2012-10-09 15:23:48

Հայաստանի սփիւռքի նախարարի շնորհաւորական խօսքը Սփիւռքի Հայկական դպրոցներու ուսուցիչներուն
Երեւան


Ջերմորեն շնորհավորում եմ սփյուռքի մեր հայկական կրթօջախների բոլոր մանկավարժներին` հայ ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ:
Այս օրերին Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նշում են Ուսուցչի օրը, և ես ուզում եմ շնորհակալական խոսք ասել ձեզ, սփյուռքի հայկական դպրոցների սիրելի՛ ուսուցիչներ և տնօրեններ:
Ձեզ, որ այդքան սեր, ջերմություն եք ներդնում` ստեղծելով հայ շունչն ու ոգին սերմանող դպրոցներ, որպեսզի կարողանաք օտար երկրում հայ երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն և հայոց պատմությունը՝ դպրոցը դարձնելով հայ երեխայի փոքրիկ հայրենիքը: Շնորհիվ հայ դպրոցի է հիմնականում հայը հայ մնացել հայրենիքից դուրս, իր հոգում և սրտում վառ պահել Մայր հայրենիքի նկատմամբ սերն ու համակրանքը: Հայկական դպրոցներում հայոց լեզվի, մշակույթի ու պատմության դասընթացների կազմակերպումը ձեր բոլորի համատեղ նվիրական աշխատանքի, հայրենասիրական, հայապահպանական արդյունավետ գործունեության արդյունքն է: Ձեր նվիրական գործի արդյունքն է այն, որ հայ երեխան սեփական անձի մեջ տեսնում է պատկանելությունն իր ազգին: Ձեր ջանքերի, ինքնազոհողության առհավատչյան է այն, որ հաղորդվում և սերնդեսերունդ փոխանցվում են հային բնորոշ ազգային հպարտության զգացումը, գեղեցիկը, բարին ու արդարությունը խորությամբ ընկալելու, ազնիվ ու արժանավայել գործերով ինքնություն հաստատելու հատկանիշները, վերջապես՝ հայի որակները:
Օտար երկրներում դպրոցների՝ որպես ազգաշեն կառույցների գործունեությունը հպարտության զգացում է առաջացնում մեզանից յուրաքանչյուրի մոտ, հույս պարգևում, հավատ ներշնչում: Ձեր՝ հայ մանկավարժներիդ, նվիրական հայրենասիրական գործունեությունն, անշուշտ, նպաստում է հայ երեխաների ազգային ինքնության գիտակցության բարձրացմանը, նրանց հոգիներում հայկականություն սերմանմանը:
Հայ դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի հարգարժան պատասխանատուներ, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը և ամենամեծ խոնարհումը փոխանցել Ձեզ, որ կարողացել եք օտար հողում հայապահպան մեծ ծրագրեր, «Հայ դպրոց» ծրագիրն իրողություն դարձնել: Հիրավի, երիցս բարդ է Հայրենիքից հեռու հայեցի կրթության և դաստիարակության մեծագույն առաքելությունն իրականացնելու Ձեզ վստահված գործը: Ձեր` հայ մանկան հայեցի լեզվամտածողության ձևավորման նպատակամետ գործունեությունն անվերապահորեն և ամենամեծ դրվատանքների է արժանի: Փառք ու պատիվ ձեզ, ձեր մարդակերտումի և հայակերտումի մեծ գործին:
Սփյուռքի մեր սիրելի՛ ուսուցիչներ,
Հայաստանի Հանրապետությունը հայրենիքն ու պատվարն է համայն հայության, համոզվա՛ծ եղեք՝ հայրենի իշխանություններն անում են հնարավորը` սփյուռքի հայ դպրոցի խնդիրներին աջակցելու համար: Այսօր առավել ևս անհրաժեշտ է Ձեր կամքը, տոկունությունը, երբեք չխաթարվող հավատը վաղվա օրվա հանդեպ, քանզի ձեզնով, ու ձեր կրթած ու դաստիարակած աշակերտներով է հյուսվում հայի ու Հայաստանի ապագան:
Հայաստանի զորությունը Սփյուռքի զորությունն է, Հայաստանն ուժեղ է ուժեղ Սփյուռքով:
Բարին ընդ Ձեզ, սիրելի ուսուցիչներ:








All the contents on this site are copyrighted ©.