բոլոր դրսեւորումների դէմ` ազգատեացութեան սերմանումից մինչեւ բնաջնջում, անտարբեր լռութիւնից մինչեւ ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կ’արգավիճակը”։









All the contents on this site are copyrighted ©.