2012-10-12 15:00:17

՜՜Հայերն Այսօր՝՝ Թերթի Թղթակից Լուսինէ Աբրահամեանի Հարցազրոյցը Ռատիովատիկանի Հայկական Բաժնի Խմբագիր Սոնա Նիւրփէթլեանի Հետ։


Լրագրողներու Զ Համահայկական Ժողովի ընթացքին...

Պետք է դաստիարակենք սերունդ, որը խելքով և գրչով կպաշտպանի իր դատը և հայապահպանումը
«Ռադիովատիկանի» խմբագիր և խոսնակ, «Խաղաղության ձայնի» հայկական բաժնի և «Ախթամար օն լայն» պարբերաթերթի աշխատակից Սոնա Նիւրփէթլեանը Լրագրողների 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման խնդիրներին, այլև խոսեց հայապահպանման պարտականության մասին։

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը
Սոնա Նիւրփէթլեանի հետ ։
-Լրագրողների համաժողովին առաջի՞ն անգամ եք մասնակցում։

-Անցյալ տարի մասնակցել եմ Հայաստան-Սփյուռք համաժողովին, իսկ լրագրողների համաժողովին առաջին անգամ եմ մասնակցում։
Պետք է նշեմ, որ համաժողովը շատ լավ էր կազմակերպված, և ինչպես ես կսպասեի, առիթ եղավ, որ ամբողջ աշխարհի հայ լրագրողները և հայության խոսքը ներկայացնող անձերը գտնվեն Հայաստանում և զրուցեն մեզ համար շատ կարևոր հարցի՝ Ցեղասպանության մասին։

-Ձեր զեկուցումն ինչի՞ մասին էր։

-Իմ զեկույցն արծարծում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ներկայացվող մեր պահանջները, ինչպես նաև պարտականությունը հայապահպանության հարցում, ինչը նույնպես շատ կարևոր է։

- Որո՞նք են մեր պահանջներն ու պարտականությունները։

-Որպեսզի մեր նահատակները, ովքեր ենթարկվեցին Ցեղասպանության, հավիտենական հանգիստ ունենան, պետք է արդեն ճանաչվի նրանց արդար դատը։
Իսկ հայապահպանման համար պետք է շարունակել սիրել և նոր սերնդին սիրել տալ հայոց լեզուն։ Հայապահպանություն ասելով չպետք է նկատի ունենանք պատրաստել սերունդ, որը, ինչպես ասում են, «տաք» գլուխ լինի։ Պետք է դաստիարակենք սերունդ, որը խելքով և գրչով կպաշտպանի իր դատը և հայապահպանումը՝ առանց կռիվների, դրոշակներ այրելու, առանց բռնության։

Հայապահպանությունը շատ կարևոր է հատկապես Սփյուռքում, օրինակ՝ Իտալիայում մենք շատ բարի, գեղեցիկ ժողովուրդ ունենք, բայց շատ շուտով կենթարկվեն ձուլման։

-Մի երկրում, որտեղ մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք և հպարտանալու շատ առիթներ։

-Այո՛, բայց անգամ այդ վիճակում շատ դյուրին է ձուլումը։ Այդ պատճառով պետք է շատ լավ աշխատենք, որ կարողանանք մնալ հայ, սիրել տանք երիտասարդներին հայոց լեզուն, մշակույթը։

Օրինակ՝ Հռոմում մոտ 350 հայ ընտանիք է ապրում։ Ունենք համայնքային խորհուրդ, որը մշակութային, ազգային ձեռնարկներ է պատրաստում։
Ունենք փոքրիկ մշակութային կենտրոն, որտեղ գործում են տարբեր հանձնախմբեր՝ տիկնանց, երիտասարդների, ունենք փոքրիկ գրադարան։ Կամաց-կամաց կազմակերպվում ենք։

Ընտանիքների մեծամասնությունը հայախոս են, և ջանում ենք, որ նոր սերունդը ևս պահի լեզուն, թեև հայկական դպրոց չկա։
Հանձնախմբերը, հայկական համայնքի խորհուրդը ջանում է ամեն տեսակ դյուրություններ ստեղծել, որպեսզի երիտասարդները հայկականությունը չկորցնեն, մոտ լինեն իրենց արմատին։

Նաև հպարտությամբ կարող ենք ասել, որ այսօր հայոց պատմությամբ հետաքրքրվող շատ իտալացի երիտասարդներ կան, ովքեր իրենց ավարտաճառը ցանկանում են պատրաստել հայության մասին թեմաներով։ Իսկ ավարտաճառը պատրաստելու համար նաև հայերեն են սովորում։

Այսօր մեզ արդեն բավականաչափ ճանաչում են։ Իսկ նախկինում, երբ Արմենիա էինք ասում, Ռումինիա էին հասկանում, շփոթում էին։


Զրուցեց Լուսինե Աբրահամյանը










All the contents on this site are copyrighted ©.